կարևոր
1381 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-28 12:52
Հասարակություն

Քաղցրահամ ջուրը՝ շռայլություն. «Ժողովուրդ»

Քաղցրահամ ջուրը՝ շռայլություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայաստանի կառավարության ենթակայության տակ գտնվող 12 նախարարությունների գնումները եւ կնքած պայմանագրերը՝ հասկանալու համար, թե որքան է կազմել խմելու ջրի ծախսը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում։ Սկզբում ասենք, որ այժմ աշխարհում ռիսկային է ջրի ոչ ճիշտ օգտագործումը, քանի որ աշխարհի մասշտաբով առկա է քաղցրահամ ջրի զգալի պակաս։

Նաեւ, ջրօգտագործման մասնագետների խոսքով, որոնք ունեն երկար տարիների փորձ, քաղցրահամ ջուրը համարվում է ամենաթանկարժեք ռեսուրսներից մեկը։ Հայաստանի դեպքում այն ավելի կարեւոր է դառնում, քանի որ տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրային պաշարը մերն է՝ Սեւանա լիճը։ Այսպիսով, Սեւանի խնդիրները առերեւույթ լուծող Շրջակա միջավայրի նախարարությունը, որը վերջերս համարվում է ամենաանգործ նախարարությունը, խմելու ջրի համար որեւէ գումար չի ծախսել. երեւի նախարարությունից ակնկալվող գործառույթները նախարարությունում կոմպենսացնում են միայն ջուր չօգտագործելով։ Արդարադատության նախարարությունը խմելու ջրի մատակարարման ծառայությունների համար նշված ժամանակահատվածում ծախսել է 1 մլն 560 հազար դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս խմելու ջրի մատակարարման ծառայությունների համար ոչ մի գնում չի կատարել, սակայն միլիոնավոր դրամների դրամաշնորհային ծրագրեր է ֆինանսավորել. հաջորդիվ նաեւ կներկայացնենք այդ ծախսերի նպատակայնությունը։

Առողջապահության նախարարությունը եւս դասվում է խմելու ջուր չգնողների դասին։ Նրանք, թերեւս, ըստ իրենց արած բազմաթիվ հայտարարությունների, զբաղվում են ավելի կարեւոր գործով, սակայն կարեւորությունն ինչպե՞ս պետք է հաստատվի, եթե Հայաստանում ամենախնդրային պետպատվերներ տրամադրելու ծրագրերը պարբերաբար ծախողվում են, եւ հատկացումները, վերաբաշխումները չեն բավականացնում։ Հենց այս պատճառով էլ շատ քաղաքացիների հիվանդության ախտորոշումը հաճախ հերթերի պատճառով նախատեսվում է հաջորդ տարի, ինչը ոլորտի անհավասարաչափ եւ ոչ գրագետ բաշխման արդյունք է։ Նույնն է նաեւ Արտաքին գործերի նախարարությունում. նրանք, ջուր օգտագործելու փոխարեն, իրենց հատկացված գումարները ներդնում են ներկայացուցչական ծախսերի մեջ, եւ գրեթե ոչինչ՝ նախարարության կարիքների համար։

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, կոնյակներից, չրերից, շոկոլադե չրերից բացի, զարմանալիորեն նաեւ խմելու ջուր է օգտագործում։ Այս տարվա ընթացքում նրանք 1151 հազար դրամ խմելու ջրի մատակարարման ծախսեր են կատարել։ Էկոնոմիկայի նախարարությունը, հիշեցնենք, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում է ստեղծվել, եւ հենց այս նույն «ճշգրտությամբ» էլ նախարարությունը կազմակերպում է այս ոլորտների աշխատանքները, սակայն, չգիտես՝ ինչու, այդ ոլորտներում զգալի առաջընթաց վերջերս չի եղել։ ԿԳՄՍ նախարարությունը, որը վերջերս աղմկահարույց ձախողումների մեջ է եւ կորցրել է կրթության ոլորտը կառավարելու ղեկը, կատարել է 7 հազար դրամ արժողությամբ ջրի սպառման ծախս։ Հուսանք՝ գոնե ջրօգտագործումը մտքի թարմություն կհաղորդի նախարարությանը։

Ներքին գործերի նախարարությունը ջրի ոչ մի սպառում չի ներկայացրել, սակայն «յուղալի» գնումներ է կատարել, որոնք նախարարության հետ պարզաբանելուց հետո կհրապարակենք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւս նման գնումներ չի իրականացրել։ Ֆինանսների նախարարությունը թերեւս հայտնվել է 2-րդ տեղում խմելու ջրի օգտագործմամբ. նրանց գնումները կազմել են 489 հազար 600 դրամ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում