Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ներկայացնում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հոդվածը՝ տպագրված «Հորիզոն» շաբաթաթերթում։
Սույն հոդվածի առաջին մասով անդրադարձել էինք սահմանազատման (delimitation) և սահմանագծման (demarcation) երևույթներին, դրանց էությանը, իրականացման միջազգայնորեն ընդունված մոտեցումներին։ Հոդվածի առաջին մասում շարադրել էինք այն ընթացակարգերը, որոնցով երկու հարևան պետություններ, դրսևորելով քաղաքական կամք և ելնելով բարիդրացիական հարաբերությունների հաստատման կամ զարգացման շարժառիթից, միջազգայնորեն ընդունված կարգով իրականացնում են սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Հարևան պետությունների միջպետական հարաբերություններին բնորոշ այս գործընթացը ընթացակարգերի և մոտեցումների առումով որևէ ընդհանրություն սակայն չունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Ադրբեջանի նպատակը ակնհայտորեն շարունակում է մնալ ոչ թե խաղաղության հաստատումը, այլ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ադրբեջանը փորձում է սահմանազատումը հարմարեցնել այդ ագրեսիայի նախապատրաստությանը՝ մասնավորապես ստրատեգիական կարևորության բարձունքներում դիրքավորված մնալով։ Մաքսիմալիստական մոտեցումներով տրամադրված Ադրբեջանը ամեն ինչ անում է սահմանազատման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենսական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու, խոշոր բնակավայրերն անհրաժեշտության դեպքում կրակի տակ առնելու, ցանկացած պահի Հայաստանի որևէ հատվածի կյանքը կաթվածահար անելու, ջրային պաշարների և ջրահավաք ավազանների նկատմամբ վերահսկողություն ունենալու, Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայությունը պահպանելու և, անկլավների խնդիրն օգտագործելով, ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու համար։
Ինչպես նշեցինք նախորդիվ, 2020թ․ աղետալի պատերազմից անմիջապես հետո, առավելապես ադրբեջանական պարտադրմամբ, հայ-ադրբեջանական բանակցային օրակարգի առանցքային կետերից մեկը դարձավ երկու երկրների միջև սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) հարցը, ինչը սկսեց լայնորեն քննարկվել հայկական հասարակական-քաղաքական և փորձագիտական շրջանակներում։ 2021թ․ մայիսին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումից կարճ ժամանակ անց, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծվեց երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որի աշխատանքները, չնայած մի քանի նախկին, ինչպես նաև առաջիկայում պլանավորված հանդիպումներին, դեռևս հուսադրություն չեն ներշնչում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախ սահմանազատումը, ապա սահմանագծումը բարդ խնդիրների մի ամբողջ թնջուկ է, որն էլ ավելի է խճճվել ադրբեջանական զանազան պատմաշխարհագրական զեղծարարությունների, ռազմական ներխուժումների, աշխարհաքաղաքական մրցակցությունների, ինչպես նաև ԽՍՀՄ տարբեր տարիների քարտեզների փոփոխությունների, և 1920թ․ այս կողմ, ԽՍՀՄ տարբեր որոշումների հիման վրա հայկական պետության տարածքների փոքրացումների, անկլավների առաջացման և այլնի արդյունքում։ Հոդվածի երկրորդ մասով, արդեն տեսական գիտելիքի համակարգմամբ, կանդրադառնանք Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման հիմնախնդրին՝ վեր հանելու գործընթացի դժվարության առարկայական պատճառները և իրավիճակի շարունակակական ապակայունացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը։
Քաղաքական խոչընդոտներ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացում առկա խնդիրները կարելի է դասակարգել երկու հիմնական խմբերում։ Առաջին խումբը կարող է ներառել այն խնդիրները, որոնք ուղղակիորեն վերաբերում են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ երկրորդ խումբը զուտ քաղաքական խնդիրներն են, Ադրբեջանի բացահայտ թշնամական կեցվածքը, ցեղասպանական գործողությունները Արցախում, որոնց անդրադարձը էականորեն կմեծացնի այս աշխատանքի ծավալն ու մեզ կշեղի բուն նյութից։ Միայն նշենք, որ ադրբեջանական թշնամական քաղաքականությունը և բոլորովին վերջերս ռազմատենչ հռետորաբանության և Հայաստանից տարածքային պահանջների նոր նշաձողերը, անիմաստ են դարձնում նաև սահմանների սահմանազատման գործընթացը, քանի որ վերջինս մի բան է, որ պետք է ծառայի հարևան պետությունների միջև համակեցության հաստատմանն ու զարգացմանը, և ոչ թե պատերազմական հանցագործությունների արդյունքում զավթած տարածքների ու դիրքերի փաստաթղթային ամրագրմանը։ Այդուհանդերձ, անդրադառնանք այն խնդիրներին, որոնք ուղղակի կապ ունեն սահմանազատման հետ, մասնավորապես․
Սահմանազատման համար փոխադարձ իրավական հիմք
Ինչպես հոդվածի առաջին մասում ենք քանիցս անդրադարձել՝ սահմանազատման համար փոխադարձ ընդունելի իրավական հիմքի շուրջ պայմանավորվածությունը նախապայմանային նշանակության չափազանց կարևոր հանգամանք է հետագա աշխատանքների արդյունավետության ապահովման տեսանկյունից։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում այս խնդիրը գալիս է 20-րդ դարասկզբից և իր ազդեցությունն ունի մերօրյա քաղաքական զարգացումներում։ Միջանկյալ նշենք, որ թեև Հայաստանի Առաջին Հանրապետությունը իրեն հռչակել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդ, Ադրբեջանն անկախությունից հետո սահմանադրությամբ իրեն հռչակել է Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, այն պետության, որի քարտեզները չեն ընդունվել նույնիսկ Ազգերի Լիգայի կողմից։ Հավանաբար այդ մտացածին սահմանները երևակայելով էր, որ հունվարի 10-ի հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքն ի սկզբանե եղել է 100․000 քառ․կմ, և որ այդ տարածքներից տրամադրվել են հայկական պետությանը։
Ամեն դեպքում խորհրդայնացված Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային հստակեցումները փորձ արվեցին կատարել խորհրդայնացումից մի քանի տարի անց։ Հետագայում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է մի շարք քարտեզներ, որոնց արդյունքում Հայաստանը կորցրել է շուրջ 1200 քառ․ կմ տարածք, այդ թվում ինքնիշխան կապը Արցախի հետ։
Այս հարցն իրական խնդրի է վերածվել հայ-ադրբեջանական հարաբերություններում, քանի որ Բաքուն ոչ միայն պահանջում է սահմանազատումն իրականացնել ԽՍՀՄ ամենավերջին սահմաններով, որոնք իր համար ամենահաջողն են, այլ նաև գոնե հայտարարությունների մակարդակով չի պատրաստվում խաղաղ կերպով հեռանալ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Կողմերը կարծես թե մոտ էլ չեն համաձայնության թե ԽՍՀՄ գլխավոր շտաբի որ թվականների քարտեզներով պետք է սահմանազատում իրականացվի, վերջերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հնչեցրեց 1974 և 1978 թվականները, ինչի համաձայնությունը ադրբեջանական կողմից կարծես թե դեռևս հաստատված չէ։
Ալմա Աթայի հռչակագրին հղման հարցը
Հետպատերազմյա բանակցային գործընթացում ՀՀ իշխանությունների կողմից անհարկիորեն կիրառության մեջ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ԱՊՀ նպատակների և սկզբունքների, դրա հիմքերի մասին Ալմա Աթայի հռչակագրով իբր թե ճանաչված լինելու մասին կեղծ թեզը։ Ընդ որում Հայաստանի իշխանությունները փորձում էին Ալմա Աթայի խաղաքարտը խաղարկել ինչպես Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից ձերբազատվելու, այնպես էլ ՀՀ-Ադրբեջան միջպետական խնդիրները լուծելու համար։ Իրականում 1991թ․ դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանը, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ՌՍԴԽՀ), Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի կողմից ստորագրված Ալմա Աթայի հռչակագրով որևէ կերպ չէր կարող ճանաչվել Ադրբեջանի սուվերենությունը Արցախի նկատմամբ՝ ի թիվս այլնի, նախ, որովհետև այդ հռչակագրի ստորագրման ժամանակ արդեն Արցախը՝ համաձայն միջազգային և ԽՍՀՄ ներքին օրենսդրության հանրաքվեով հռչակել էր իր անկախությունը, ապա նաև այն պատճառով, որ Արցախի հարցում տարընկալումները կանխելու համար ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել էր համապատասխան վերապահումներ։ Բայց քանի որ սույն հոդվածի քննարկման նյութն ուղղակիորեն չի վերաբերում Արցախին, ապա զերծ մնանք այս ուղղությամբ հավելյալ քննարկումներից։ Ալմա Աթայի հռչակագիրը, նաև չի կարող իրավական հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման համար, ի թիվս այլնի նաև այն պատճառով, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, չի վավերացրել Ալմա Աթայի հռչակագիրը։ Մասնավորապես, պաշտոնական Բաքուն նախ առ ոչինչ է հայտարարել հռչակագիրը ստորագրած Այաս Մութալիբովի ստորագրությունը։ Ալմա Աթայի հռչակագրում Ադրբեջանի ստորագրությունը երկրորդ անգամ զետեզվում է 1993թ․ սեպտեմբերի 24-ին, սակայն հռչակագիրը, որպես այդպիսին ադրբեջանական օրենսդրի կողմից չի վավերացվում։ Սակայն նույն օրը, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը վավերացնում է Անկախ Պետությունների Համագործակցության Կազմակերպության (ԱՊՀ) կանոնադրությունը՝ այդպիսով դառնալով ԱՊՀ անդամ։ Ալմա Աթայի հռչակագիրը Ադրբեջանի կողմից շարունակում է մնալ ստորագրված, բայց չվավերացված։ Համաձայն «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ․ կոնվենցիայի՝ միջազգային պայմանագրի ստորագրումն ու վավերացումը տարբեր հասկացություններ են։ Ըստ կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ «Իր համար պայմանագիրը պարտադիր լինելու մասին պետության համաձայնությունն արտահայտվում է վավերացման միջոցով»։
Ելնելով վերոգրյալից կարող ենք եզրահանգել, որ սահմանազատման գործընթացում նախապայմանային նշանակություն ունեցող փոխադարձ ընդունելի իրավական հիմքի փնտրտուքներում Ալմա Աթային հռչակագիրը որպես այդպիսին լինել չի կարող։
Անկլավների հարց
Ադրբեջանական կողմը պարբերաբար բարձրացնում է նաև այսպես կոչված անկլավների հարցը, իրականում անկլավներն առաջ եկան 1920-ականթթ․ թթ․, երբ խորհրդային իշխանությունը, ելնելով գյուղատնտեսական նպատակներից Ադրբեջանին անկլավներ տվեց Հայաստանի տարածքում, իսկ որոշ ժամանակ անց, ադրբեջանական քաղաքականության արդյունքում անկլավացավ հայկական Արծվաշենը ու շարունակեց մնալ որպես այդպիսին։ Հայկական անկլավ Արծվաշենի և Տավուշի ու Արարատի մարզերի ադրբեջանական անկլավները (միասին վերցված) գրեթե նույն տարածքն ունեն 44-45 քառ․կմ։ Ընդ որում, Ժամանակին Ադրբեջանին տրված անկլավները գտնվում են Հայաստանի Հանրապետության կարևորագույն միջպետական ճանապարհների՝ դեպի Վրաստան և Իրան մայրուղիների վրա։ Բացի այդ, համաձայն քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի՝ 1920-30 ականթթ․ Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է շուրջ 1200 քառ․կմ տարած, այդ թվում Լաչինի հատվածում, որի արդյունքում, ինչպես նշվեց կտրվել է Հայաստանի կապն Արցախի հետ։ Հետաքրքիր է, որ համաձայն 1926-1927թթ․ քարտեզների՝ Հայաստանի Հանրապետության տարածքը 30․948 քառ․կմ էր, իսկ Ադրբեջանինը 2000 քառ․կմ ավելի փոքր, քան այժմ է։ Իսկ ավելի վաղ՝ 1920-ակաների քարտեզների համաձայն՝ նույնիսկ Հայաստանն Արցախի հետ ուներ ցամաքային կապ, որը վերացավ այսպես կոչված «Կարմիր Քրդստանի» ստեղծման պատրվակով, երբ Հայաստանից տարածքներ տրվեցին Ադրբեջանին։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիա
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ մի քանի ռազմական ագրեսիաների արդյունքում Ադրբեջանին հաջողվել է Հայաստանի ինքնիշխան տարածքից բռնազավթել շուրջ 200 քառ․ կմ տարածք։
Սահմանային խնդիրների պատճառով Հայաստանի Հանրապետության տասնյակ բնակավայրեր, ադրբեջանական զինուժի գործողությունների արդյունքում, զրկված են իրենց մշակովի հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։ Հունվարի 10-ի իր ասուլիսում Ալիևը բացեիբաց հայտարարեց, որ չեն պատրաստվում ադրբեջանական զինված ուժերը հետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս հարցում ադրբեջանական դիրքորոշումը ևս մեկ առանցքային խոչընդոտ է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքներում։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցի» պահանջ
Սահմանազատման գործընթացը տորպեդահարող՝ ադրբեջանական մյուս պահանջը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն է՝ ադրբեջանաթուրքական ուղենիշներով։ Պատերազմից հետո արբդեջանաթուրքական տանդեմը մշտապես խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմնան անհրաժեշտության մասին՝ հաճախ չթաքցնելով այդ նպատակին հասնելու գործում ռազմական ուժի կիրառման պատրաստակամությունը։ Չնայած հայկական կողմը պատրաստ է իր մասով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և այդպիսով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը հնարավոր դարձնելուն, այնուամենայնիվ պաշտոնական Բաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով արտատարածքային (extraterritorial) միջանցքի ձեռքբերում, որը վրա չի տարածվի ՀՀ ինքնիշխանությունը: Վերջին շրջանում ադրբեջանական պետական ու մերձիշխանական շրջանակների կողմից ակտիվացել են խոսակցությունները նաև այդ, իրենց կողմից ենթադրելի, միջանցի երթուղու շուրջ։ Եթե նախկինում դիտվում էր նաև Սյունիքի մարզի հյուսիսային հատվածը, ապա այժմ հիմնական շեշտը դրվում է Հայաստանի ծայր հարավի՝ Իրանի հետ սահմանայի Մեղիի վրա։
Ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև հարաբերություններում վերջինիս կողմից բացակայում է սահմանազատման, ապա և սահմանագծման վերաբերյալ քաղաքական կամքը, ինչը ընթացիկ գործընթացն ընդամենը միջոց է՝ միջազգային հարաբերությունների ներկա տեղապտույտից ու Հայաստանի թույլ կեցվածքից օգտվելով պաշտոնական Երևանից ավելին պոկելու, ռազմական ուժի կիրառման սպառնալիքի տակ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու, ինչպես նաև արդեն իսկ ձեռքբերվածը փաստաթղթային ամրագրման հասցնելու համար։ Այս իրավիճակում սահմանազատման գործընթացը չի կարող ծառայել իր բուն նպատակին։ Հայաստանի իշխանությունների բացարձակապես ոչ կոմպետենտության ու ադեկվատ պատասխանի բացակայության պայմաններում, սահմանազատման այս գործընթացը հետզհետե վերածում է ոչ թե Հայաստանի անվտանգային կարիքները մեղմող ու կայունացնող գործընթացի, այլ ճիշտ հակառակը՝ հղի նոր անկայունություններով ու սպառնալիքներով։