Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների և նրանց աջակիցների կողմից ոչնչացման հետևողական քաղաքականություն էր իրականացվում նաև գնչուների հանդեպ. սպանվել է մոտ 500 հազար գնչու:
Մինչև այս տարվա մարտը Վիեննայի Հոլոքոստի գրադարանում ցուցադրվելու է «Մոռացված զոհեր. գնչուների նացիստական ցեղասպանություն» ցուցահանդեսը, որը պատմում է, թե ինչպես էին նացիստները ոչնչացնում գնչուներին, ներկայացվում է այդ ցեղասպանությանը նախորդած քաղաքականությունը, նաև բացահայտվում են փաստեր, որոնք տասնամյակներ շարունակ գաղտնի էին պահվել. ըստ yerkir.am-ի՝ գրում է իսպանական Rebelión կայքը:
«Մինչև 1933 թվականն էլ գնչուների հանդեպ Գերմանիայում խտրական վերաբերմունք կար, սակայն նացիստների՝ իշխանության գալուց հետո հետապնդումներն ավելի դաժան դարձան: Նրանց արգելվում էր զբաղվել մի շարք մասնագիտություններով, շատերին ուղարկում էին համակենտրոնացման ճամբարները: 30-ական թվականների վերջին, ըստ նացիստների ռասայական տեսության, գնչուները հայտարարվեցին «օտար արյան» տեր մարդիկ, որոնք վտանգում են «իշխող արիական ռասայի մաքրությունը»: Այդ տեսության շրջանակներում գնչուներին կեղծ գիտական հետազոտությունների էին ենթարկում և բռնի ստերիլիզացնում»,- գրում է կայքը:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանացիների կողմից օկուպացված տարածքներում նույնպես գնչուներին ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ և գետտոներ: Շատերը մահանում էին քաղցից, գնդակահարվում էին կամ իրենց մահկանացուն կնքում Հելմնոյի ու Օսվենցիմի ճամբարների գազախցերում:
Չնայած սարսափելի տառապանքներին ու անարդարացի վերաբերմունքին՝ գնչուների ցեղասպանության մասին շատ քիչ է հիշատակվել: Հիմնական պատճառներից մեկ նախապաշարմունքներն էին, զգուշավոր և խտրական վերաբերմունքը գնչուների նկատմամբ: Թշնամանքն ու բացասական կարծրատիպերն ապրում էին մարդկանց գիտակցության մեջ նաև 1945 թվականից հետո:
Բազմաթիվ երկրներում գնչուների չմասնակցելը երկրների քաղաքական ու տնտեսական կառավարման մարմինների աշխատանքներին պատճառ դարձավ, որ նրանց հանդեպ իրականացված ցեղսպանությունը չճանաչվի: Դա արտահայտվեց նաև նրանով, որ ռազմական հանցագործությունների փաստերով առաջին դատավարությունների ժամանակ պատասխանատվության չէին կանչվել գնչուների հանդեպ իրականացված ոճիրների պատասխանատուները:
Հետպատերազմական Գերմանիայում հերքվում էր, որ նրանց հետապնդումների են ենթարկել, նրանք փոխհատուցում չէին ստանում՝ որպես նացիստների ռասայական խտրական քաղաքականության զոհեր: Նաև՝ պատերազմից հետո կառուցված հուշահամալիրներից և ոչ մեկը նվիրված չէր գնչու զոհերի հիշատակին:
Գերմանիան նացիստների հանցագործությունները գնչուների հանդեպ պաշտոնապես ընդունեց 1982 թվականին: Ֆրանսիան առաջին անգամ ներողություն խնդրեց գնչուներից, որ աջակցել է նացիստներին նրանց հետապնդելու գործում, 2016 թվականին:
ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում նույնպես գնչուների ցեղասպանության մասին համարյա չէր խոսվում:
Վիեննայի Հոլոքոստի գրադարանն այդ թեմային վերաբերող կարևոր փաստաթղթեր ունի, այդ թվում ՝ ողջ մնացած գնչուների վկայությունները, որոնք պատրաստվում է հրատարակել 2020-ին: Ցուցահանդեսի կարևորագույն փաստաթղթերից է «Լեհերի, հրեաների և գնչուների հանդեպ արգելքները» շրջաբերականը, որը Նյուրնբերգի դատավարության ժամանակ ներկայացվել է որպես նացիստների հանցագործությունների ապացույց: Այն թվագրված է 1944 թվականի մարտի 10-ով և Հենրիխ Հիմլերի կողմից ուղարկված է եղել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Շրջաբերականում հրամայվում է «ամբողջությամբ տարհանել ու մեկուսացնել» հրեաներին ու գնչուներին, իսկ թե ինչ է դա նշանակում, պարզ է:
Իսպանական կայքը նշում է, որ թեև արդեն բավական ուշ է վերականգնել ոտնահարված արդարությունը, այնուամենայնիվ, անթույլատրելի է խտրականությունը, որին ենթարկվում է գնչուական համայնքը Հունգարիայում նաև այսօր, կամ՝ Ուկրաինայում, որտեղ վերջին երկու տարիներին նեոնացիստական խմբերը հարձակումներ են գործում գնչուների վրա: «Եվ Վիեննայի Հոլոքոստի գրադարանի ցուցահանդեսը կարող է դեր ունենալ գնչուների հանդեպ վերաբերմունքի փոփոխության գործում ու ցույց տալ, թե ինչի կարող են հանգեցնել խտրականությունն ու նախապաշարմունքները»,- եզրափակում է Rebelión-ը: