Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնին մասնակցելու հայտերը ռեկորդային թիվ են կազմել:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս տարի ռեկորդային է նաեւ հայտ ներկայացնող երկրների թիվը:
«Ընտրություն անելը բավական դժվար էր: Այս տարի փառատոնը ստացել է 630 հայտ 81 երկրից, որոնցից ընտրվել են 150-ը` շուրջ 45 երկրներից»,- ասաց նա:
Կինոփառատոնն անցկացվելու է հուլիսի 10-17-ը: Աս տարի ներկայացվելու է 4 մրցութային ծրագիր` խաղարկային, վավերագրական ֆիլմերի, «Հայկական համայնապատկեր», ինչպես նաեւ նոր` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի:
Փառատոնի միջազգային կապերի պատասխանատու Տաթեւիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիա Ռոսթամիի` 2010թ. Կաննի փառատոնի մրցանակակիր «Վավերացված պատճեն» ֆիլմը:
Ստամբոլցյանը նշեց, որ դեռ անցած տարի էին ուզում ֆիլմը «բերել», սակայն ռեժիսորը չի կարողացել գալ:
«Գլխավոր դերակատարուհի Ժյուլեթ Բինոշը փառատոնին ներկա չի լինի. արտիստներն այս շրջանում բավականին զբաղված են»,- ասաց նա:
Փառատոնի կազմակերպիչները, նկատի ունենալով մասնագետների եւ հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը ԱՊՀ երկրներում արտադրված ֆիլմերի նկատմամբ, ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված` «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով կցուցադրեն ֆիլմեր Տաջիկստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից...
Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի` «Օսկար»-ի նոմինանտ «Եզերք» ֆիլմը:
Կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը նշեց, որ փառատոնին մասնակից ֆիլմերի մոտ 90 տոկոսը վավերագրական են, սակայն ցավով ավելացրեց, որ փորձը ցույց է տվել, որ հենց վավերագրական ֆիլմերի ցուցադրության ժամանակ դահլիճները կիսադատարկ են լինում: Իսկ ինչ վերաբերում է ֆիլմերի թեմատիկային, ապա Խանջյանի հավաստմամբ, այս տարի փորձել են մի քիչ զերծ մնալ քաղաքական թեմաներից եւ ուշադրությունը սեւեռել են մարդու ճակատագրի վրա:
Փառատոնը կփակի Վիմ Վինդերսի «Պինա» ֆիլմը, որը կցուցադրվի 3D ձեւաչափով:
Նշենք նաեւ, որ հունիսի 20-ից կլինեն նաեւ փառատոնին մասնակից ֆիլմերի նախնական ցուցադրություններ: