կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-09 15:40
Տարածաշրջան

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում ևս ընտրատեղամաս է բացվել Կ․Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը մասնակից պատվիրակներին ընտրելու համար (լուսանկարներ)

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում ևս ընտրատեղամաս է բացվել Կ․Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը մասնակից պատվիրակներին ընտրելու համար (լուսանկարներ)

Դեկտեմբերի 11-ին նախատեսվող ԿՊոլսո Հայոց 85-րդ պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրությունը կազմակերպելու նպատակով երեկ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում ևս ընտրատեղամաս է բացվել։ Տեղից մանրամասներ է հաղորդում Akunq.net-ի հատուկ թղթակից Կարոտ Սասունյանը։

Թուրքիայի Հայոց պատրիարքի ընտրության նպատակով երեկ աշխարհական պատվիրակների ընտրություն կատարվեց։ Թուրքիան բաժանվեց 4 շրջանի, որոնցում ընտրատեղամասեր բացվեցին՝ պատվիրակներին ընտրելու համար։ Մասնավորապես ընտրատեղամասեր են բացվել Թուրքիայի այն շրջաններում, որոնցում հայերը մեծամասնություն են կազմում՝ Ստամբուլում, Կայսերիում (Կեսարիա), Վաքըֆլը գյուղում (Իսքենդերուն (Ալեքսանդրետ) / Հաթայ) և Դիարբեքիրում։

2015 թ․ Թուրքիայի անվտանգության ուժերի և քուրդ գրոհայինների միջև ընդհարումներ գրանցվեցին, որոնք ամիսներ տևեցին։ Այդ ընդհարումները կենտրոնացան հատկապես Դիարբեքիրի Սուր շրջանին ենթակա հին հայկական թաղամասում՝ Գյավուր թաղում։ Ընդհարումների ժամանակ տանկերի և թնդանոթների հարվածներից տուժեցին 4000 դպրոց, տուն, եկեղեցի, մզկիթ, բաղնիք և աշխատավայր։ Մեծապես տուժած կառույցների մեջ էին նաև տեղի հայկական եկեղեցիները։ Հայ կաթոլիկ եկեղեցու երկու երրորդը փլվեց։ Ավերված եկեղեցիների մեջ էր բողոքական եկեղեցին, ինչպես նաև՝ Սուրբ Թեոդորոս եկեղեցին (ներկայիս Քուրշունլու մզկիթը)։ Այդ եկեղեցիների շարքում էր նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Հայ կաթոլիկ և բողոքական եկեղեցիները վերականգնվեցին թուրքական պետության կողմից։ Մեկնարկել է նաև Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը։ Թուրքական պետությունը պետականացրեց այդ թաղամասում գտնվող շինությունները։

Գրեթե 4 տարի փակ եղած Սուրբ Կիրակոսը այսօր (դեկտեմբերի 8-ին) մեկ օրով բացվեց՝ Ներքին գործերի նախարարության կողմից, պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրությունը կատարելու հնարավորություն ունենալու համար։ Հենց այդ պատճառով ընտրատեղամաս բացվեց Սուրբ Կիրակոսում, որտեղ կարողացան մուտք գործել այն սակավաթիվ հայերը միայն, ովքեր իրավունք ունեին մասնակցել ընտրությանը։

Ընտրությանը մասնակցեցին Էլազըղից (Խարբերդ) 21, Մարդինի Դերիք գավառից 1, Սասունի և Դիարբեքիրի գավառներից 26 ընտրող, ինչպես նաև՝ Պատրիարքության կողմից նշանակված 4 դիտորդ, ընդհանուր՝ 50 հոգի։ Թեև նախապես 52 հոգի էր գրանցված եղել, սակայն Դիարբեքիրի 2 հայ բնակիչ ընտրությանը չմասնակցեցին։

Առավոտյան ժամը 8-ին ընտրատեղամաս բացվեց Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում գտնվող մի սենյակում։ Ընտրությանը մասնակցողների մեջ էին նաև դիարբեքիրցի հայ հայտնի արվեստի գործիչներ Ուդի Երվանդը և Բեդրի Այսելին։ Քանի որ եկեղեցին վերանորոգման մեջ էր գտնվում, հայ համայնքի անդամները միմյանց հետ շփվեցին եկեղեցու բակում:

Ընտրությունից հետո ընտրատեղամասի նախագահի և դիտորդների ներկայությամբ ընտրատուփը բացվեց։ Ձայները հաշվարկվեցին։ Տեղապահ Մաշալյանի համար որպես պատվիրակ ներկայացած՝ Էլազըղում բնակվող Սարգիս Ութաշը 24 ձայն ստացավ, իսկ Սրբազան Աթեշյանի համար որպես պատվիրակ ներկայացած և երկար ժամանակ Սուրբ Կիրակոս եկեղեցու ղեկավար խորհրդում գտնված Աբդուլգաֆուր Թյուրքայը՝ 26։

Այսպիսով, Թուրքիայի 85-րդ Հայոց պատրիարքին դեկտեմբերի 11-ին կընտրի 17 հոգևորականից և 103 աշխարհական պատվիրակներից բաղկացած ընդհանուր թվով 120 հոգի։

Կարոտ Սասունյան

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net