կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 16:07
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրության սահմանադրականության հարցը պետք է լուծվեր, նոր լուծեինք Հրայր Թովմասյանի և մյուսների խնդիրը․ Վարդան Այվազյան

ՍԴ 7 անդամների լիազորությունները դադարեցնելու օրինագիծը առաջին ընթերցումից հետո հանրաքվեի ուղարկելը նշանակում է Սահմանադրության և գործող օրենքների կամայական մեկնաբանում՝ ըստ Yerkir.am-ի ասաց իրավագետ Վարդան Այվազյանը։

Նա թվարեկց օրենսդրական այն դրույթները, որոնք խախտվում են այս նախաձեռնությամբ։

Վարդան Այվազյանը  նկատում է օրենսդրական այն սողանցքները, որ նախորդ իշխանությունները թողել են և դատապարտում․  «Այն, որ գործող Սահմանադրության մեջ ՍԴ դերակատարությունը բարձրացվել է չափից ավելի, որ իշխանությունների բաժանման և հակակշռման սկզբունքը խախտվի, դա միանշանակ է։ Հենց խնդիրը կապված է 168-րդ հոդվածի 2-րդ կետով ՍԴ տրված լիազորության հետ, երբ ասվում է, որ Սահմանադրության փոփոխությունների և հանրաքվեի դրվող օրենքի նախագծի վերաբերյալ պարտադիր պետք է ՍԴ-ն կայացնի որոշում սահմանադրականության վերաբերյալ։ Սա ամենաանհեթեթ դրույթն է, որ նախորդ իշխանությունները ամրագրել են Սահմանադրության մեջ, որովհետև Սահմանադրության սահմանադրականությունը իրավունք ունի որոշելու ժողովուրդը, որը համարվում է իշխանության, սահմանադրության և պետության բացառիկ սեփականատերը»։

Նրա գնահատմամբ, այո՛, գործող Սահմանադրությունը չի գտնվում սահմանադրականության տիրույթում և նախ՝ պետք է լուծվեր այս ինստիտուցիոնալ խնդիրը, նոր մտածվեր՝ ՍԴ 7 անդամից ազատվելու մասին։

«Պետք է սահմանադրական մտքի մեծ ասամբլեա ձևավորվեր՝ միջազգային փորձագետների իրավական մտքի ուղեկցությամբ, այս խնդիրը պետք է լուծվեր, նոր լուծեինք Հրայր Թովմասյանի և մյուսների խնդիրը։ Բայց եթե մենք հապշտապ նրանց փոխում ենք՝ առանց սահմանադրական փոփոխությունների և դեռ չգիտենք էլ ինչ ճակատագիր կունենան սահմանադրական փոփոխությունները, ինչ երաշխիք, որ նոր մարդիկ, որոնցով կփոխարինենք հներին, ավելի մեծ պատուհաս չեն դառնա իշխանությունների բաժանման և հավասրակշռման սկզբունքի վրա և ավելի մեծ վնաս չեն տա այս պետությանը, քան այսօրվա իրավիճակն է»,-մտահոգություն հայտնեց Վարդան Այվազյանը։

Իսկ այն, որ ՍԴ նոր անդամները կլինեն վարչապետի դրածոները, դժվար չէ հասկանալ՝ հաշվի առնելով, որ ՍԴ անդամի՝ առաջադրված թեկնածուները հաստատվում են ԱԺ 3/5-ով, իսկ  ԱԺ 3/5-րդը վարչապետինն է․ «Վարչապետը ամբողջությամբ վերահսկում է և եթե այդ 9 թեկնածուները չհամաձայնեցվեն ԱԺ մեծամասնության հետ, բնականաբար, չեն ընտրվի։ Փորձը տեսանք՝ նախագահի կողմից առաջադրված շատ արժանավոր մարդկանց ԱԺ-ն չընտրեց»։

Իրավագետը նաև մտահոգիչ համարեց հանրաքվեն ատելության մթնոլորտում անցկացնելու հանգամանքից․ հիշեցրեց, որ Ռուսաստանում 30 օրվա տարբերությամբ երկու հանրաքվե անցկացվեց՝ Խորհրդային Միության կազմում մնալու հարցով և տրամագծորեն հակառակ պատասխաններ եղան։

Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների գործընթաց, որոնցով մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Արտահերթ նիստում առաջին ընթերցումից հետո հայտարարվեց նախագիծը համաժողովրդական քվեարկության դնելու մտադրության մասին։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։

Մանրամասն՝ տեսանյութում․