կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-25 14:12
Հասարակություն

Անհամաձայնություններ Ամուլսարի գործընթացներում

Ամուլսարի շահագործման գործով այս պահին ընթանում է քննչական գործողություն, ըստ Yerkir.am-ի՝ այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

«Շրջակա միջավայրի նախարարությունը գրություն է ուղարկել կառավարություն, որտեղ 13 կետով ներկայացված են ՇՄԱԳ-ում տեղ գտած խնդիրները: Այդ նույն գրությամբ առաջարկում ենք նոր ստուգումներ սկսել»,-նշել է Էրիկ Գրիգորյանը:

Ստացվում է՝ բնապահպանության նախկին նախարարության աշխատակիցների  ներկայացրած տվյալները չեն համընկնում գիտական ու մասնագիտական հանրության առաջ քաշած հիմնավորումներին:

«Հիմա այդ ողջ տեղեկատվությունը քննչական մարմինը ուսումնասիրում է՝ ներգրավելով նաև փորձագետների՝ ներառյալ շրջակա միջավայրի նախարարությունից: Քննվող գործի շրջանակում լրացուցիչ փորձանմուշներ են վերցվում»,- հավաստիացրել է ոլորտի պատասխանատուն:

Ամուլսարի հիմնական խնդիրներից է թթվային դրենաժը: Այդ համատեքստում ե՞րբ  կուսումնասիրվեն հայաստանյան մյուս հանքերի թթվային դրենաժները:

«Մենք նախաձեռնել ենք մեր մոնիթորինգի դիտակետերի տեղափոխման գործընթաց։ Օրինակ՝ Ողջի գետի վրա դիտակետ ունեինք, որը ցույց էր տալիս, որ ջրի որակը բավական վատն է»,- ասել է Գրիգորյանն և հավելել, որ հիմա դիտակետերը պետք է տեղափոխեն այն վայրեր, որոնք էտալոնային են և որտեղ արդեն կարող են թթվային դրենաժի ազդեցություններն ուսումնասիրել։

Անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ամուլսարի հանքի բացման դեմ արշավը հովանավորվում են հանքարդյունաբերական այլ ընկերությունների կողմից, Էրիկ Գրիգորյանը նշել է, որ կան բնապահպանական կազմակերպություններ ներկայացնող անձինք, որոնք ֆինանսավորվել են այլ տնտեսվարողներից։