Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ տպավորությամբ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ցավոք, բայց իմ բոլոր մտահոգությունները, որոնք ես հնչեցրել էի հենց այս դահլիճում մեր նախորդ հանդիպման ժամանակ, կարծես՝ իրականություն են դառնում։ Այդ ուղղությամբ վիճակը շտկելու որևէ քայլեր իշխանության կողմից ուղղակի չի արվում։
Իմ տպավորությամբ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում և ոչ միայն Բրյուսելում. խոսքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին է։
Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Արցախի շուրջ էր։ Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես է կարելի այս հարաբերությունները կարգավորել առանց որոշակիության և միասնական պատկերացման՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված։ Հետևաբար, եթե այստեղ առաջընթաց կա, ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն կամ լռությամբ կամ ոչ լռությամբ»,-ասաց Քոչարյանը: Նրա խոսքով, այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից ուղղակի իսպառ կորել են, վկայում է այն մասին, որ այստեղ մենք ունենք լրջագույն պրոբլեմ. «Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղի հարցը կարգավորված է, մենք ձեր հետ Ղարաբաղի մասին խոսելու ոչինչ չունենք։ Ինչքան գիտեմ, Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ։ Փաստորեն, եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա. ինչ հետևանքներ կունենա այս ֆորմատը, ես կառաջարկեմ, որ մեր փորձագետները և լրագրողները գնահատեն։
Իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ, իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է. ինքնաարդարացման ճանապարհը հետևյալն է՝ հիմա ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք՝ ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առան Ադրբեջանի հետ համագործակցության։
Վերջերս նաև Ղարաբաղի իշխանությունը նաև դա անում է բավական մեծ ջանասիրությամբ։ Կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով, այն փաստը, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ, էլեկտրական սյուները չեն տեղափոխվել և կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրա, այնպիսի մի կախվածություն է ստեղծում, որ ուղղակի Ադրբեջանն ուզած ժամին, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար։
«Եվ Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչ է պետք համագործակցել Ադրբեջանի հետ։
Ամենամեծ վտանգը Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է։ Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաև դրան, թե տեխնիկապես ինչ ճանապարհ են ընտրելու, դժվարանում եմ հիմա ասել։ Իմ տպավորությամբ հաջորդ քայլը լինելու է այս ուղղությամբ, և սրա դեմ պետք է առաջի հերթին պայքարեն ղարաբաղցիները, Ղարաբաղի իշխանությունը՝ Հայաստանի աջակցությամբ։
Բոլոր հարցումներով մեր ժողովրդի 95 տոկոսը չի պատկերացնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ. կամ այդ հարցումների ժամանակ անկեղծ չեն իրենց պատասխաններում կամ դեռ շարունակում են հավատալ իշխանությունների հավաստիացումներին»,-ընդգծեց երկրորդ նախագահը: