կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-29 12:44
Իրավական

Կառավարությունը վերադառնում է 2000–ականնե՞ր. ինչի՞ կհանգեցնի փորձագիտական հիմնարկների միավորումը

Կառավարությունը վերադառնում է 2000–ականնե՞ր. ինչի՞ կհանգեցնի փորձագիտական հիմնարկների միավորումը

Կառավարությունը մինչև 2023թ. նախատեսել է ՀՀ–ում գործող պետական դատափորձագիտական հիմնարկները միավորել մեկ միասնական կենտրոնում՝ հայտնում է Yerkir.am-ը։ Այս մասին ներկայացված է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում։

Փորձագիտական ծառայություններ մատուցող պետական մարմիններում ընդգրկված ստորաբաժանումների միավորման գաղափարը, սակայն այլընտրանքի ինստիտուտի վերացման պատճառով ոչ միանշանակ է ընդունվում ինչպես արդարադատություն և քրեական հետապնդում իրականացնող մարմինների, այնպես էլ   դատափորձագիտական շրջանակներում։

Նշենք, որ ներկայումս, բացի որոշ ուղղություններով գործող մասնավոր կազմակերպություններից դատական փորձաքննության բնագավառում գործում են ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, դատաբժշկական փորձաքննությունների առումով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև մինչդատական վարույթում փորձաքննություններ են կատարվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետների կողմից: Ըստ նախագծի հիմնավորման՝ կարողությունների այսպիսի բաշխումը առաջ է բերել մի իրավիճակ, որ այդ հաստատությունները չունեն բավարար տեխնիկական ապահովվածություն, փորձագետների աշխատանքի միասնական մշակված մեթոդաբանություն և քիչ չեն դեպքերը, երբ կատարվող փորձաքննությունների արդյունքները և դրանցում կիրառված մեթոդաբանությունը էականորեն տարբերվում են միմյանցից, ընդ որում քրեական վարույթի շրջանակներում դատական փորձաքննությունների իրականացման հիմնական բեռը կրում են պետական դատափորձագիտական կազմակերպությունները:

Մատնանշված խնդիրները լուծելու նպատակով նախատեսվում է փորձաքննություն կատարող հաստատությունները, որոնք հիմնադրվել են պետության կողմից և գործում են այս կամ այն պետական մարմնի կամ հաստատության ենթակայությամբ, միավորել մեկ միասնական հաստատության մեջ, որը ապահովված կլինի անհրաժեշտ ներուժով: Ըստ հիմնավորման՝ միասնական հաստատությունը պետք է լինի այն հենքը, որի շնորհիվ պետք է էականորեն բարելավվեն մինչդատական վարույթում և դատական քննության ընթացքում փորձաքննության իրականացման արդյունքները և ժամկետները: 

Այս հիմնավորումներով  նախագծի հեղինակներն, ըստ էության, կասկածի տակ են դնում պետության կողմից հիմնադրված դատափորձագիտական կառույցների արդյունավետությունն ու անկախությունը։ Տպավորություն է, թե կառավարությունը նպատակ է դրել վերադառնալ 2000–ական թվականների իրավիճակին, երբ Հայաստանում առկա էր միայն մեկ պետական  բազմաբնագավառ փորձագիտական մարմին։ Խոսքը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի մասին է, որը 2002 թ.–ին վերակազմակերպվեց և ստացավ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ անվանումը, իսկ դատաբժշկական բնագավառով դեռևս խորհրդային ժամանակներից միակը հանդիսանում էր ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

 Փորձագիտական կենտրոնի վերակազմավորումից երկու տարի անց՝ 2004 թ.–ին, Հայաստանում ստեղծվեց իրավապահ համակարգից անկախ, նոր և այլընտրանքային փորձագիտական մարմին՝  Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը։  Այլընտրանքային փորձագիտական մարմինը ձևավորվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Դատաիրավական համակարգից լիարժեք անկախության ապահովման նպատակով՝ ամերիկյան կողմի պահանջով ի սկզբանե որոշվել է Բյուրոյի կազմավորումն իրականացնել գիտական միջավայրում՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում: Ըստ մասնագետների՝ նոր դատափորձագիտական կառույցը գործելով գիտական միջավայրում, պետք է ապահովեր գիտության տարբեր ճյուղերի առաջատար մասնագետների, գիտնականների հետ գիտագործնական անմիջական շփումները, համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը՝ համատեղելով գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող տարբեր գիտահետազոտական ինստիտուտների գիտական ներուժը և հանդիսանար այլընտրանքային դատափորձագիտական կառույց, ունենալով նաև հակակոռուպցիոն գործունեության նպատակ: Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոն Հայաստանի Հանրապետությունում ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունն է, որտեղ իրականացվում են 27 տեսակներով, ավելի քան 130 ենթատեսակներով տարաբնույթ դատական փորձաքննություններ, գիտահետազոտական և ուսումնակրթական աշխատանքներ՝ փաստացի հակակշռելով ինչպես ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Բացի այդ Փորձաքննությունների ազգային բյուրոն Հանրապետությունից միակն է, որը հանդիսանում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ։

Նախորդ տարիների ընթացքում նշված փորձագիտական կառույցներից թե որոնք որքանով են արդարացրել և արդարացնում իրենց, կարող են փաստել փաստաբանները, քննիչները, դատախազները, դատավորները, իրավապաշտպան կազմակերպություները և շարքային քաղաքացիները, որոնք առնչվել են փորձաքննությունների հետ։ Սակայն այն, որ նշված առանձին կառույցների առկայությունը հնարավորություն է տվել դատափորձագիտական ոլորտում մրցակցություն ապահովել, փաստ է։ Իսկ այս հանգամանքը չափազանց կարևոր է հատկապես փորձաքննությունների եզրակացությունների տրամադրման և պատշաճ որակի ապահովման տեսանկյունից, ինչպես նաև կրկնակի փորձաքննությունների ինստիտուտի լիարժեք գործարկման առումով։

Իսկ Հայաստանում, քրեական դատավարության բոլոր փուլերում մշտապես խնդիր է եղել ինչպես փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգումներն, այնպես էլ տրվող եզրակացությունների որակը։ Եթե ներկայումս քրեական, վարչական կամ քաղաքացիական գործերով փորձաքննությունների կատարումը հանձնարարելիս կա այլընտրանք՝ ի դեմս նշված կառույցների,  օրենքի ընդունումից հետո փորձաքննության ոլորտում նախապատվությունը տրվելու է պետական մարմնին՝ ապավինելով մեկ միասնական փորձագիտական մարմնի  փորձագետների կողմից տրված եզրակացությանը։

 Առկա տեղեկությունների համաձայն ներկայումս գործող վերը թվարկված բոլոր պետական դատափորձագիտական կառույցները աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, և բացի տեխնիկական հագեցվածության ապահովումից, ոլորտի առաջնային խնդիրներից է նաև որակյալ մասնագետների պակասը։ Դատափորձագիտական ոլորտի մի շարք բնագավառներում ՀՀ-ում ոչ միայն բացակայում են որակյալ կադրերը, այլ նաև վերջիններիս ուսումնառության և մասնագիտացման հնարավորությունները՝ հատկապես անհրաժեշտ տեխնիկայով հագեցած ամբիոնական բազաների բացակայությամբ պայմանավորված:

Իսկ ինչ վերաբերում է փորձագիտական հիմնարկների տեխնիկական հագեցվածության խնդրին, ապա պետք է նշել, որ հայաստանյան բազմաթիվ պետական և մասնավոր կառույցների օրինակով Հայաստանում գործող դատափորձագիտական կառույցները ևս հաճախ ապավինում են միջազգային դրամաշնորհային և այլ ծրագրերին: Նախատեսվող իրավիճակում որևէ երաշխիք չկա, որ փորձագիտական ստորաբաժանումները միավորելով մեկ հարկի տակ, դոնոր կազմակերպությունները կշարունակեն իրենց ծրագրերի իրականացումը։

Նման իրավիճակում ոլորտի նշված խնդիրների լուծումը չպետք է դիտարկել զուտ փորձաքննություններ իրականացնող պետական կազմակերպությունների միավորման համատեքստում։ Այն բավականին բազմաշերտ խնդիր է և պահանջում է խորը վերլուծությունների և մասնագիտական քննարկումների իրականացում   դատափորձագիտական և դատաքննչական ոլորտների առաջատար մասնագետների ներգրավմամբ։

Հարկավոր է նաև վերհանել ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, ձեռնարկել դրանց կանխարգելմանն ու վերացմանը միտված կոնկրետ գործողություններ՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը։ Անշուշտ, առանձնակի կարևորություն ունի փորձաքննության ոլորտում միասնական մեթոդաբանության և չափորոշիչների ընդունումը, ինչը թույլ կտա կանոնակարգել և վերահսկել պետական դատափորձագիտական, ինչպես նաև մասնավոր փորձագիտական կազմակերպությունների գործունեությունը։ Ոչ պակաս կարևոր է նաև ոլորտի համապատասխանեցումը միջազգային առաջավոր փորձին չափանիշներին և  զարգացման միտումներին, որի կարևոր բաղադրիչներից է հանդիսանում համապատասխան մասնագիտական  գիտելիքներով օժտված փորձագիտական ներուժի և նյութատեխնիկական բազայի ձևավորումն ու արդի հնարավորություններով օժտված լաբորատոր պայմանների ապահովումը: Նշվածի առումով, հատկապես քրեական վարույթի շրջանակներում պետության պոզիտիվ պարտականությունների պատշաճ իրագործման ապահովման համատեքստում մասնագետների կարծիքով առաջնահերթ անհրաժեշտ է սարքավորումային բազայի ձևավորման համար կառավարության սատարումը պետական դատափորձագիտական կազմակերպություններին՝ միջազգային համագործակցության տարբեր ծրագրերում ընդգրկվելու և հագեցվածությունն ու զարգացումն ապահովելու նպատակով:

Հուսանք, կառավարությունը ռազմավարությամբ նախանշված նպատակները կյանքի կոչելիս կձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք միտված կլինեն ապահովելու մեր երկրում դատափորձագիտական ոլորտի լիարժեք անկախությունն ու զարգացումը: