Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը առանձին շարքով շարունակում է ներկայացնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունները:
Հերթական շարքը նշյալ գրասենյակի կողմից հրատարակված «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում» հետազոտությունն է, որը «ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» շարքի 2-րդ ուսումնասիրությունն է:
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան ՀՀ նոր Հարկային օրենսգրքի հիմնական դրույթները, ըստ որոնց, մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկը վերանայվեց, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, դիզելային վառելիքի, բենզինի, սեղմված գազի և այլն: Բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի դեպքում ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը հանգեցրեց գնաճի, ինչը զգալի չէր ալկոհոլային խմիչքների և ծխախոտի առավել մրցակցային շուկաներում:
Հայաստանի տնտեսության և ազգաբնակչության համար առավել զգայուն է դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների աճը, քանի որ այս ապրանքները ոչ միայն սպառողական, այլև տնտեսական նշանակություն ունեն: Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների կտրուկ աճը ուղղակիորեն ազդում է մեր երկրի տարածքում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքների վրա: Մասնավորապես՝ դիզելային վառելիքի և սեղմված գազի գների ազդեցությունը մեծ է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտների վրա:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտության գրասենյակն այս վերլուծությամբ հետապնդել է հետևյալ խնդիրները.
1. պարզել արդյո՞ք համաչափ է տեղի ունեցել ակցիզային հարկի և ԱԱՀ-ի վերանայումը բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի գնագոյացման դեպքում,
2. բացահայտել վառելիքային շուկայի առկա վիճակը և խորքային հիմնախնդիրները,
3. առաջադրել այդ հիմնախնդիրների լուծման ուղիները:
1. ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՍԵՂՄՎԱԾ ԳԱԶԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՎՐԱ
1.1 2018 թվականի հունվար 1-ից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը բարձրացել է 1 տոննայի հաշվով 15 000 ՀՀ դրամով: Եթե մինչև 01.01.18 թվականը 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 000 դրամ, ապա ներկայումս այն կազմում է 40 000 դրամ: Բացի այդ, մինչ 2018 թվականը մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 000 ՀՀ դրամ, իսկ այժմ՝ 135 000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ տեղի ունեցավ գների աճ շուրջ 20 ՀՀ դրամի չափով՝ աղյուսակ 1-ի հաշվարկների համաձայն: Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը համաչափ է ազդել բենզինի մանրածախ գնի գնագոյացման վրա, որը որևէ կերպ չի արդարացնում այս շուկայում տարիներ շարունակ իրականացվող միասնական գնային քաղաքականությունը:
1.2 2016 թվականի մայիսի 1-ից սեղված գազը հանդիսանում է ենթակցիզային ապրանքատեսակ, 1000 խմ.-ի համար սահմանված էր 8330 ՀՀ դրամ: Այս տարվա հունվարի 1-ից այն կազմում է 25000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ տեղի ունեցավ գների աճ, շուրջ 20 ՀՀ դրամի չափով՝ Աղյուսակ 1-ի հաշվարկների համաձայն: Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը համաչափ է ազդել սեղմված գազի գնի գնագոյացման վրա, որը որևէ կերպ չի արդարացնում Երևանի ԱԳԼՃԿ-ների կողմից միասնական գնային քաղաքականությունը:
1.3 Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (Ուժի մեջ է եղել մինչև 01.01.2018թ.)՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված էր մաքսային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 ՀՀ դրամ:
01.01.2018 թվականից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված է 13 000 ՀՀ դրամ, սակայն նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ներմուծված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչուր տոննայի հաշվով 22 000 ՀՀ դրամի չափով է: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ից: ՀՀ նոր Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածը կարգավորում է ԱԱՀ-ից ազատված գործարքները և գործառնությունները, ըստ որի՝ այս տարվա հունվարի 1-ից դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ենթակա են ԱԱՀ-ով հարկման: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի 08.01.2018 թվականի համառոտ հաղորդագրության շրջանակում հնարավոր չէր անդրադառնալ ԱԱՀ հաշվարկման և հաշվանցման օրենսդրության բոլոր ասպեկտներին, քանի որ առաջնային խնդիր էր հստակեցնել դիզելային վառելիքի մանրածախ գնի ձևավորման մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով ԱԱՀ հաշվանցման առկա հնարավորությունը: Եվ այսպես՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ի 12.01.2018 թվականին ներկայացրած պարզաբանման համաձայն՝ դիզելային վառելիքի մանրածախ գնի ներկայիս հաշվարկը իրականացվել է հետևյալ մեթոդաբանությամբ՝ նախկին գինը կազմում էր 380-390 ՀՀ դրամ, որից 18 ՀՀ դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն այն կազմում է մոտ 372 ՀՀ դրամ (390-18), ապա ձևավորված նոր գնին նաև պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20 %-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 ՀՀ դրամ (372+20 %): Այսինքն՝ ստացվում է, որ անուղղակի հարկերը ավելացել են ոչ թե 60 ՀՀ դրամով, ինչպես նախկինում պնդում էր ՀՀ ՏՄՊՊՀ-ն, այլ 68 ՀՀ դրամով (440-372), իսկ եթե նախորդ տարվա դիզելային վառելիքի գինը վերցնենք 380 ՀՀ դրամ, ինչպես դարձյալ պնդում է ՏՄՊՊՀ-ն, ապա ավելացումը կկազմի 78 ՀՀ դրամ կամ շուրջ 10 ՀՀ դրամով ավելի շատ է թանկացել դիզելային վառելիքը: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ պարոն Վ.Միրումյանի 15.01.2018 թվականին տրված պարզաբանման համաձայն՝ դիզելային վառելիքի մեկ լիտրը, մինչև թանկանալը, 380 ՀՀ դրամ էր, որի մեջ ակցիզային հարկը 29.3 ՀՀ դրամ էր (Տե՛ս Աղյուսակ 1.): Այսինքն՝ ինքնարժեքին + շահույթ + ակցիզային հարկ հավասար էր վաճառ քի գին` 380 ՀՀ դրամ: Ինքնարժեք + շահույթ = 380 - 29.3 կամ 350.7 ՀՀ դրամ: Այժմ ակցիզային հարկը, մեկ լիտրի համար, կազմում է 10.9 ՀՀ դրամ: Այսինքն ինքնարժեքին + շահույթ + ակցիզային հարկ հավասար է 350.7 + 10.9 = 361.6 ՀՀ դրամ: Սրան, որ գումարենք 20 % ԱԱՀ կկազմի`361.6 x 1.2 = 433, 9 ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ ներկայումս դիզելային վառելիքը մանրածախ շուկայում վաճառվում է 440-450 ՀՀ դրամով: Բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն իր մեթոդաբանության մեջ հաշվի չի առել 2018 հունվարի 1-ից հետո ՀՀ ներմուծվող դիզելային վառելիքի, ինչպես նաև դիզելային վառելիքի իրացման համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների (օրինակ՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտային ծառայությունների, սարքավորումների և այլնի) գնի մեջ ներառված ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը (համամասնությամբ): Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ ամբողջ ԱԱՀ-ի բարձրացման բեռը դրվում է սպառողների ուսերին, իսկ այլ հավասար պայմաններում դիզելային վառելքի վաճառքից ստացված շահույթը ավելացնում է, քանի որ եթե նախկինում նույն տնտեսավարողը ԱԱՀ-ն ծախսագրում էր, ապա ներկայումս նա կարող է հաշվանցել: Գտնում ենք նաև, որ հանրային վստահությունը էականորեն կավելանար, երբ ներկայացվեր դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի մանրածախ գների ձևավորման ամբողջական հաշվարկը (օրինակ՝ տոկոսներով), այդ թվում՝ մաքսային արժեքը, շահութաբերության մակարդակը և այլն:
Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ազդությունը դիզելային վառելիքի մանրածախ գնի վրա հստակ չէ, քանի որ հաշվարկներում պարզ չէ ԱԱՀ-ի հաշվանցման մեծությունը:
Աղյուսակ 1. Մինչև 01.01.2018թ. և հետո սեղմված գազի, բենզինի և դիզելային վառելիքի ակցիզային հարկի և ԱԱՀ հաշվարկները՝ արտահայտված ՀՀ դրամով