կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 14:57
Հասարակություն

500 նոր աշխատատեղեր` միջինից բարձր աշխատավարձով. ներդրումային 132 ծրագիր է ներկայացվել

500 նոր աշխատատեղեր` միջինից բարձր աշխատավարձով. ներդրումային 132 ծրագիր է ներկայացվել

Մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնելու 44 նախագծից 34-ը կառավարությունն արդեն հաստատել է, ինչը նշանակում է, որ այս տարի մի քանի հարյուր նոր աշխատատեղեր կբացվեն: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփեց վերջին 2,5 ամսում, վարչապետի գլխավորությամբ, մարզեր շրջայցը ու դրանց շրջանակներում ծնված ներդրումային, նախարարության ընդհանուր ծրագրերն ու այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է մարզերում համաչափության ապահովման և տնտեսության առաջխաղացման հանգեցնեն:

Ծրագրերի իրականացման համար, ըստ Լոքյանի, 34 մլրդ դրամի ֆինանսավորում արդեն իսկ կա, սպասում են մոտ 100 մլրդ դրամի ներդրում մասնավոր հատվածից:

Նախարարը նշեց, որ երկրում լուրջ տարածքային անհամաչափություն գոյություն ունի` երկրի ՀՆԱ-ի 50 և ավելի տոկոսային մասն ապահովում է Երևանը, իսկ մարզերում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ցածր է, և այն համախառն արդյունքը, որը ստեղծվում է մարզերում, խիստ անբավարար է:

«Կառավարության ընդհանուր տրամաբանությունն է`ծանոթանալ յուրաքանչյուր մարզի հնարավորությունների` բնական, արտադրական, մարդկային կապիտալի հետ և դրանց հիման վրա կառավարությանն առաջարկել ծրագրեր: Բոլորիս հայտնի է, որ երկրի ՀՆԱ-ն բավականին փոքր է, ավելացված արժեք ապահովող արտադրանքների թիվը` խիստ սահմանափակ, ներմուծումը մեծ է և  տնտեսական ձեռնարկներում աշխատատեղ ստեղծելու խնդիրներում ակտիվությունը` բավականին պասիվ: Այս տեսակետից` մենք ընդհանուր կոնցեպտ ունենք կառավարությունում` գտնել այն հնարավոր ուղիները, որոնց պարագայում պետության աջակցությամբ մասնավորը կսկսի ակտիվանալ, և պետությունում մեծ ավելացված արժեք կստեղծվի»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ հայտարարությունները, թե մեր երկիրը շատ թույլ ներդրումային պոտենցիալ ունի, որ նույնիսկ ծրագրեր չունենք, որոնք կարող են ֆինանսավորվել, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այս 3 ամիսների ընթացքում կառավարությունը մարզերից և Երևանից ստացել է շուրջ 3,2 մլրդ դոլարի ծրագրեր: Ըստ Լոքյանի` եթե նույնիսկ պատկերացնենք, որ դրանց 60 տոկոսը ռիսկային է, ավելացված արժեք չի ապահովում, ՀՆԱ-ում շատ մեծ առաջընթաց չի բերի, միևնույն է, ստացված ծրագրերի հիման վրա կարող է ասել` 2017-ին երկրում 800-ից մինչև 1 մլրդ դոլարի ներդրումային խնդիրներ կարող են լուծել:

«Իսկ 1 մլրդ դոլարի տնտեսական ծրագիրը նշանակում է, որ բազմապատիկ անգամ հավելյալ արժեք կստեղծվի, ինչն էլ կապահովի տնտեսական էֆեկտիվությունը, և մի քանի տասնյակ հազար աշխատատեղեր կստեղծվեն: Հոռետեսությունը, որ մեր երկիրը փոքր ներդրումային պոտենցիալ ունի, հիմքեր չունի, դա պայմանավորված է քիչ տեղեկացվածությամբ, պետության պասիվ դերակատարումով, համաշխարհային շուկայի ուսումնասիրության պակասով… Մենք մարզային հանդիպումներից հետո խնդրել ու պահանջել ենք, որպեսզի բիզնեսմեններն ու ակտիվ քաղաքացիները կառավարությանը ծրագրեր ներկայացնեն, արդյունքում` ունեցել ենք 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ են` սկսած գյուղատնտեսության վերամշակումից, տուրիզմից, էլեկտրակայանների, հիդրոկայանների կառուցման ծրագրերից»,- նշեց նախարարը:

Ծրագրերը ստանալուց հետո` երկրորդ փուլում, Լոքյանի տեղեկացմամբ, նախարարությունը դրանք տեսքի է բերում` 5-օրյա ժամկետում փոխանցելով գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարություններին: Այնուհետև Կենտրոնական բանկին են դրանք տրվում, իսկ վերջում` տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը դրանք ներկայացնում է կառավարությունում ստեղծված հարթակ, որի կազմում են վարչապետը, փոխվարչապետը, ֆինանսների նախարարը, ԿԲ-ն, էկոնոմիկայի նախարարությունը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ԿԲ-ն ստեղծել է հատուկ թիմ, որը մարզերում նախ ուսումնասիրում է ծրագրերի արդյունավետությունը, որից հետո միայն համապատասխան բանկերից կողմից ֆինանսավորում է լինում: Արդյունքում` տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոսոկադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ, պետության մշտական աջակցություն:

«Առաջին 5 մարզերի համար կառավարության հարթակ ենք ներկայացրել 44 ծրագիր, որոնցից 34-ը ստացել է դրական եզրակացություն: Դրական եզրակացություն չեն ստանում այն ծրագրերը, որոնք պարունակում են մեծ ռիսկայնություն և առաջին հերթին վտանգավոր են տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, այսինքն` վերջնականապես բիզնես պլանը` հաշվարկված և վտանգները ֆիքսված չեն: Պետությունը հայտարարել է նաև, որ եթե ծրագրերն առանձնահատուկ են ու հեռանկարային, բացի վարկավորման խնդիրներից, պատրաստ է օժանդակել տվյալ ձեռնարկությանը` ստեղծելու ենթակացուցվածքներ, այսինքն` օգնել էլեկտրականություն, գազ, ջուր ու ճանապարհ ունենալու հարցում»,- ասաց Լոքյանը:

Որպես օրինակ` նախարարը նշեց, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում պանրի արտադրության ծրագիրը քննարկվել է բոլոր հարթակներում և ունեցել դրական եզրակացություն, բայց ներդրողը չէր կարողանում օգտվել բնական գազից, քանի որ այն 400 մետր հեռու էր, և վարչապետի հանձնարարականով` այդ ծախսը պետությունն իր վրա է վերցրել: «ՀՀ-ն ունի բավականին մեծ ներդրումային պոտենցիալ` երկիր, որը 3 մլրդ դոլարի ներմուծում է իրականացնում, չի կարող չունենալ ներդրումային պոտենցիալ: Մենք ներմուծում ենք  խոշոր եղջերավոր անասունների 800 տ միս, նույնչափ խոզի միս, 35 000 տ թռչնամիս, բազմաթիվ հատիկաընդեղային բույսեր, որոնք օգտագործում ենք ամենօրյա սննդի մեջ, և սրանց ընդհանուր ծավալը կազմում է 150 մլն դոլար: Սրանք հնարավոր է արտադրել Հայաստանում և անգամ հնարավոր է արտադրել ավելի մատչելի»,- ասաց Լոքյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ներդրումային երկրորդ բլոկը 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր են, որոնց մեծամասնությունը արտերկրի դրամաշնորհներն են: «Մենք 7 ծրագիր ունենք, որոնց ֆինանսավորումն արդեն արված է` Եվրզմիության դրամաշնորհների և պետության համաֆինանսավորման հաշվին: Սրանք առաջիկա տարում ապահովելու են շուրջ 500 նոր աշխատատեղեր` միջինից բարձր աշխատավարձով: Դրանցից մեկն, օրինակ, Վայքում է կյանքի կոչվելու` ստեղծվելու է առաջին արևային կայանը` 1 մլն դոլարի ներդրմամբ, հեղինակը ինժեներ-տեխնելոգ է, որը կարողացել է ԵՄ համապատասխան ծրագրի հայտ ներկայացնել ու դրամաշնորհ շահել: Բացի այդ` Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում նույն ծրագրի շրջանակներում` մինչև 900 000 դոլարի չափով ֆինանսավորմամբ, պետք է ստեղծվի պլաստմասսայե թափոններից արտադրություն, իսկ Նոյեմբերյանում գյուղատնտեսական վերամշակման երեք փոքր ձեռնարկություններ… «Քյոշ» շամպայնի արտադրությունը 2018-ին արդեն իսկ Խաչիկ գյուղում կլինի, քանի որ գործարանատերը խաղողն այնտեղից էր գնում: Նա միայն տարածքի հարցն է խնդրել լուծել, և մենք էլ տրամադրել ենք այն»,- հայտնեց Լոքյանը:

Yerkir.am-ի հարցին, թե ներդրումային ծրագրերն, ընդհանուր առմամբ, քանի աշխատատեղի խնդիր են լուծելու` նա պատասխանեց, որ այս տարվա համար հստակ թիվ դեռ չի կարող ասել: «Տեսեք` 1 աշխատատեղը 5000 դոլարի ներդրում է պահանջում: Բացի այդ` մենք ունենք մեկ պարտավորություն` ռազմավարությունում, որն ընդունել ենք, ֆիքսված է, որ 2025-ին  պետք է ստեղծենք ոչ ֆորմալ գյուղատնտեսական աշխատատեղ` շուրջ 56 000: Մարզային ռազմավարությունում մեր թիվ մեկ խնդիրը աշխատատեղերի խնդիրն է, ինչպես նաև ՀՆԱ-ի և եկամտահարկի աճը, այսինքն` սրանք ցուցիչներ են, որոնք խիստ կապված են իրար հետ: Ժամանակն է, որ մեր ամբողջ էներգիան ուղղենք տնտեսության աճին. ոչ մի երկրում առանց լուրջ տնտեսական աճի, չեն կարողանում երջանիկ լինել»,- ասաց նախարարը: