Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնական թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019 թ նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով ևս մեկ անգամ «տեղահանել» բոլոր հայերին Թուրքիայից։ Հոդվածի հեղինակ Մուստաֆա Չալիքը գրում է, որ «տեղահանությունը» կլինի «ամենամեղմ գործողությունը» հայերի դեմ: Քանի որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հեղինակն այն հիշատակում է որպես «տեղահանություն»: Հոդվածում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է որպես «հաղթապսակ»։
Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Չալիքը օրհնում է Հայոց ցեղասպանության գլխավոր չարագործների հիշատակը` «մեծ նահատակ Թալեաթ փաշային», Էնվեր փաշային և Բեհաեդդին Շաքիրին, ասելով, որ «մենք խոնարհվում ենք բոլոր միութենականների [երիտթուրքերի] սուրբ հիշատակի առաջ և համբուրում ենք նրանց օրհնված ձեռքերը… Մաղթում ենք Աստծո ողորմությունը և հավերժական երանություն բոլոր անանուն [թուրք] նահատակներին դրախտում, որոնք զրկվեցին կյանքից հայկական կոտորածներում»։
Այնուհետև Չալիքը գրում է, որ «Եթե Միություն և առաջադիմություն կոմիտեն [երիտթուրքերի] «հանցագործություն» է կատարել, ապա նրանց միակ «հանցագործությունը»՝ Բալկաններում մեզ պատուհասած աղետի կրկնության կանխումն էր Արևելյան Անատոլիայում»։
Հոդվածագիրը հաստատել է, որ «մենք աջակցում ենք 1915 թ․ հայերի տեղահանությանը։ Նրանք, ովքեր տեղահանությունն անվանում են ցեղասպանություն, պատերազմի հայտարարություն են անում։ Հայերին և մյուսներին, որոնք դա անվանում են ցեղասպանություն, սպառնում է մի նոր տեղահանություն, որն ամենամեղմ միջոցը կլինի նրանց դեմ»։
«Մեր նախնիները Համաշխարհային պատերազմի մեջ մտան իրենց սուրբ հայրենիքը և պատիվը պաշտպանելու համար։ Դա մեր պատիվն ու գլխապսակն է բոլոր մարտերում՝ Սարիղամիշից մինչև Չանաքքալե և հայերի տեղահանությունից հետո մինչև Անկախության պատերազմ։ Մենք հավերժական հպարտությամբ կրելու ենք այս թագը», գրում է Չալիքը։
Չալիքը շարունակում է. «Եթե մենք գտնում ենք, որ մեր հայրենիքն ու ազգային գոյությունը պաշտպանելու այլ ուղի չկա, ով էլ լինենք, ամենափոքր գոհունակությունը, որ մեզ տալու է՝ նոր տեղահանությունն է»։
Իր գրքի՝ «Հայոց ցեղասպանության պահանջները» նախաբանում Չալիքը 1915 թ․ ցեղասպանության վերաբերյալ հայերի պահանջները նկարագրում է որպես «լալկան գրականություն… Խոր արմատներով մեծ ազգերը չեն կարող լացել և տրտնջալ։ Նրանք խղճահարությունը և իրենց նկատմամբ խղճահարության ձգտումը համարում են նվաստացուցիչ։ Այդ իսկ պատճառով, «ողբացող և լալկան գրականությունը» կամ չի զարգացել կամ անհետացել է։ Սա լուրջ հարցերից մեկն է: Ժամանակ առ ժամանակ, մենք նույնպես, ազդված հայկական ողբացող հարուստ գրականությունից, անտեղի մեղադրում ենք մեզ այն բանի համար, որ չենք հրատարակում նրանց չափ։ Իրականում մենք չենք կարող մրցել նրանց հետ, եթե նույնիսկ ցանկանանք: Մենք ունենք այնպիսի հսկայական «սգացող գրականություն», որը ոչ միայն առնչվում է հայկական վայրագություններին, այլև այլ աղետներին, որոնք մեզ առնչվել են: Փաստորեն, ասվում է, որ թուրքերի ցուցաբերած լռությունը դաշնակների քարոզչության դեմ, որը տասնամյակներ շարունակ իրականացվել է ամբողջ թափով, գնահատվել է որպես զրպարտության հանցագործության և ցեղասպանության «ժխտողականություն»»։
Չալիքի հոդվածից բացի, կա ևս մեկ հոդված ծայրահեղ ազգայնական թուրք փաստաբանների տեղեկագրում, որը գրվել է Ֆարուք Ուլկերի կողմից՝ «1915-ի իրադարձությունները և հայկական վայրագությունները» վերնագրով։
Ուլկերը գրում է, որ «Հայկական հարցը և Հայոց ցեղասպանության պահանջը շարունակում են մնալ մեր ժողովրդի կարևորագույն խնդիրներից մեկը վերջին հարյուրամյակում»: Նա ցեղասպանությունն անվանում է «ինքնապաշտպանություն»: Հոդվածում մեջբերվում է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ և Հայոց ցեղասպանության ժխտող Յուսուֆ Հալաչօղլուի հայտարարությունը․ «Տեղահանությունների ժամանակ մահացած 300 հազար հայերն իրենց կյանքից զրկվել են Կովկասում եղած հիվանդությունների պատճառով»։
Կարծես թե ժխտողական կեղծիքները բավարար չէին, թուրքական Daily Sabah թերթն էլ 2019 թ․ դեկտեմբերի 8-ին հոդված հրապարակեց՝ «Թուրքիան պետք է ակտիվացնի ջանքերը՝ զրպարտության քարոզչության պայքարում» վերնագրով։
Թուրքիայի կառավարության հաղորդակցությունների վարչությունն ստեղծել է 1915.gov.tr կայքը, տեղադրելով նյութեր, որոնք հերքում են Հայոց ցեղասպանության փաստերը։ Daily Sabah-ը հայտարարում է, որ «Թուրքիան դեմ է 1915-ի միջադեպերը որպես «ցեղասպանություն» ներկայացնելուն, ավելի շուտ այն համարում է ողբերգություն, որից թե՛ թուրքերը, թե՛ հայերը կորուստներ են ունեցել Առաջին աշխարհամարտի թոհուբոհում․․․ «Այս կայքը միջազգային ասպարեզում, բոլոր հնարավոր միջոցներով կարձագանքի մեր երկրի դեմ օգտագործվող Հայոց ցեղասպանության հերյուրանքին՝ առաջին պլան մղելով պատմական տեղեկատվությունն ու տվյալները», ասել է նախագահի հաղորդակցության տնօրեն Ֆահրեթին Ալթունը, շաբաթ օրը Անթալիայի ծովափնյա նահանգում անցկացվող ուսումնական ծրագրի ընթացքում։
Այնուհետև Daily Sabah-ը հայտնում է, որ «Օսմանյան կայսրությունը 1915-ին Արևելյան Անատոլիայի հայերին տեղափոխեց ՝ ապստամբություններից հետո, որոնց մի մասը կողմ էր ռուսական զավթիչ ուժերին: Տեղափոխությունների ընթացքում բազմաթիվ հայեր զոհվեցին։ Հայաստանը ներողություն և փոխհատուցում է պահանջում, մինչդեռ Թուրքիան պաշտոնապես հերքել է հայկական մեղադրանքները միջադեպերի կապակցությամբ, ասելով, որ չնայած հայերը մահացել են տեղափոխությունների ժամանակ, շատ թուրքեր նույնպես կորցրել են իրենց կյանքը Անատոլիայում հայկական ավազակախմբերի կողմից իրականացված հարձակումների ժամանակ: Թուրքական կառավարությունը բազմիցս կոչ է արել պատմաբաններին ուսումնասիրել դարաշրջանին վերաբերող օսմանյան արխիվները, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել Օսմանյան կառավարության և նրա հայ քաղաքացիների միջև: Մերժելով «ցեղասպանության» մեղադրանքները՝ Թուրքիան պաշտոնապես ընդունել է անցյալի դեպքերը որպես մեծ ողբերգություն, երբ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են ունեցել, այդ թվում՝ հարյուրավոր մահմեդական թուրքեր»։
Daily Sabah-ը մեջբերել է նաև Ալթունին՝ նշելով, որ Թուրքիան կուժեղացնի իր ջանքերը երկիրը թիրախավորող հայերի դեմ: «Մենք պետք է ավելի ուժեղ պայքար մղենք մութ քարոզչության դեմ»:
Ավելի կարևոր է՝ Ալթունը հավելել է, որ Թուրքիայի բանակցային ուժը միջազգային ասպարեզում աճում է՝ տարածաշրջանում նրա հզորության աճի հետևանքով։ «Մեր նպատակն է իրականացնել բարձրորակ, արժեքավոր աշխատանք, որը կհամապատասխանի մեր երկրի վերելքին, որը ձայն ունի տարածաշրջանում և աշխարհում», հայտարարել է Ալթունը:
Վերոհիշյալ նյութերից մենք պետք է երկու եզրակացություն անենք.
1) Նրանք, ովքեր ասում են, որ «արյունոտ թուրքը» վերջին 100 տարիների ընթացքում շատ չի փոխվել, ճիշտ են, բացառությամբ, որ մենք չպետք է ընդհանրացնենք բոլոր թուրքերին։ Կան բազմաթիվ թուրքեր, որոնք արդարամտորեն և պատրաստակամորեն ընդունում են հայերի, հույների և ասորիների դեմ ցեղասպանության ոճրագործությունները։ Այնուամենայնիվ, կան թուրք պաշտոնյաներին կուրորեն հետևող բազմաթիվ այլ թուրքեր, որոնք միտումնավոր կերպով ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Ժխտողական թուրքերի լավագույն օրինակներ են այս երկու հոդվածների վերոնշյալ հեղինակները և Էրդողանի թուրքական կառավարության կողմից գործարկված կայքը, որը նախատեսված է Հայոց ցեղասպանության ժխտման համար։
2) Նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների տնօրեն Ֆահրեթին Ալթունը հայտարարում է, որ Թուրքիայի հեղինակության աճմանը զուգընթաց այն դարձել է ավելի ուժեղ պետություն։ Թեև սա, ցավոք, ճիշտ է, բայց այն պետք է խրախուսի՝ ճշմարտությունն ու արդարությունը սիրող մարդկանց ամբողջ աշխարհում՝ անխոնջ աշխատել, որպեսզի բացահայտվի Թուրքիայի իրական բարբարոսական բնույթը ոչ միայն 100 տարի առաջ, այլև այսօր Հյուսիսային Սիրիայում՝ ընդդեմ քրդերի և քրիստոնյաների: Միջազգային հարաբերություններում Թուրքիայի ազդեցությանը հակասելն ու թուլացնելը պետք է լինի պատմական արդարության հաստատման հիմնական նպատակներից մեկը․․․
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի