կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 17:08
Առանց Կատեգորիա

Ինչի կհանգեցնի Գևորգ Կոստանյանի և Աղվան Հովսեփյանի միջև մղվող «պատերազմը»

Ինչի կհանգեցնի Գևորգ Կոստանյանի և Աղվան Հովսեփյանի միջև մղվող «պատերազմը»

Հայաստանի գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը որոշում է ընդունել կասեցնել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը: Իբրև հիմնավորում` նշվում է, որ ՀՔԾ-ն դատավարական կոպիտ խախտումներ է թույլ տվել նախաքննության իրականացման ժամանակ, մասնավորապես` լրագրողին չի ճանաչել որպես գործով տուժող` նրան զրկելով այդ կարգավիճակից բխող որոշ իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

 

Հիշեցնենք, որ մինչ այդ` հոկտեմբերի 7-ին, գլխավոր դատախազը վերացրել էր «Ա1+»-ի լրագրողի հետ կապված` ԱԺ մուտքի մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը, ինչը ուղղակի բացահայտում կամ ավելի ճիշտ կլինի ասել` վերահաստատում է դատախազության և ՀՔԾ-ի միջև ընթացող հրապարակային պատերազմը:

 

Դատախազության կռիվը, սակայն միայն ՀՔԾ-ի դեմ չէ: Մոտ մեկ ամիս առաջ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվեցին քրեական գործեր, որոնք նախաքննության համար ուղարկվեցին ՀՔԾ: Քննիչները մեղադրվում էին որոշ գործերի նախաքննության ժամանակ անձի ձերբակալման մասին դատախազին մի քանի ժամ ուշացումով իրազեկելու, նախաքննության ժամկետը դատախազի կողմից չերկարացվելու պարագայում գործը մեղադրական եզրակացությամբ քննիչի կողմից դատախազին ուղարկելու արարքների մեջ։ Բայց այն ժամանակ ևս ՀՔԾ-ն Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնի պետի եւ քննիչի նկատմամբ հարուցված գործը կարճելու որոշում կայացրեց` պատճառաբանելով հանցագործության դեպքի բացակայությունը: Ավելի ուշ դատախազությունն իր որոշմամբ վերացրեց նաև գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ այս որոշումը:

 

Այսինքն, ըստ էության, դատախազությունը «պատերազմ» է սկսել միաժամանակ երկու ուղղությամբ` Քննչական կոմիտեի և ՀՔԾ-ի, որոնք, իրենց հերթին, յուրօրինակ մի կոալիցիա են ձևավորել ընդդեմ դատախազության կամ, ավելի ճիշտ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի: Արդյունքում` ձևավորվել է մի պրակտիկա, երբ միևնույն գործի շրջանակում հակառակ ճամբարներից գործնականում անընդհատ կարող են ընդունվել քրեական գործեր հարուցելու, կարճելու մասին իրար բացառող որոշումներ: Երևույթ, որը հազվադեպ էր պատահում մինչև Քննչական կոմիտեի ստեղծումը և դրա նախագահի պաշտոնում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նշանակումը: Փսատորեն, թե' նախաքննություն իրականացնող համակարգի, թե' նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինի` դատախազության էներգիան ու ռեսուրսները վատնվում են այս դիմակայության վրա, որը, գոնե այս պահին ընդամենը դատախազության կողմից քննչական կոմիտեի վրա ազդեցություն տարածելու և նրանց կողմից այդ հավակնությանը դիմակայելու ներքին մղումների վրա խարսխված անձնավորված մարտավարական պայքար է:

 

Այն, որ առանձին Քննչական կոմիտեի ստեղծումը հանգեցնելու էր ներքին պայքարի, թերևս պարզ էր դեռ այն ժամանակ, երբ կայացվեց նման կառույց ունենալու և այն Աղվան Հովսեփյանի «հագով կարելու» քաղաքական որոշումը: Սակայն ենթադրելի էր, որ այդ կոնֆլիկտը լինելու է ինստիտուտցիոնալ մակարդակում` հիմնված ոչ թե անձնական սիմպատիաների, անտիպատիաների կամ ամբիցիաների վրա, այլ առողջ մրցակցության, քանի որ ենթադրելի էր, թե գործելու է երկու առանձնացվող համակարգերի փոխազդեցության և փոխադարձ զսպումների ու հավասարակշռման սկզբունքը: Նման մրցակցության հարուցումը թերևս միակ կամ լավագույն տարբերակն էր արդարադատության համակարգը և հատկապես դրա նախնական` նախաքննության ենթահամակարգն առողջացնելու, օրինականության և արդարության սկզբունքներն ավելի կիրառելի դարձնելու համար: Սակայն, ինչպես երևում է ներկայումս ծավալված դիմակայության մակարդակից, պրոցեսն ավելի շատ զարգանում է բոլորովին այլ ուղեգծով: Դատախազությունը, Քննչական Կոմիտեն և ՀՔԾ-ն այսօր սարքել են մի իսկական թատրոն, որն ավելի շատ հիշեցնում է անհաջող սցենարով սերիալ:

 

Բայց ակնհայտորեն երևում է, որ կոնֆլիկտը խորացնելու հարցում շահագրգիռ է հատկապես գլխավոր դատախազը: Դրա մասին է վկայում ոչ միայն ՔԿ-ի ստեղծումից հետո քննիչների նկատմամբ սկսված յուրօրինակ հետապնդումն այնպիսի արարքների համար, որոնք մինչ այդ դատախազության կողմից ներքին կարգով ներվում էին, այլև այն փաստը, որ այս ամենն սկսվեց ՔԿ-ի ղեկավարի պաշտոնում Աղվան Հովսեփյանի նշանակումից հետո: Կոստանյանը, փաստորեն, փորձում է ցույց տալ, որ հիմա ինքն է «թամբի վրա», և որ դատախազության մեջ նախկին ղեկավարի ունեցած հեղինակությունը ոչ մի եղանակ այլևս չի ստեղծում: Ողջ հարցն այն է, թե արդյո՞ք դատախազն այս ամենը հրապարակային մակարդակով ցուցադրելու մարտավարությունն ինքնուրույն է ընտրել: Եթե այս «ձեռնամարտը» շարունակում է ծավալվել նույն ինտենսիվությամբ, ապա նշանակում է, որ նախագահն առնվազն դեմ չէ հարաբերությունների պարզման այսպիսի տարբերակին, և գուցե հենց ինքն է ցանկանում այդ կերպ մեկուսացնել Հովսեփյանին: Չի բացառվում նաև, որ սա պարզապես միջոց է` հասկացնելու վերջինիս, որ ճամպրուկները հավաքելու ժամանակն է, և որ իշխանությունը տրամադրված չէ դրան ևս երկու տարի սպասել:

 

Որ Սերժ Սարգսյանի տրամադրվածությունը կարող է այդպիսին լինել, հուշում է նաև Աղվան Հովսեփյանին նախատեսվածից ավելի ուշ, որոշակի ձգձգումներից հետո այդ պաշտոնում նշանակելու հանգամանքը, ինչից անմիջապես հետո էլ, փաստորեն, սկսվեց այս ամբողջ թատրոնը: Եվ սա հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է պետական ինստիտուտների կայացումն ու քայքայումը պայմանավորվում անձերի նկատմամբ վերաբերմունքով, մարդկանց լավություն կամ վատություն անելու կենցաղային կատեգորիաներով: Եթե այս պրակտիկան շարունակվի ևս մի ինչ-որ ժամանակաշրջան, ապա հենց այսպիսի հարաբերությունների ավանդույթներ էլ ձևավորվելու են դատախազության և նախաքննական մարմինների միջև` երկու համակարգերը միաժամանակ անընդհատ պահելով ավելորդ ու նյարդային լարվածության մեջ, գցելով նրանց արդյունավետությունը: Գուցե դրանից ինչ-որ մեկը շահում է, բայց դա հաստատ պետությունը և արդարադատության համակարգը չէ:

 

Գևորգ Աղաբաբյան