կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 17:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ նախագահին պետք է կանչել ՍԴ, որ պարզաբանի՝ ինչո՞ւ է հենց հունիսի 20-ին նշանակել ընտրությունները․ Հրայր Թովմասյանի միջնորդությունները

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն ներկայացրեց ՍԴ-ում՝ հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ 2021 թ-ի հունիսի 27-ի որոշումը վիճարկելու գործի՝ բանավոր ընթացակարգով քննության ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Առաջինը․ Հրայր Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց ՝ որպես վկա ՍԴ հրավիրել ՀՀ նախագահին, որ պատասխանի հարցին՝ ի՞նչ պարագայում է որոշում կայացրել ընտրությունների օրը նշանակել հենց հունիսի 20-ին, քանի որ 45 օրվա ընթացքում կարող էր նշանակել, բայց նշանակեց հենց այդ օրը։

Երկրորդ միջնորդությունը՝ ՄԻՊ-ից պահանջել ներկայացնել ընտրական պրոցեսներում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկատվություն։ Եթե սահմանված ժամկետում անհնար լինի ներկայացնել, ասաց, որ միջնորդելու է, որ ՄԻՊ Արման Թաթոյանին որպես վկա հրավիրեն ՍԴ։

Երրորդ միջնորդությունն այն էր, որ ՀՀ դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջեն՝ ինչպես են դատարանները կիրառել «բռնություն գործադրելու հրապարակային կոչեր» և «բռնությունը հրապարակային քարոզել» հասկացությունները։

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը առաջին երկու միջնորդությանն էլ կողմ արտահայտվեց։

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը առաջինին դեմ արտահայտվեց, քանի որ, ասաց, փաստական հիմքը չի ձևավորվում, բայց երկրորդին կողմ արտահայտվեց։

Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ Հրայր թովմասյանի համար տարբերություն կա՞ որպես վկա հարցաքննության արդյունքո՞ւմ են ստանում նախագահի պատասխանը, թե՞ հարցում անելու միջոցով։ Հրայր Թովմասյանը պնդեց, որ նախագահը պետք է որպես վկա հարցաքննվի։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն անհրաժեշտություն չտեսավ, որ նախագահին անձամբ կանչեն, ասաց՝ գրավոր էլ կարող են դիմել։

ՍԴ դաըավոր Արթուր Վաղարշանը ևս համաձայն չէր, որ նախագահին կանչեն, բայց ՄԻՊ-ին կանչելուն կողմ էր։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը 3 միջնորդությանն էլ կողմ արտահայտվեց, ասաց, որ միջնորդությունները  պետք է բավարարվեն։ «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները ևս համամիտ էին։ «Պատիվ ունեմի» ներկայացուցիչն ասաց՝ առաջին միջնորդության մասով ձեռնպահ կմնան, երկրորդին ու երրորդին կողմ են։

Արման Դիլանյանն առաջարկեց 18։00-ին ավարտել դատաքննությունը և խորհրդակցության ֆորմատով քննարկել Հրայր Թովմասյանի միջնորդությունները, ապա որոշում կայացնել։

Արևիկ Պետրոսյանն առաջարկեց անհապաղ դնել քվեարկության։ Հրայր Թովմասյանն ասաց, որ եթե այս պահին չքննարկեն, հետագա քննարկմանը չի մասնակցի, քանի որ դա օրենքի խախտում կլինի։

Դատավորների մեծամասնությունը, սակայն, խորհրդակցական սենյակում քննելու կողմնակիցն էր, հետևաբար, որոշեցին այդպես անել։

Մանրամասն՝ տեսանյութում․