կարևոր
3784 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 11:31
Քաղաքական

1938 թվականին Թուրքիան նացիստական Գերմանիայից թունավոր գազ է գնել՝ քուրդ ալևիներին և հայերին սպանելու համար

1938 թվականին Թուրքիան նացիստական Գերմանիայից թունավոր գազ է գնել՝ քուրդ ալևիներին և հայերին սպանելու համար

Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Թաներ Աքչամը 2023 թվականի մարտի 31-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում թուրքերեն բացահայտող հոդված է գրել` թուրքական կառավարության կողմից 1938 թվականին Թուրքիայի արևելյան նահանգ Դերսիմում տասնյակ հազարավոր փոքրամասնությունների դաժան կոտորածի վերաբերյալ: Հոդվածը վերնագրված էր՝ «[Նախագահ] Մուստաֆա Քեմալը և [վարչապետ] Իսմեթ Ինոնուն հրամայել են թունավոր գազ օգտագործել Դերսիմի կոտորածի ժամանակ»։

Թեև առաջին անգամը չէ, որ այս տեղեկությունը բացահայտվում է, սակայն պրոֆեսոր Աքչամը վերհանել է լրացուցիչ թուրքական փաստաթղթեր, որոնք հաստատում են Աթաթուրքի և Ինոնուի կողմից պատվիրված այս սարսափելի կոտորածի մանրամասները: Երկու թուրք ղեկավարները 1937 թվականին գաղտնի հրամանագիր են ստորագրել Գերմանիայից 20 տոննա թունավոր մանանեխի գազ և 24 երկշարժիչ ինքնաթիռ գնելու համար՝ օդային ճանապարհով տարածման և ռմբակոծման միջոցով քուրդ ալևիներին և հայերին ոչնչացնելու համար, որոնք թաքնվում էին Դերսիմի լեռնային քարանձավներում։ Դերսիմի հազարավոր հայ բնակիչները Հայոց ցեղասպանության վերապրածներ էին, որոնք փախել էին և իրենց կյանքը փրկելու համար դավանափոխվել ալևիզմի։

Վերջին տարիներին շատ հոդվածներ և գրքեր են հրատարակվել, որոնք փաստում են Հիտլերի հիացմունքը Աթաթուրքի նկատմամբ: Թուրքական կառավարության և նացիստական Գերմանիայի համագործակցությունն այս երկու պետությունների հանցավոր գործընկերության ևս մեկ վկայություն է։ Անգամ այսօր թուրքական զինուժը շարունակում է օգտագործել վերջին տարիներին Գերմանիայից գնված թունավոր գազերը՝ խախտելով Քիմիական զենքի մասին կոնվենցիան՝ ոչնչացնելու համար քրդերին Թուրքիայում և ենթադրաբար Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում։

Դերսիմի կոտորածի հեգնական շրջադարձերից մեկը 1915 թվականի ցեղասպանության ժամանակ որբացած հայուհի Սաբիհա Գյոքչենի մասնակցությունն է, որին Աթաթուրքը հետագայում որդեգրել էր որպես իր դուստր:

Նա դարձել է Թուրքիայի առաջին կին օդաչուն և մասնակցել Դերսիմի ռմբակոծմանը, որը վերանվանվել է Թունջելի։ Հայտնի չէ, թե արդյոք նա տեղյակ է եղել, որ մասնակցում է իր նման ցեղասպանությունից փրկված իր հայրենակիցների սպանությանը։ Ստամբուլի երկու օդանավակայաններից մեկը կոչվել է նրա անունով՝ որպես «Պատերազմի հերոս»։

Թուրքական դատարանը 2011 թվականի մարտին որոշում է կայացրել, որ թուրքական կառավարության կողմից Դերսիմում տեղի ունեցած ջարդերը օրենքի համաձայն չեն կարող ցեղասպանություն համարվել, քանի որ դրանք համակարգված կերպով ուղղված չեն եղել էթնիկ խմբի դեմ: Այնուամենայնիվ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 2011 թվականին լինելով վարչապետ, ներողություն խնդրեց 1938 թվականին Դերսիմի ջարդերի համար: Էրդողանի ներողությունը կասկածանքով դիտվեց որպես պատեհապաշտ քայլ՝ Թուրքիայի քրդական մեծ բնակչության ձայները կառավարության գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP) շահելու համար, որը Աթաթուրքի Հանրապետական կուսակցության շարունակությունն է: Էրդողանը Դերսիմի ջարդերը որակեց որպես «մեր նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձությունը»։ Նա հավելեց, որ թեև ոմանք փորձում էին արդարացնել սպանությունները որպես օրինական պատասխան տեղի ունեցողիրադա րձություններին, դա իրականում «գործողություն էր, որը մշակված էր քայլ առ քայլ…

Դա աղետ է, որն այժմ պետք է համարձակորեն քննվի: Կուսակցությունը, որը պետք է առերեսվի այս միջադեպին, իշխող
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէ։ Այս արյունալի աղետի հետևում կանգնածը CHP-ն է, որ պետք է առերեսվի այս միջադեպին»: Այս մեկնաբանությունները ընդգծված ուղղված էին ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որն իրականում Թունջելիից է և 2023 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր հակառակորդը: Հետաքրքիր է, արդյոք Էրդողանը նույնպես ներողություն կխնդրե՞ր Հայոց ցեղասպանության համար, եթե այժմ Թուրքիայում բնակվող միլիոնավոր հայ ընտրողներ լինեին:

Իր հոդվածի ծանոթագրություններից մեկում Աքչամը վկայակոչել է Գերմանիայի խորհրդարանի մի փաստաթուղթ, որտեղ մի քանի անդամներ 2019-ին Գերմանիայի կառավարությունից պահանջել են թուրքական կողմից նացիստական Գերմանիայից թունավոր գազի և ինքնաթիռների գնման մանրամասները։ 1938-ին Թուրքիա են բերվել նաև քիմիական զենքի գերմանացի փորձագետներ՝ զինվորականներին թունավոր գազի օգտագործման ուսուցման համար։ Գերմանական կառավարությունն իր պատասխանում ընդունել է «[Դերսիմի] զոհերի և նրանց ժառանգների տառապանքը» և ավելացրել. «Դաշնային [Գերմանիայի] կառավարությունը պատրաստ է քննելու Գերմանիայի մասնակցությունը, եթե  Թուրքիայի կողմից ընթացք ստանան այն ժամանակվա իրադարձությունները»։

Թեև այս զանգվածային սպանությունները չեն կարող արդարացվել որևէ պարագայում, թուրքական կառավարությունը 1930-ականներին փորձում էր ճնշում գործադրել ներքին ընդդիմության վրա և իր իշխանությունը պարտադրել Դերսիմի շրջանում: 1936 թվականի նոյեմբերի 1-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Աթաթուրքը Դերսիմը բնութագրել է որպես «Թուրքիայի ամենակարևոր ներքին խնդիրը»:

Թուրքական կառավարությունը, վարելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների թուրքացման քաղաքականություն, 1936 թվականին ընդունել է «Թունջելի նահանգի վարչակազմի մասին օրենքը», որի նպատակն էր տեղի բնակչությանը վերաբնակեցնել Թուրքիայի այլ շրջաններ։ Ավելի քան 50 հազար թուրք զինվոր ուղարկվեց Դերսիմ։ Նրանք բռնեցին և կախաղան հանեցին տեղական ապստամբության ղեկավարներին և անխտիր ռմբակոծեցին ու սպանեցին նրա հազարավոր բնակիչներին: Թեև թուրքական կառավարությունը խոստովանել է, որ Դերսիմի 13 806 բնակիչ է սպանվել, ոմանք նշում են, որ զոհերի թիվը շատ ավելի բարձր է՝ 70 հազար և ավելի: Փրկվածներից շատերին տեղափոխել են երկրի այլ շրջաններ, իսկ քուրդ աղջիկներին հանձնել թուրք ընտանիքներին՝ որդեգրման համար։

Ցավոք, Թուրքիան դեռևս ժխտում է իր անցյալի զանգվածային հանցագործությունները: Դերսիմի կոտորածն
ընդամենը մեկ օրինակ է տարբեր փոքրամասնությունների բնաջնջման, որն սկսվել է Օսմանյան կայսրությունում
և շարունակվել Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանում։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի