կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 16:57
Տնտեսական

Փոքրերին պիտի պաշտպանենք միջինից, խոշորից, այս պայմաններում նրանք դուրս են մնում շուկայից. տնտեսագետ

Փոքրերին պիտի պաշտպանենք միջինից, խոշորից, այս պայմաններում նրանք դուրս են մնում շուկայից. տնտեսագետ

Վերջին տասը տարիներին 50 և ավելի աշխատակից ունեցող խանութների շրջանառության ծավալներն ավելանում են՝ դուրս մղելով փոքր խանութներին և կրպակներին, և սա պետության մի շարք սխալների արդյունքն է. այսօր՝ հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում ասաց տնտեսագետ, ՀՅԴ փորձագետ Սուրեն Պարսյանը:

Պատճառներից նա նշեց առաջին հերթին հարկային քաղաքականությունը: «Սուպերմարկետների նկատմամբ շատ մեղմ քաղաքականություն է տարվում. խոշոր առևտրային ցանց կարող ես բացել ցանկացած տեղ, ցանկացած ժամի, մինչդեռ՝ մի շարք զարգացած երկրներում կա զոնավորման հարց, ըստ ժամանակացույցի՝ աշխատանքի կազմակերպում (ո՛ր ժամերին է կարելի, որ դրանք աշխատեն) և այլն: Նաև՝ սուպերմարկետների ցանցը հարկվում է յուրաքանչյուր հերթական սուպերմարկետի համար: Մեզ մոտ չկա որևէ հարկային մեխանիզմ, որը թույլ կտա խոշորի նկատմամբ առանձին հարկային քաղաքականություն վարել: Խոշորը, երբ զգա, որ իր վրա լրացուցիչ հարկեր են դրվում, ուղղակի մրցունակ չի լինի: Իսկ մեր դեպքում խոշոր ցանցերում իրականացվում է ցածր գնային քաղաքականություն»,- ասաց տնտեսագետը:

Նաև, ըստ Պարսյանի, խոշոր ցանցերում իրականացվում է  մանրածախ վաճառք՝ մեծածախի գներով: «Այս պայմաններում փոքր և միջին խանութները չեն կարող մրցակցե, ուղղակի դուրս են գալիս շուկայից, և այս մարդիկ հիմնականում բռնում են արտագաղթի ճանապարհը: Օրինակ՝ այս տարվա 6 ամիսների կտրվածքով մենք ունենք զբաղվածության թվի աճ, բայց այդ աճը ոչ թե պայմանավորված է աշխատատեղերի ստեղծմամբ, այլ աշխատուժի քանակի կրճատմամբ: 46 հազարով կրճատվել է աշխատուժի քանակը Հայաստանում: Ըստ էության, այդքան մարդ Հայաստանից արտագաղթել է կամ այս-այն ձևով շուկայից դուրս եկել: Սա բացասական երևույթ է, տնտեսության համար մտահոգիչ գործընթաց է: Փոքրերին պիտի պաշտպանենք միջինից, խոշորից»,- ասաց տնտեսագետը:

Պարսյանի դիտարկմամբ՝ տարվա վերջին ավանդաբար ունենում ենք գնաճ՝ պայմանավորված սեզոնային, ինչպես նաև քաղաքական գործոններով՝ մարդիկ սպասումներ են ունենում: Նա վստահ է, որ այս երևույթը պետք է պետականորեն կարգավորվի: «Սրան պետք է պատրաստվել՝ իրականացնելով զսպումներ»,- նշեց նա:

Սակայն մեր կառավարության տնտեսական միջամտությունը, ըստ տնտեսագետի, շատ թույլ է և ավելի հաճախ պարտվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությանը: «Սրանք պետք է հավասարակշռեն իրար, բայց արդյունքում բանկային-ֆինանսական համակարգը շահում է և իր նախագծերը տանում առաջ: Եթե նայենք վերջին շրջանում ԿԲ-ի նախագծերն են, որ եկել ու անցել են»,- նշեց Պարսյանը: