Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թ. 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։ Խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ։
Դրանք ավելի քան 28,7 մլրդ դրամով կամ շուրջ 60 մլն դոլարով քիչ են, քան 2018 թ. նույն ժամանակահատվածում։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների՝ անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն դոլար:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով այլ տվյալների, Tert.am-ի հետ զրույցում կարևորեց զուտ հոսքերի և ուղղակի ներդրումների տարբերակումը: «Օտարերկրյա ուղղակի ներդրումները կոնկրետ արտադրական գույքերի՝ մեքենա-սարքավորումների, կոնկրետ շենք-շինությունների գործարկման, տրանսպորտային միջոցների մեջ ներդրումներն են, այսինքն՝ ներդրում չեն բաժնետոմսերի, վարկերի, փոխառությունների մեջ: Զուտ հոսքեր ասելով` հասկանում ենք, թե ինչքան ներդրում է ներհոսել և ինչքան է արտահոսել: Ըստ այս տվյալների՝ ավելի շատ արտահոսել է»,-ասաց պատգամավորը, ապա անդրադարձավ ուղղակի ներդրմանը: «Եթե ես ապրանք եմ արտադրում, իրացնում եմ, եկամուտն ստանում, նորից եմ արտադրում, դա ուղղակի ներդրում չի համարվում, անուղղակի, ընդհանրական ֆինանսավորում է»,-պարզաբանեց նա:
Նրա խոսքով՝ մենք չունենք վերլուծություն, թե ներհոսած և արտահոսած օտարերկրյա ուղղակի ներդրումների տնտեսավարող սուբյեկտներից որ մասն են նույն սուբյեկտները.
«Հնարավոր է՝ նույն սուբյեկտը և՛ ներդրում անի, և՛ կապիտալները հանի դուրս, կամ հակառակը: Ես համոզված եմ, որ այստեղ ներհոսած ու արտահոսած ներդրումներն իրար հետ շատ քիչ կապ ունեն սուբյեկտային առումով: Օտարերկրյա ուղղակի ներդրումները նոր աշխատատեղերն են, աշխատանքի արտադրողականությունը, կապիտալ ներդրումները, որոնք, փաստորեն, մեր սպասվածի նման չեն եղել»,-նշեց նա:
Պատգամավորի կարծիքով՝ իրավիճակի պատճառները տարաբնույթ են:
«Նախևառաջ՝ հեղափոխությունից հետո մեկուկես տարվա ընթացքում «խաղի» կանոնները չեն փոխվել: Ներդրողների հետ պետք է իրականացնել արդյունավետ աշխատանք: Երբ ներդրողը գալիս է, ու՞մ մոտ պետք է գնա, իր ներդրումային ծրագիրն ի՞նչ մեխանիզմով, ի՞նչ օրենքով պետք է աջակցել: Ես մեկ պատուհանի ներդրումային ծրագրի օրենք էի ներկայացրել, որը մերժվեց»,-ասաց Մելքումյանը՝ նշելով, թե, ըստ երևույթին, այս փուլում կառավարությանը ձեռնտու չէ նոր մեխանիզմով աշխատել:
Երկրորդ պատճառը, ըստ պատգամավորի, անորակ կառավարումն է:
«Պետական կառավարման համակարգում կառավարման որակը միջինից ցածր եմ համարում: Ոչ թե պետք է պաշտոնյայի հետ զրուցել, նոր որոշել՝ ինչ անել, այլ օրենք սահմանել, թե այդ պաշտոնյան ինչ գործառույթ որ պահին, որ փուլում ինչ պետք է իրականացնի: Ցավոք սրտի, օրենքով սահմանված չէ, և մեր փորձերը՝ դա իրականացնելու, դեռևս արդյունք չեն տալիս»,-ամփոփեց Միքայել Մելքումյանը: