կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-04 13:17
Իրավական

ՊՆ հրամանից չի բխում, որ բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում. փաստաբան

ՊՆ հրամանից չի բխում, որ  բանակը  ներգրավվել է քաղաքական գործընթացներում. փաստաբան

ՊՆ 0038 հրամանից չի բխում, որ  բանակը 2008-ի մարտի 1-ին ներգրավվել է քաղաքական գործընթացներում. այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«ՀՔԾ պետն ասաց, որ 2008 թ.  փետրվարի 23-ի` 0038 հրամանով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում: Այդ հրամանից դա չի բխում: Ամսի 23-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան մեկ շաբաթում ու ինչ հանգուցալուծում կստանան: Փետրվարի 23-ի հրամանը պետք է գնահատել ոչ թե մարտի 1-ի իրադարձություններից հետ նայելով, այլ հենց այդ օրվա իրավիճակից ելնելով: Պատկերացնենք` 2008-ի փետրվարի 23-ն է, ցուցարարներն անընդհատ ցույցեր են անում` ասելով, որ ընտրություններում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը, և արդեն հստակ տվյալներ կան, որ բանակը ոմանք փորձում են ներքաշել այդ գործընթացների մեջ. պաշտպանության 2 փոխնախարարները քողարկված կամ արդեն չքողարկված կերպով իրենց զորակցությունն են սկսել հայտնել ցուցարարներին, ինչն ընդհանրապես արգելված է: Կա ԵԿՄ-ն, որտեղ արդեն խմորումներ են գնում, իսկ դա լավ զինված կառույց է` փորձառու մարտիկներով: Եվ հիմա այս իրավիճակի տեսանկյունից գնահատեք փետրվարի 23-ի հրամանը, որում ասվում է, որ  զորքերն անցնում են զորանոցային վիճակի, և ստեղծվում են խմբեր, որոնք որևէ գործողություն այդ հրամանով չեն կատարելու: Այդ հրամանը բանակը ներքաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը կանխելու համար է, քանի որ մինչև այս հրամանը ընդդիմության կողմից են այդպիսի փորձեր եղել»,- ասաց փաստաբանը:

Երեկ երեկոյան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ծավալուն հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, մանրամասներ ներկայացրել ՊՆ հույժ գաղտնի 0038 հրամանից:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա, հարցաքննվելու: Ավելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: