Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն դարձել է: Օրերս Սիմֆերոպոլի իշխանությունները քիչ էր մնում ժողովրդի համար անընդունելի քայլի դիմեին՝ սահմանափակեին խմելու ջրի մատակարարումը օրական երկու ժամանակահատվածներով՝ առավոտյան 6-10-ը և երեկոյան 18-22-ը: Դա բացատրում են երաշտով, Ուկրաինայի կողմից ջրային շրջափակմամբ և, որպես հետևանք, ջրամբարներում ջրի ցածր մակարդակով: Վերջին պահին այդ որոշումից հրաժարվեցին տեղումների շնորհիվ, սակայն պաշտոնյաներից մեկի հնչեցրածը, թե քաղցրահամ ջրի պաշարները կբավարարեն 100 օր, դժվար թե մոռացվեն: Ի դեպ, 100 օրն այնքան էլ քիչ չէ. Քաթարի ջրային պաշարները, օրինակ, կբավարարեն ընդամենը 2 օր. ըստ yerkir.am-ի՝ գրում է «Վզգլյադ» թերթը:
Գալիս է համաշխարհային ջրային ճգնաժամի ժամանա՞կը: Այո, գալիս է: Ավելին՝ մոլորակի մի շարք տարածաշրջաններում այն արդեն սկսվել է, և, ընդհանուր առմամբ, աշխարհում իրավիճակը բավականին տագնապալի է:
Երկրագնդում կա 1260 միլիոն տրիլիոն լիտր ջուր, ցավոք, դրա 97 տոկոսն աղի է: Մնացած 3 տոկոսից 2-ը բաժին է ընկնում սառցադաշտերին, և միայն 1 տոկոսը՝ մարդկությանը: Այո, սառույցները հալչում են, այո, աղի ջուրը կարելի է աղազրկել, սակայն այդ գործընթացների տեմպերն այնքան արագ չեն, որ ազդեն ընդհանուր պատկերի վրա: Ավելին՝ այդ 1 տոկոսի 96 տոկոսը գտնվում է գետնի տակ, և միայն շատ փոքր մասը՝ մակերևույթին՝ գետերն ու լճերը: Դա նշանակում է, որ մարդիկ հաճախ ստիպված են լինում ջուրն ընդերքից հանել: Երկրագնդի բնակչությունն աճում է, ջրի սպառման մակարդակը՝ նույնպես, իսկ ստորգետնյա տարողությունները, որոնք լցվում էին հազարավոր տարիների ընթացքում, չեն հասցնում վերականգնվել: Ջրի քանակը նվազում է և՛ Երկրի մակերեսին, և՛ գետնի տակ:
Համաշխարհային պաշարների ինստիտուտի կանխատեսումների համաձայն՝ 2040-ին արդեն երկրների մեկ երրորդը ջրի հետ կապված խնդիր է ունենալու, դրանց թվում՝ Չինաստանը, ԱՄՆ-ը, Ղազախստանը, Ավստրալիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքի բոլոր երկրները և Հարավարևելյան Ասիայի համարյա բոլոր երկրները:
Հասկանալու համար, թե ինչու է այդպես, թերթը ներկայացնում է թվեր՝ հանրամատչելի ապրանքների «ջրային գինը»: Դա ինչ-որ բանի արտադրության ժամանակ ծախսվող քաղցրահամ ջրի լիտրերի վիրտուալ թիվն է: Օրինակ՝ սուրճի դեպքում հաշվի է առնվում ոռոգման և գործարանում մշակման ընթացքում ծախսված քանակը: Այսպես՝ մասնագետները հաշվել են, որ՝
- մի գավաթ սուրճի մեջ «թաքնված է» 140 լիտր ջուր,
- մի գավաթ գարեջրում՝ 74 լիտր,
- կոլայի 0.5 լիտրանոց շշում՝ 34 լիտր,
- բամբակե շապիկում՝ 2,7 հազար լիտր,
- ոչ մեծ համբուրգերում՝ 2,5 հազար լիտր,
- ստանդարտ ավտոմոբիլում՝ 147 հազար լիտր:
Արդյունաբերության մեջ կիրառված ջրի մոտ 50 տոկոսը պարզապես կորչում է՝ համաշխարհային ջրաշրջանառության մեջ այլևս չի մտնում: Այդ պատճառով է բնակչության աճն այդքան ազդում ջրային պաշարների վրա: Քաղցրահամ ջրի միայն 10 տոկոսն է ծախսվում մարդու կենսական կարիքների վրա՝ ձեռքերը լվանալը, լողանալը, կերակուր պատրաստելը, ծարավը հագեցնելը: Մնացածը ծախսվում է արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ, ընդ որում ՝ առյուծի բաժինը՝ 70 տոկոսը, օգտագործվում է հենց գյուղատնտեսության ոլորտում: ՄԱԿ-ի գնահատականով՝ 2050-ին աշխարհում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող ջրի ծախսը կավելանա ևս քառորդով: Փաստորեն, ջրի մեծ քանակներ ծախսվում են բիզնեսում, և բնակչության կենցաղային կարիքների համար ավելի քիչ է մնում: Այն երկրներւմ ու տարածաշրջաններում, որտեղ այդ հարաբերակցությունը կպահպանվի, քաղցրահամ ջրի հետ կապված վտանգավոր իրավիճակ կստեղծվի:
2008-ին Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանները գրել են. «Ջրի՝ բնական անփոխարինելի պաշարի պահանջարկը շարունակում է աճել անկայուն տեմպերով՝ խթանվելով բնակչության աճով և արդյունաբերության զարգացմամբ: Միաժամանակ, առաջարկն աշխարհում նվազում է շրջակա միջավայրի աղտոտման, ստորգետնյա պաշարների նվազման և կլիմայի փոփոխության հետևանքով: Գուցեև ահազանգողների տպավորություն թողնենք, սակայն զուգահեռներ ենք տանում մալթուսյան էկոնոմիկայի հետ՝ առաջարկի ու պահանջարկի ոլորտում: Վերջին 30 տարում ԱՄՆ-ում ջրի պահանջարկը եռապատկվել է, թեև բնակչությունն ավելացել է ընդամենը 50 տոկոսով: Եթե ներկայիս համաշխարհային թրենդները պահպանվեն, 2025-ին երկրագնդի բնակչության մոտ մեկ երրորդը խմելու ջրին ազատ հասանելիություն չի ունենա»:
Ի դեպ, բանկի վերլուծաբաններին ամենևին էլ մարդկանց բարօրությունը չէր մտահոգում, դա ջրային նախագծերում ներդրումներ անելու, ջրամբարներ գնելու կոչ էր ներդրողներին, այսինքն, ըստ էության, մարդկանց հասանելիությունը ջրին սահմանափակելու, նրանց այն վաճառելու կոչ:
Ցավոք, նրանց կանխատեսումները ճիշտ են. արդեն այսօր Երկրի ամեն երրորդ բնակիչը մաքուր քաղցրահամ ջրի խնդիր ունի, 2019-ի կեսերին արդեն մոտ 2.2 մլրդ մարդ չէր կարող մաքուր ջուր խմել, այն պարզապես չկար: Ըստ ՄԱԿ-ի՝ 2016 թվականի զեկույցի՝ «2050 թվականին ջրային խնդիրների հետ կբախվի ևս մոտ 2,3 մլրդ մարդ, հատկապես՝ Աֆրիկայի հյուսիսում ու հարավում և Հարավային ու Կենտրոնական Ասիաներում: Կան նաև հետազոտություններ, որոնք կանխատեսում են ջրի համաշխարհային խափանումներ արդեն 2030-ին, եթե բիզնեսը զարգանա ներկայիս սցենարներով»:
Խնդիրներ առաջանում են ոչ միայն աֆրիկյան գյուղակներում, այլ նաև խոշոր քաղաքներում: Հարավաֆրիկյան Քեյփթաունը վերջին տարիներին կանգնած է ջրի ամբողջական անջատման խնդրի առջև, փրկությունը տեսնում են սահմանափակ սպառման մեջ: 2025-ին Նեղոսի աղտոտման պատճառով նույնը կլինի նաև Կահիրեում: Գնալով սուղ են դառնում Տոկիոյի ջրային պաշարները, իսկ Սան Պաուլուն այդ խնդրի առջև կանգնեց 2014-ին և 2015-ին:
Եվ դա տեղի է ունենում ներդրողների մեծ ակտիվության ֆոնին, որոնք Goldman Sachs-ի կոչից հետո մեծ ուշադրություն են դարձնում ջրին: Դրանց թվում են նույն Goldman Sachs-ը, Deutsche Bank-ը, Ջորջ Բուշ ավագի ընտանիքը… Որպես կանոն՝ ներդրումների սխեման բավականին պարզ է՝ պարզապես գնում են հողատարածքը, որի մակերեսին կամ ընդերքում ջուր կա, այնուհետև արդյունահանում են և վաճառում «ծարավ» տարածաշրջաններին: Սակայն հանդիպում են նաև այլ ռազմավարություններ, օրինակ՝ Մայքլ Բյուրին, որը հայտնի դարձավ «Խաղ՝ ուղղված նվազեցմանը» ֆիլմից (նրան մարմնավորում էր Քրիստիան Բեյլը), ոչ թե ջրով հող է գնում, այլ ներդրումներ է անում գյուղատնտեսության մեջ, ավելի ճիշտ՝ ջուր սիրող մշակաբույսեր է աճեցնում ջրով հարուստ տարածաշրջաններում, որտեղ դա էժան է, ապա արտահանում է երկրներ, որտեղ ջրի պակաս կա:
Եվ այսպես՝ ջուրը դառնում է եթե ոչ նոր ոսկի, ապա՝ նոր նավթ: Ի դեպ, փորձագետներն այս ճգնաժամում դրականն էլ են տեսնում՝ ջրի լիտրի գնի բարձրացմանը զուգընթաց, մարդիկ կսկսեն գնահատել այն ու ավելի խելամտորեն կօգտագործեն, եթե, իհարկե, դրա հնարավորությունն ունենան: