Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հոդվածը՝ տպագրված «Հորիզոն» շաբաթաթերթում։
«2020թ․ աղետալի պատերազմից անմիջապես հետո, առավելապես ադրբեջանական պարտադրմամբ, հայ-ադրբեջանական բանակցային օրակարգի առանցքային կետերից մեկը դարձավ երկու երկրների միջև սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) հարցը, ինչը սկսեց լայնորեն քննարկվել հայկական հասարակական-քաղաքական և փորձագիտական շրջանակներում։ 2021թ․ մայիսին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումից կարճ ժամանակ անց, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծվեց երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որի աշխատանքները, չնայած մի քանի հանդիպումներին, դեռևս հուսադրություն չեն ներշնչում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախ սահմանազատումը, ապա սահմանագծումը բարդ խնդիրների մի ամբողջ թնջուկ է, որն էլ ավելի է խճճվել ադրբեջանական զանազան քարտեզագիտական զեղծարարությունների, ռազմական ներխուժումների, աշխարհաքաղաքական մրցակցությունների, ինչպես նաև ԽՍՀՄ տարբեր տարիների քարտեզների փոփոխությունների, և 1920թ․ այս կողմ, ԽՍՀՄ տարբեր որոշումների հիման վրա հայկական պետության տարածքների փոքրացումների, անկլավների առաջացման և այլնի արդյունքում։
Այս թնջուկը թեկուզ թռուցիկ ընկալելու համար, անհրաժեշտ է նախ պատկերացում կազմել սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) էության վերաբերյալ, ապա գնահատելով հայ-ադրբեջանական հարաբերոթյունների ներկա վիճակը, հասկանալ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման մարտահրավերները։ Ուստի, նպատակ ունենք «Հորիզոնում» տպագրվող սույն հոդվածով, ինչպես նաև դրա երկրորդ մասով առարկայացնել պատկերացումները նախ սահմանազատման և սահմանագծման գործընթացի, դրա էության, միջազգային փորձի և ընդունված մոտեցումների վերաբերյալ, ապա արդեն քննարկման առարկա դարձնել հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման գործընթացի խնդիրներն ու ադրբեջանական կողմի շարունակական պահանջները, ինչի պարագայում Հայաստան-Ադրբեջան շուրջ 930 կմ երկարությամբ սահմանի տարբեր հատվածների վերաբերյալ առկա են վեճեր, իսկ ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել այդ սահմանից շուրջ 200 քառ․կմ այս կողմ։
Խնդրո առարկային վերաբերող միջազգային պրակտիկ գրականության մեջ, որը նաև շոշափում է տեսական հարցեր, արժեքավոր փաստաթուղթ է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) քարտուղարության անդրազգային սպառնալիքների վարչության սահմանային անվտանգության և կառավարման բաժնի կողմից 2017թ․ հրապարակված՝ «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում․ Մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցը (այսուհետ Ուղեցույց), որը կազմության ընթացքում մեծապես հաշվի է առնվել սահմանային խնդիրների կարգավորման բելառուսա-լեհական շուրջ տասնամյա փորձը: Ըստ այդմ սահմանված է, որ սահմանազատւմը (դելիմիտացիա) հարևան պետությունների միջև պետական սահմանի մասին պայմանագրի իրավական ձևակերպումն է, և գրաֆիկորեն գծագրված դիրքը տեղագրական քարտեզի վրա, ինչը պատշաճ կերպով սահմանված է դրա համապատասխան գրավոր նկարագրության մեջ։ Դրանից հետո քարտեզը և նկարագրությունը կարող են դառնալ պայմանագրի կամ դրա հավելվածի անբաժանելի մասը: Սահմանագծումը (դեմարկացիա) հարևան պետությունների կողմից գետնի վրա պետական սահմանի տեղորոշումն է, ներառյալ սահմանագծման փաստաթղթերի կազմումը, սահմանային տեղորոշումը, համապատասխան նշանների տեղադրումը։ Այսինքն սահմանազատումը սահմանների վերաբերյալ պատկերացման շուրջ քաղաքական համաձայնության գալն է, իսկ սահմանագծումը տեղում սահմանային նշանների, փշալարերի, դիտարկման աշտարակների և այլնի անցկացումը, ինչպես նաև սահմանագծման ընթացքում օբյեկտիվ խոչընդոտների հաղթահարումը, օրինակ, անբարենպաստ տեղանքների փոխադարձ շրջանցումը, սահմանի՝ գետերի հուներին զուգադիպման ժամանակ վերջինս որպես սահման ընդունումը և այլն, ինչին կանդրադառնանք ստորև։
Իբրև դելիմիտացիայի կամ սահմանազատման հիմք կարող են կիրառվել միջազգային և միջպետական համաձայնագրերը, դրանց արդյունքում կազմված քարտեզները, վերպետական կազմավորումների ադմինիստրատիվ սահմանները և այլն։
Պետությունների միջև սահմանների ճշգրտումը տարիներ, հաճախ նաև տասնամյակներ տևող գործընթաց է, անգամ միմյանց միջև դիվանագիտական և բարեկամական հարաբերությունների առկայության պայմաններում, ինչպես օրինակ Հայաստանի և Վրաստանի պարագան է, երբ հետանկախական այս ողջ ժամանակահատվածում, հայ-վրացական սահմանի միայն շուրջ 60 տոկոսի դեմարկացիան է ավարտվել, այդ էլ այն պարագայում, երբ դելիմիտացիայի համար երկու հարևան երկրները հիմք են ընդունել Անդրկովկասի Խորհրդայից Սոցիալիստական Հանրապետության 1929 և 1935թթ․ համապատասխան փաստաթղթերը, այսինքն, երբ սահմանազատման իրավաքաղաքական հենքի վերաբերյալ հակասություններ չկան։
Միայն ադմինիստրատիվ սահմաններով բաժանված պետությունները ավելի հաճախ են հանգում սահմանային խնդիրների, ինչպես օրինակ հետխորհրդային պետությունների պարագայում է, օրինակ Առաջավոր Ասիայում։ Նման խնդիրներ ունեն Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը։ Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը չեն կարողանում համաձայնության հասնել Ֆերգանայի հովտի վերաբերյալ։ Ռուսաստանն ինքը դեմարկացված սահմաններ չունի օրինակ Վրաստանի և Ճապոնիայի հետ։
Սահմանազատման միջազգային իրավական հիմքը։
ԵԱՀԿ Ուղեցույցը անդրադառնալով, սահմանազատման իրավական հիմքին հղում է կատարում միջազգային իրավունքի մի շարք կարևոր փաստաթղթերի, մասնավորապես վկայակոչվում է Պետությունների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ Մոնտեվիդիոյի 1933թ․ կոնվենցիան, որը պետության գոյության համար նախապայմաններ է սահմանում՝ մշտական տեղաբնիկ բնակչություն, սահմանված տարածք, ազգային կառավարություն և այլ պետությունների հետ քաղաքակիրթ հարաբերությունների մեջ գտնվելու կարողություն։ Պետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, վերաբերյալ նորմերն ու տարբերակիչ հատկանիշները պարբերաբար թարմացվել և կատարելագործվել են։ Խորհրդային Միության փլուզումից և Արևելյան Եվրոպայում քաղաքական փոփոխություններից հետո 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրոպական համայնքն ընդունեց «Արևելյան Եվրոպայում և Խորհրդային Միությունում նոր պետությունների ճանաչման ուղեցույցը»։ Համաձայն դրա պետությունները պարտավոր են ապահովել թվով վեց չափորոշիչներ, որոնցից են, հարգանքը ՄԱԿ-ի Կանոնադրության, ԵԱՀԿ 1975թ․ Հելսինկիի Եզրափակիչ ակտի և 1990թ․ Փարիզի խարտիայի դրույթների նկատմամբ։
Այդպիսով, սահմանների առկայությունը պետության գոյության նախապայմանային հանգամանքներից մեկն է, սակայն միջազգային կայունության և հակամարտությունների զսպման համար աշխարհակարգին անհրաժեշտ է, որ սահմանները լինեն փոխադարձաբար ճանաչված և պահպանված։ Այս գործընթացը, ինչպես վերը հիշատակվեց չափազանց բարդ ու խիստ բազմաշերտ է, որի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք ընդհանուր են և նույնական սահմանազատման և սահմանագծման ճանապարհով անցնող բազմաթիվ պետությունների համար։ Այդ խնդիրներին և դրանք կարգավորման ընթացակարգերին կանդրադառնանք ստորև։
Սահմանազատման աշխատանքում նախ և առաջ անհրաժեշտ է իրականացնել իրավական հիմքի (միջազգային կամ միջպետական համաձայնագրի, քարտեզի և այլն) փոխադարձ համաձայնություն, ապա անցկացնել ներպետական համապատասխան ընթացակարգեր՝ պետական հանձնաժողովի կազմում, միջազգային պրակտիկայի ուսումնասիրություն, տարբեր քարտեզների ուսումնասիրություններ, ինչպես նաև կատարել հողօգտագործման վիճակի, պատմական ժառանգության գնահատում, խնդրահարույց տարածքների շրջանցման փոխադարձ ընդունելի տարբերակների մշակում։ Պետք է իրականացնել նաև ընդհանուր պետության վրա դելիմիտացված սահմանի ազդեցության գնահատում, սահմանամերձ հատվածներում ինժեներական ենթակառուցվածքների և ժողովրդի կենսունակության արժևորում, կադաստրային տեղեկատվության հավաքագրում, սեփականության իրավունքի պաշտպանություն, պաշտամունքի հուշարձանների, հողօգտագործման տարածքների, արոտավայրերի, էներգետիկ, ջրային և սանիտարական ենթակառուցվածքների գործունեության հնարավորության ապահովում և այլն։ Այս կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան աշխատանք՝ համապատասխան քարտեզագիտական նյութի կիրառմամբ։
Մեթոդաբանական առանձին մոտեցումներ են կիրառվում, երբ սահմանագիծն անցնում է բնական այնպիսի աշխարհագրական պայմաններով, ինչպիսիք են լեռնային տեղանքը, գետը, լիճը, ծովը, ինչպես նաև այլ տարածքներ (դաշտ, անապատ, ճահիճ և այլն)։ Օրինակ, լեռնագագաթներով անցնող սահմանների սահմանազատման համար առաջարկվում է, օգտագործել «ջրբաժան մոտեցումը», եթե տեղում առկա են ջրային հոսքեր, կամ օգտագործել միջգագաթային գոգավորությունները։ Ինչ վերաբերում է գետով անցնող սահմաններին, ապա որպես կանոն, ինչպես վերը նշվեց, հիմնականում, եթե առկա է սահմանագծի և գետի համընկնում, ապա գետը համարվում է սահմանագիծ, այստեղ արդեն բանակցություններով կարգավորման հարցեր են հանդիսանում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գետում նավարկությունը (եթե այն նավարկելի է), կղզիների պատկանելությունը (եթե այդպիսինները կան)։ Մեկ այլ խնդիր է այն, երբ գետի հոսքը ենթարկվում է փոփոխությունների։ Այն պարագաներում, երբ սահմանագիծը գետն է, կողմերի միջև հաճախ կարող են ընդունվել սահմանի կոնկրետ այդ հատվածի իրավական ռեժիմի մասին համաձայնագրեր։ Օրինակ, նմանատիպ խնդիրներ են առկա հայ-վրացական սահմանի Դեբետավան գյուղի տարածքում, երբ սահմանագիծ համարվող Դեբետ գետը տարածվել է դեպի հայկական կողմ և իր հետ տարել գյուղի մշակովի հողից մի փոքր հատված։ Առանձին կարգավորումներ են գործում նաև ծովային և լճային սահմանների պարագայում, սակայն դրանց անդրադարձը նպատակահարմար չենք համարում, քանի որ հայ-ադրբեջանական հարաբերություններում, նման խնդիր դրված չէ։
Մեթոդաբանական այլ մոտեցումներ կարելի է կիրառել այն դեպքերում, երբ սահմանագիծն անցնում է մարդածին օբյեկտներով, ինչպիսիք են, օրինակ ճանապարհներն ու երկաթուղին, կամուրջներն ու այլ կառույցները, էլեկտրասնուցման գծերը, խողովակաշարերը, հողային ոռոգման ջրագծերը, պաշտամունքի օբյեկտները և այլն։
Սահմանազատման բանակցությունների նախապատրաստական փուլում անհրաժեշտ է գույքագրել բոլոր այն օբյեկտները, որոնք հատում են սահմանը, որպեսզի որոշվի դրանց պատկանելությունը և նշանակությունը ինչպես այն պետության համար որը դա կառուցել է, այնպես էլ հարևան պետության համար, ինչպես նաև անդրսահմանային նշանակության համար, բայց հատկապես տեղի բնակչության համար, այնպես, որ բնակչության կյանքում կենսական նշանակության բարդություններ չառաջանան։ Ավտոմայրուղիները և երկաթուղիները երկրի կենսական ենթակառուցվածքներ են՝ մարդկանց, ապրանքների և բեռների տեղափոխման համար: Դրանք հաճախ անցնում են սահմանային գծի երկայնքով, հաճախակի հատելով այն, իսկ որոշ առանձին հատվածներում՝ դրա հետ համընկնելով: Ամենապարզ դեպքն այն է, երբ ճանապարհը հատում է սահմանը և հեռանում նրանից։ Մնացած դեպքերում խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ՝ բնակեցված տարածքները մեկուսացված չթողնելու համար անհրաժեշտ է որոշել, թե որ ճանապարհն է ավելի կարևոր այս կամ այն պետության համար, որպեսզի բանակցությունների ընթացքում հնարավոր լինի պլանավորել ճանապարհահատվածների փոխանակում։ Դրանց վրայով անցնող սահմանային գիծը փոխանցելի են այս կամ այն կողմ՝ կախված նրանից, թե որ կողմն է գումար ծախսել ճանապարհի կառուցման վրա, և որ կողմի համար է այն ավելի կարևոր։ Միջազգային պրակտիկայում կիրառվող այս մոտեցումը, որևէ կերպ հաշվի չի առվել այն պարագայում, երբ Ադրբեջանին է հանձնվել Գորիս-Կապան հիմնական ճանապարհահատվածը, ինչի պարագայում մի շարք հայկական բնակավայրեր տևական ժամանակահատված զրկված էին կենսական ճանապարհից, իսկ Հայաստան-Իրան կապը էապես դժվարացել է այլընտրանքային Գորիս-Տաթև-Կապան ճանապարհով։
Վերոշարադրյալ աշխատանքներից հետո, արդեն գալիս է մասնագիտական և տեխնիկական աշխատանքի ժամանակը, ինչի անդրադարձը սույն հոդվածում նպատակահարմար չենք գտնում։
Խնդրահարույց հարցերի լուծման կարգը
Ինչ վերաբերում է խնդրահարույց հարցերի լուծման կարգին, ապա միջազգային պրակտիկայում կիրառվող հիմնական մոտեցումը միջազգային այնպիսի չեզոք կողմի ներգրավումն է, որի հանդեպ համատեղ վստահություն են տածում սահմանազատվող կողմերը։ Ինչ վերաբերում է սահմանի որոշակի հատվածներում առկա խնդիրներին, ապա այդպիսի տարածքները կարելի է որակել որպես «գորշ գոտիներ» և դրանց վերադառնալ սահմանազատման և սահմանագծման հիմնական գործընթացից հետո՝ բանակցային այլ փուլի միջոցով։
Սույն հոդվածում բերված մոտեցումները իհարկե կիրառելի են, երբ սահմանազատում և սահմանագծում իրականացնող կողմերը տրամադիր են խաղաղության և ունեն դրան հասնելու քաղաքական կամք և չեն հետապնդում կարճ ժամանակ անց հերթական ռազմական ագրեսիայի սանձազերծում և սահմանագծումը չեն պատրաստվում հարմարեցնել այդ ագրեսիայի նախապատրաստության համար, մի բան, ինչն ամբողջովին բացակայում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, երբ մաքսիմալիստական մոտեցումներով տրամադրված Ադրբեջանը ամեն ինչ անում է սահմանազատման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենսական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն պահպանելու, խոշոր բնակավայրերն անհրաժեշտության դեպքում կրակի տակ առնելու, ցանկացած պահի Հայաստանի որևէ հատվածի կյանքը կաթվածահար անելու, ջրային պաշարների և ջրահավաք ավազանների նկատմամբ վերահսկողություն ունենալու, Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայությունը պահպանելու և, անկլավների խնդիրն օգտագործելով, ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու համար։ Հոդվածի հաջորդ մասում արդեն կանդրադառնանք բուն հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին, հասկանալու ստեղծված իրավիճակն ու փորձելու վեր հանել ադրբեջանական կողմի իրական նպատակադրումները»։