կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 12:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը քննվեց գրավոր ընթացակարգով

Սահմանադրական դատարանն այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:

2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաև կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածի, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Եվս մեկ դիմում ներկայացրել էին Քոչարյանի փաստաբանները։

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց դիմումները քննել բանավոր ընթացակարգով, միջնորդությանը միացավ նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Արևիկ Պետրոսյանի համոզմամբ՝ գործը զգայուն է և բանավոր ընթացակարգով քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը։ Հրայր Թովմասյանը նշեց, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես քաղաքական բնույթ և ունեցել է միայն մեկ նպատակ՝ կապված տվյալ գործի հետ, և ՍԴ-ն պարտավոր է ապացուցել հակառակն ու գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի հանրությունը ծանոթ լինի կողմերի դիրքորոշումներին: ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանը և Աշոտ Խաչատրյանը ևս կողմ էին նիստը բանավոր ընթացակարգով անցկացնելուն։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը միջնորդեց գրավոր ընթացակարգով անցկացնել դատաքննությունը։ Դատավորներ Էդգար Շաթիրյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը կողմ էին գրավոր ընթացակարգին:

Վահե Գրիգորյանը նիստին չի մասնակցելու, որովհետև ՍԴ-ն նրա վերաբերյալ կայացրել է այս գործով մասնակցության անհնարինության մասին որոշում:

Քվեարկությունից հետո ձայները բաշխվեցին հավասարաչափ՝ չորս-չորս։ Որոշում չկայացվեց, միջնորդությունը չբավարարվեց։

«Գործի դատաքննությունը շարունակվում է գրավոր ընթացակարգով, ինձ միայն մնում է արձանագրել, որ դատաքննությունը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ գործով ըստ էության որոշում կայացնելու համար: Նիստը համարվում է փակված»,-ասաց Արման Դիլանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․