կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-30 11:08
Հասարակություն

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը քննադատել է Թուրքիային՝ Պոլսո պատրիարքի ընտրություններին միջամտելու համար

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը քննադատել է Թուրքիային՝ Պոլսո պատրիարքի ընտրություններին միջամտելու համար

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը (USCIRF)  քննադատել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսո Հայոց պատրիարքությանն ուղղված կանոնադրությունը, որի մեջ նշվում էր, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն Պոլսո պատրիարքարանի եպիսկոպոսները:

USCIRF-ի նախագահ  Թոնի Փերքինսը նշում է, որ «թուրքական կառավարությունը կրոնական առաջնորդների ընտրական գործընթացների անհավասար պայմաններ է ստեղծում և միջամտում համայնքների ներքին գործերին», ինչպես նաև կոչ է անում ամերիկացի քաղաքական գործիչներին՝ կարևորություն տալ այս խնդրին. հաղորդում է «Ակօս»-ը:

Կազմակերպության փոխնախագահ Գեյլ Մենչինն էլ նշում է, որ սա միայն մեկ օրինակ է, թե ինչպես  է հայկական եկեղեցին մոտ 10 տարի շարունակ զրկված եղել հոգևոր առաջնորդ ընտրելու իրավունքից:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից ուղարկվել էր Պոլսո պատրիարքի ընտրության վերաբերյալ կանոնադրությունը, որով արգելք էր դրվում Պոլսի պատրիարքությունից դուրս գտնվող թեկնածուների մասնակցության վրա: Նախկինում պատրիարք կարող էր ընտրվել նաև այն եպիսկոպոսը, որը ծնունդով կամ հոր կողմից ծնունդով Թուրքիայի քաղաքացի էր, իսկ այս կանոնադրությամբ այդ կետը հանվել է:

Ներկայումս կա երկու թեկնածու՝ պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանն ու Հոգևոր խորհրդի ատենապետ Արամ Աթեշյանը, իսկ մյուս հավանական թեկնածուն պետք է լիներ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, որի շանսերը բավական մեծ էին գնահատվում, և կարելի է ենթադրել, որ կանոնադրության մեջ տեղ գտած այդ պահանջն առաջին հերթին ուղղված է Չուլջյանի դեմ, որով թուրքական իշխանությունները փորձում են խուսափել իրենց համար ոչ ցանկալի և չենթարկվող թեկնածուի ընտրվելուց: