կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 18:39
Քաղաքական

Կրկնակի հակասահամանադրականություն կառաջանա, եթե առանց Արմեն Սարգսյանի՝ ՍԴ դիմելու ԱԺ նախագահը ստորագրի Սահմանադրության փոփոխության օրինագիծը․ Վարդան Այվազյան

Կրկնակի հակասահամանադրականություն կառաջանա, եթե առանց Արմեն Սարգսյանի՝ ՍԴ դիմելու ԱԺ նախագահը ստորագրի Սահմանադրության փոփոխության օրինագիծը․ Վարդան Այվազյան

Քանի դեռ ՀՀ նախագահը ՍԴ չի դիմել, բնականաբար, այստեղ ԱԺ նախագահի ստորագրելու մասին խոսք լինել չի կարող՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով ՍԴ գործող նախագահից և 12 տարի պաշտոնավարած անդամներից ազատվելու ԱԺ օրինագծի ընդունման ընթացակարգը։

Բանն այն է, որ օրինագծի ստորագրման և հրապարակման գործում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը առանցքային է։

Եթե ԱԺ-ում երկու ընթերցմամբ ընդունված օրինագիծը ՀՀ նախագահը ստորագրեց ու հրապարակեց, ապա դառնալու է հակասահմանադրական գործընթացի մասնակիցներից մեկը, ասաց Վարդան Այվազյանը, քանի որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չի ուղարկվել ՍԴ։  

Իսկ եթե Արմեն Սարգսյանը հրաժարվի ստորագրել օրինագիծը, ապա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ոչ մի դեպքում իրավունք չունի այն ստորագրելու ու հրապարակելու, քանի որ ընթացակարգն այլ բան է պահանջում և գործ կունենանք կրկնակի հակասահմանադրականության երևույթի հետ։

Սահմանադրագետը բացատրեց՝ ինչու․ այս նախագիծը պատգամավորների 2/3-ով ընդունվելուց հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է կա՛մ ստորագրի և հրապարակի, կա՛մ չստորագրի և ուղարկի Սահմանադրական դատարան։ Սա իմպերատիվ պահանջ է։ Եվ միայն Սահմանադրական դատարանի հաստատելուց հետո, եթե Արմեն Սարգսյանը հրաժարվի ստորագրել, նոր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարող է ստորագրել ու հրապարակել։ Իսկ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի նախագիծը, ապա ԱԺ նախագահն իրավունք չունի ստորագրելու ու հրապարակելու։

«Եթե ԱԺ նախագահը ստորագրեց և հանրապետության նախագահը լռելյայն ոչնչով չարձագանքեց, այսինքն, իր պարտականությունը չկատարեց ՍԴ դիմելու առումով, ապա, անկախ իր ստորագրած չլինելու հանգամանքից, հավասար դառնում է հակասահմանադրական գործընթացի պատասխանատու»,-հայտարարեց Վարդան Այվազյանը։

Այս ամենը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 129 հոդվածով, որն ամրագրում է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքը հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա հանրապետության նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Եթե հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Խորհրդարանական ընդդիմությունը, նրա համոզմամբ, չի կարող դիմել ՍԴ այս նախագծի հարցով, քանի որ չունի սահմանադրական լիազորություն Սահմանադրության փոփոխության սահմանադրականության հարց որոշելու, ինքը կարող է օրենքի սահմանադրականության հարցով դիմել, բայց ոչ Սահմանադրության սահմանադրականության հարցով։

«Ե՛վ Սահմանադրությամբ չունի նման լիազորություն, և՛ տրամաբանորեն չէր կարող ունենալ, քանի որ սա կոչվում է «նախնական սահմանադրական վերահսկողություն»․ սահմանադրական օրենքները և միջազգային պայմանագրերը մինչև իրավական ակտի ուժի մեջ մտնելը պարտադիր անցնում են նախնական սահմանադրական վերահսկողություն  և պետք է որոշվի՝ Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ»,-մեկնաբանեց սահմանադրագետը։

Սա տրամաբանական է, քանի որ խորհրդարանական ընդդիմության կողմից ՍԴ դիմելու իմաստը այս գործընթացում դուրս է գալիս․ «սա Սահմանադրություն է, սովորական օրենք չէ և պահանջվում է, որ «էն գլխից» Սահմանադրական դատարանի դրական որոշումը լինի, որպեսզի սահմանադրականության խնդիրը լուծվի։ Քանի որ ԱԺ-ում իշխող խմբակցությունը շրջանցել է Սահմանադրական դատարանը, ապա նախագիծն ինքնին դարձել է հակասահմանադրական և լրացուցիչ դիմելու կարիք չկա»։

Իսկ որ առաջին ընթերցումից հետո առանց ՍԴ դիմելու օրինագիծը երկրորդ ընթերցման բերելը միանշանակ Սահմանադրության խախտում է, Վարդան Այվազյանը հաստատում է և ասում, որ դա հետևանք կունենա։

«Սահմանադրության կոպիտ խախտման հետևանքն այն է, որ եթե իշխանությունը Սահմանադրությունը խախտում է, քանի դեռ իշխանության ղեկին է, խնդիր չունի, բայց երբ որ մի օր իշխանության ղեկին չլինի, դա անպայման իր հետևանքները կունենան»,-ասաց նա։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքն անտեսելու մասով՝ Վարդան Այվազյանը համոզված է, որ անցումային մեկ դրույթի փոփոխման համար անհրաժեշտություն չկար էլ դիմելու Վենետիկի հանձնաժողով․ «Ինչո՞ւ է ձեզ թվում, որ նույն Վենետիկի հանձնաժողովին չենք կարող «մաստեր-կլաս» ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը, ինչո՞ւ է ձեզ թվում, որ մենք այդ գիտելիքներին չենք տիրապետում, պարզապես, ինչպես ցանկացած իշխանություն, գործող իշխանությունը նույնպես խուսափում է ակադեմիական մտքի օգնությունից»։

Իսկ որ խուսափում է, ըստ նրա, փաստում է Սահմանադրության գլոբալ փոփոխության համար վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմը։

«Նոր Սահմանադրության ընդունումը ոչ մի լավ բան չի տալու մեզ, պետականության որակը ոչնչով չի բարձրացնելու, որովհետև այդ հանձնաժողովում ակադեմիական միտքը բացակայում է։ Ակադեմիական միտք ունեցող ասելով՝ նկատի ունեմ մասնագիտության մեջ մինչև վերջին բջիջը խորացած, ինքնահաստատված մասնագետ, որը դիվիդենտ ստանալու կամ գիտելիքն ու Սահմանադրությունը սեփականաշնորհելու խնդիր չունի, որը Սահմանադրությունը գրում է ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի համար, այլ գրում է Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ այս հանձնաժողովի կազմը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Սահմանադրություն է գրելու Նիկոլ Փաշինյանի համար»,-ասաց Վարդան Այվազյանը։

Նա համաձայնեց, որ նախորդ իշխանության ձևավորած Սահմանադրության փոփոխության հանձնաժողովը մասնագիտորեն ավելի բարձր որակի էր, քան ներկա հանաձնաժողովի կազմը, բայց ասաց, որ այնտեղ էլ ակադեմիզմը չկար, քանի որ ակադեմիական մտքի կրողը քաղաքական պատվեր չի կատարում ու դրա դիմաց պաշտոն չի ստանում, այլ գրում է օբյեկտիվ Սահմանադրություն՝ պետության համար։

Աննա Բալյան