կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 18:38
Առանց Կատեգորիա

Ինչի կհանգեցնի ռուս-թուրքական կոնֆլիկտի խորացումը

Ինչի կհանգեցնի ռուս-թուրքական կոնֆլիկտի խորացումը

Օրեր առաջ Սիրիայում գտնվող ռուսական կործանիչների կողմից Թուրքիայի օդային սահմանն անցնելու խնդրին Անկարան և ՆԱՏՕ-ն այնպիսի հնչեղություն են տվել, կարծես խոսքը ոչ թե սահմանը հատելուն է վերաբերում, այլ ռուսական ռազմաօդային ուժերի կողմից հարձակման կամ ռմբակոծման ենթարկվելուն: Անկարայում Ռուսաստանի դեսպանը բացատրություններ տալու համար երկու անգամ կանչվեց Թուրքիայի ԱԳՆ-ն,  վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, Անկարայի նախաձեռնությամբ հրավիրվեց ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստ, որից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը հանդես եկավ Սիրիայում ռուսական ռազմաօդային ուժերի գործողությունները քննադատող հայտարարությամբ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը երեկ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է զորք ուղարկել Թուրքիա՝ անհրաժեշտության դեպքում նրան «հարավային ուղղությունից եկող սպառնալիքից» պաշտպանելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիայի հետ խնդիրներ ունենալը նույնն է, թե խնդիրներ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, այսօր Ճապոնիա մեկնելիս սպառնացել է վերանայել Ռուսաստանից գազ գնելու որոշումը, ինչպես նաև չեղարկել «Աքքույու» ատոմակայանի շինարարությունը ռուսական ընկերությունների միջոցով իրականացնելու նախագիծը:

Անկարան և Հյուսիսատլանտյան դաշինքը միջադեպերի խնդիրը շարունակում են սրել անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատրաստակամություն հայտնեց հետագայում նման դեպքերից խուսափելու համար խորհրդակցություններ սկսել թուրքական կողմի հետ` փաստացի հասկացնելով, որ ցանկություն չունի փչացնելու Անկարայի հետ հարաբերությունները: Չնայած նրան, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտի Պեսկովը հայտարարել էր, թե այդ միջադեպերը, ինչպես նաև Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ ՌԴ ռազմաօդային ուժերի գործողությունները չեն փչացնի Մոսկվայի և Անկարայի` բավական խոր հիմքեր ունեցող հարաբերությունները, Էրդողանն այսօր «անլուրջ» է որակել Թուրքիայի սահմանը խախտելու վերաբերյալ Մոսկվայից հնչող բացատրությունները:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը Թուրքիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը որևէ սպառնալիք չի ներկայացնում, և Անկարայի ու ՆԱՏՕ-ի բարձրացրած աղմուկը չափազանցված է ու անհիմն: Ռուսական ինքնաթիռների սահմանախախտման խնդիրը Անկարայի սրելուց հետո Ռուսաստանը Կասպից ծովի իր նավատորմի 4 հրթիռակիր նավերից արձակված հեռահար խոցման թեւավոր հրթիռներով հոկտեմբերի 6-ին հարվածներ հասցրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքներին: Դրա նպատակներից մեկը Անկարային հասկացնել էր, որ ռազմական ինքնաթիռների կողմից սահմանի խախտումը ոչինչ չի նշանակում, և ցանկության դեպքում Մոսկվան կարող է Սիրիայում իր խնդիրները լուծելու համար նաև այլ զինատեսակներ օգտագործել:

Ներգրավվելով սիրիական ճգնաժամում` Ռուսաստանը սպառնում է Թուրքիայի կենսական շահերին մերձավորարևելյան տարածաշրջանում: Հենց այս սպառնալիքն է, որ ստիպում է գլուխը կորցրած Անկարային դիմել հուսահատ այնպիսի քայլերի, ինչպիսին տեղի ունեցածը ՌԴ-ի կողմից  իր տարածքի նկատմամբ իբր ագրեսիայի դրսևորում ներկայացնելն է: Խնդիրն այն է, որ Սիրիա Ռուսաստանի «ներխուժման» և Բաշար Ասադի վարչակարգին ռազմական աջակցության ցուցաբերման հաջողության դեպքում  Թուրքիան կանգնում է սկսած սիրիական խաղը բոլոր ճակատներում տանուլ տալու վտանգի առջև: Զարգացումների նման ընթացքի դեպքում Անկարան կարող է կորցնել վերահսկողությունը Սիրիայի հյուսիսային շրջանների և դրանցով անցնող կոմունիկացիոն հանգույցների նկատմամբ, զրկվել բավական շահավետ պայմաններով ԻՇԻՊ-ի հետ նավթային ստվերային գործարքների հնարավորությունից, ահաբեկչական խմբավորումների նահանջի դեպքում մենակ մնալ Իրաքի, Սիրիայի և իր իսկ ներսում քրդական զինյալ խմբավորումների ահռելի ուժի դեմ, կանգնել իր հարավային սահմանին ռուսական նոր ռազմաբազայի ստեղծման փաստի առջև:

Դրանցից խուսափելու միակ քաղաքական միջոցը ՆԱՏՕ-ի միջամտությանն ապավինելն է և նրա ճնշման ներքո Ռուսաստանին Սիրիայից դուրս մղելը: Դժվար է հավատալ, որ նման իրավիճակում Թուրքիան իրեն թույլ կտա մտնել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական առճակատման մեջ: Վարչապետ Դավութօղլուն օրերս հայտարարեց, որ նպատակն ամենևին դա չէ: Օբյեկտիվորեն նման առճակատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն տեղի ունենա Ռուսաստան-ԱՄՆ տիրույթում: Իսկ այստեղ կողմերից որևէ մեկն առայժմ Ռուբիկոնն անցնել չի ցանկանում:

Եվ, այնուամենայնիվ, թուրքական այս հիստերիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նյարդային արձագանքը բացահայտում են մի քանի հետաքրքրական շերտեր: Առաջին` երբ Թուրքիան համարում է, որ Մոսկվան իր շահերի ու հետաքրքրությունների գոտի է ներխուժել, որի իրավունքը չուներ, ապա ակամա խոստովանում է, որ Սիրիան Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բաժանված է եղել ազդեցության գոտիների, և Սիրիայի հյուսիսային շրջանները հանձնված են եղել Թուրքիայի ամբողջական հայեցողությանը: Այս նախատեսվող պարիտետն է, փաստորեն, իր «ներխուժմամբ» խախտում Ռուսաստանը:

Երկրորդ` եթե իսկապես այդպես է, ապա բացահայտվում է դարի` գուցե ամենանողկալի գործարքներից մեկը` հանուն նոր մերձավորարևելյան ստատուս քվոյի` քրդական հարցի լուծումն ամբողջությամբ Թուրքիայի հայեցողությանը թողնելը: Թերևս հենց այդ պայմանով Անկարան ամռանը համաձայնեց ամերիկյան ռազմական օդուժի առջև բացել Ինջիրլիքի, Բաթմանի, Դիարբեքիրի ռազմաօդային բազան: Պատահական չէ, որ Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջանններում տեղակայված քրդական զինյալների ճամբարներին հարվածները թուրքական  ռազմաօդային ուժերն սկսեցին դրա շուրջ համաձայնությունների ձեռք բերումից հետո: Այլ կերպ ասած` Թուրքիային հետ համաձայնության գինը եղել է քրդական տարրի դեմ Թուրքիայի սանձազերծելիք պատերազմի և այդ հարցն արյան մեջ խեղդելու նկատմամբ աչք փակելը: Իրավիճակ, որ այնքան շատ է հիշեցնում 20-րդ դարասկզբի հայկական ողբերգությունը:

Երրորդ` Ռուսաստանի անակնկալ ներխուժումը խառնում է Սիրիան կիսելու և Իրաքի ու Սիրիայի տարածքներում նոր, քաոսային ստատուս քվո հաստատելու` թուրք-ամերիկյան ծրագրերը: Հիմա վերջիններս ստիպված են լինելու տարածաշրջանի նոր քարտեզագրման մեջ տեղ գտնել Ռուսաստանի համար, որը եկել է պաշտպանելու իր ռազմական հենակետերը Տարտուսում և Լաթաքիայում, վերադարձնելու կորցրած դիրքերը Մերձավոր Արևելքում  և ճեղքելու իր նկատմամբ կիրառվող քաղաքական բլոկադան: Ի դեպ, բոլորովին չի կարելի բացառել, որ թուրքական այս աճող հիստերիայի նպատակը, նաև` իբրև նվազագույն ձեռքբերում, Ռուսաստանից Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ վերահսկողության «մանդատ»  ստանալն է:

Գևորգ Դարբինյան