կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 13:02
Հասարակություն

Կամավորականների աշխատանքը կպահպանվի թե պետական, թե ոչ պետական հիմնարկների պարագայում

Կամավորականների աշխատանքը կպահպանվի թե պետական, թե ոչ պետական հիմնարկների պարագայում

Այսօր կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Աշխատանքային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որի մշակումը պայմանավորված է 2016թ ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և Ադրբեջանի կողմից սանազերծած պատերազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող անձանց համար լրացուցիչ աշխատանքային իրավունքների երաշխիք սահմանելու անհրաժեշտությամբ:

Այսինքն նախատեսվում է մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում պահպանել կամավորականների աշատանքն ու վարձատրությունը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Պատգամավորի խոսքով՝ գաղափարը լավն է , բայց իր մոտ տպավորություն է, որ խոսքը վերաբերելու է պետական հիմնարկներին կամ առնվազն մեծ հիմնարկներին: Մնացած դեպքերում , երբ կամավորականները աշխատում են մասնավոր փոքր հիմնարկներում, ինչպես է լուծվելու աշխատանքային պարտականությունների հարցը, եթե կամավորականի բացակայության պայմաններում նրա համար հարկ է վճարվում:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս լուծումը դեռևս չի կարող համարվել խնդրի համակարգային համապարփակ լուծում, սակայն այդ հարցերը քննարկման փուլում են և առաջիկայում կկայացվեն համապատասխան որոշումներ կառավարության կողմից:Նախարարի խոսքով՝ այս խնդիրն առաջացավ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ, երբ մի շարք գործատուներ աշխատանքից ազատել էին կամավորականներին, և առաջարկվող այս լուծումը վերաբերում է թե պետական հիմնարկներին, թե ոչ պետական հիմնարկներին :

Թևան Պողոսյանը խնդրեց նախարարին, օրենքի ընդունման դեպքում լայն իրազեկում իրականացնել երկրում, որ գործատուները տեղյակ լինեն այդ փոփոխության մասին: Նախարարը համաձայնեց, որ կա խնդիր իրազեկման մասով, և լուծումներ կտրվեն՝ ապահովելու լիարժեք իրազեկում: