կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 17:59
Մշակույթ

Կոմիտասի 150-ամյակը ժողովրդին չէր առնչվում, հայ մարդը Կոմիտասով չի ապրում. կոմիտասագետ

Կոմիտասի 150-ամյակը ժողովրդին չէր առնչվում, հայ մարդը Կոմիտասով չի ապրում. կոմիտասագետ

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներից գոհ չէ: Yerkir.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ այսօրվա գլխավոր միջոցառումը պետք է ժողովրդին, սակայն ամեն ինչ կար միջոցառման մեջ, բացի հայ ժողովրդից:

Վստահեցնում է՝ վարդապետի հոբելյանին հարկավոր էր Կոմիտասի ծրագրերն իրականացնել, դրանց նոր եռանդ հաղորդել, իսկ Կոմիտասի գլխավոր ծրագիրը ժողովրդին հայրենյաց ոգին ներկայացնելն ու երաժշտությունն աղավաղումներից ազատագրելն է եղել, ինչը տարիներ շարունակ ազդել ու ազդում է մեր տեսակի վրա:

«Այդ հսկայական գումարները, որ ծախսել են արտասահմաններում, հյուրանոցներ են վարձել, անպտուղ գիտաժողովներ կազմակերպել, կեղծ զեկուցումներ կարդացել, ոչինչ չեն կարող տալ ժողովրդին: Նրանք ընդամենը տասնյակ մարդկանցով շրջագայում են աշխարհով մեկ, բայց դա ժողովրդին ոչինչ չի տալիս, մարդկանց Կոմիտասը չի հետաքրքրում, Կոմիտասով չեն ապրում: Ես ինչո՞ւ հրաժարվեցի լինել «Կոմիտաս-150» հանձնաժողովի կազմում, որովհետև հասկացա՝  գնալու են՝ այդպես գումարներ ծախսեն, կեղծ ինչ-որ բաներ անեն, բայց հաշվետվությունների ու փաստաթղթերի տակ իմ անունն է լինելու: Դա կանխատեսեելով՝ հրաժարվեցի այդ հանձնաժողովում լինելուց»,- ասաց Շահնազարյանն ու հռետորական հարց հնչեցրեց՝ երբ ասում են՝ «Կոմիտաս-150», դա ինչքանո՞վ է առնչվում մեր ժողովրդին:

Կոմիտասագետը չի թաքցնում անհանգստությունը՝ նմանատիպ բոլոր միջոցառումները, ծրագրերը անցողիկ բաներ են: Հիշում է՝ նման միջոցառումների կազմակերպիչներին խորհրդային տարիներին «կուլտմասովիկ» էին ասում:

«Միջոցառումը կանցնի, կգնա, դրա կազմակերպիչները հպարտորեն կասեն, թե՝ մեծ շուքով նշեցինք Կոմիտասի 150-ամյակը, չհասկանալով այդպես էլ, որ շարունակում ենք ճահճի ու արևելյան կլկլոցի մեջ մնալ: Ժողովուրդը տներում շարունակում է թուրքական կլկլոցներ լսել, երթուղայինների ու տաքսիների վարորդները թուրքական երաժշտություն են միացնում ու ստիպում, որ ուղևորն էլ դա լսի: Ամենուր նույն վիճակն է, նույնիսկ դասախոսների ու կոնսերվատորիայի ուսանողների մի մասն այդ ցածրորակ երաժշտությունն է լսում: Մանկապարտեզների միջոցառումների, հանդեսների ժամանակ երեխաները ռուսական ֆիլմերի ու էստրադայի երգեր են երգում»,- ահազանգեց Շահնազարյանն ու հավելեց՝ դպրոցներում երեխաներն իբրև թե երաժշտություն առարկա են անցնում, բայց եթե ցանկացած աշակերտի հարցնենք՝ մաքուր հայկական քանի՞ երգ գիտի, ապա երկու երգ չի կարող երգել:

Ի՞նչ 150-ամյակ, կրկին սրտացավորեն նշեց կոմիտասագետը, երբ միջոցառում են անում, «պտիչկա» դնում, այդքան փող ծախսում, բայց Կոմիտասի մշակած, նոտայագրած երգ-երաժշտությունը հեռավոր համայնքների, սահմանամերձ գյուղերի մարդկանց չի հասնում:

Նա վստահ է, որ Կոմիտասը դեմ կլիներ իր 150-ամյակը նշելուն, կասեր՝ այդ ժառանգությունը ոչ թե ես եմ կամ իմ անձն է, այլ ժողովուրդն է ու ժողովրդի ստեղծածը, որ ստեղծվել է հազարամյակներ, դարեր շարունակ: «Նա այդ ժառանգությունն էր վեր հանել ու վերադարձրել ժողովրդին, որ մարդը շփվի իր արմատների հետ: Այդ գաղափարն ամեն օր պետք է տարածել, պրոպագանդել, որ կարողանանք գոյատևել այս խառնաշփոթի, թոհուբոհի մեջ: Այսօր ամեն բան արվում է, որ ինքնություն, ազգություն, սեփական մշակույթ չլինի, այլ համընդհանուր հիբրիդային մարդ լինի»,- Yerkir.am-ին ասաց Արթուր Շահնազարյանը:

Ըստ նրա՝ Խորհրդային միության ժամանակ շատ ավելի ազգային ձևով է նշվել Կոմիտասի 100-ամյակը, քան հիմա՝ 150-ը: «Այն ժամանակ Հայաստանի բոլոր երգչախմբերին, դպրոցներին հանձնարարված էր երգել ու սովորել Կոմիտաս: Ավելին՝ ԽՍՀՄ ճամբարները (Ուկրաինայի, Բելառուսի և  այլ երկրների), ծրագրերի մեջ ներառել էին երեխաներին Կոմիտասի երգերը սովորեցնել: Մեր երեխաները գալիս էին ճամբարներից ու զարմացած պատմում, որ «Արտեկ»-ում բոլորը Կոմիտաս էին սովորում»,- հիշեց մեր զրուցակիցը:

Արթուր Շահնազարյանը դժգոհ է նաև «Կոմիտասի թանգարան-ինստիտուտի» կատարած աշխատանքից: Ըստ նրա՝ կառույցը դարձրել են գերեզմանոց: «Բայց դա պաշտպանության նախարարության նման առույգ կառույց պետք է լիներ, որտեղ ուսանած մարդիկ պետք է շրջեին Հայաստանով մեկ, դպրոցներում, մանկապարտեզներում հայկական երգ-երաժշտություն սովորեցնեին: Դա պետք է մի կենտրոն լիներ, որ ժողովրդի մեջ տարածեր Կոմիտասի տեսակն ու գաղափարները: Այնինչ՝ այնտեղ նստած սպասում են, թե ով է գալու, որ դուրս գան, երևան»,- ասաց նա:

Yerkir.am-ին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը լավագույնս ուսումնասիրած նվիրյալն ասաց՝ Կոմիտասին անհաղորդ լինելու մեղավորությունը նաև «մշակութային գործիչներինն» է: Նախորդ տարվա քաղաքական դեպքերի ու զարգացումների համար երախտիքի խոսքեր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայցև ընդգծեց՝ վարչապետը գուցե չի գիտակցում, թե ինչ է նշանակում թշվառական մտավորականների բանակ, բայց այդտեղ պետք է «իրավիճակ փոխել»:

«Այդ մարդիկ իրենց օրվա հացի համար շարունակում են չարչրկել Կոմիտասի ու  այլ մեծերի անունները: Գիտության կեղծ թեկնածուներ, կեղծ դոկտորներ... Ախր այդ ամենը ծիծաղելի է: Կոնսերվատորիայում ամեն երկրորդ ուսանողը կեղծ թեկնածուական է պաշտպանել, որ խուսափի պարտադիր զինվորական ծառայությունից»,- սրտացավորեն նշեց Շահնազարյանը:

Հավելեց՝  այս ամենը կարծես քիչ է, Աննա Հակոբյանն էլ հայտարարում է, որ 100 մլն դրամ է տվել «Ուրվական» փառատոնն անցկացնելու համար: «Այն արել են պրոսպեկտի թունելներում, մի քանի դիջեյ է եկել, վիսկի են բաժանել մազերը ներկած մարդկանց, նրանք էլ, մատները վերև տնկած, ինչ-որ անկանոն շարժումներ են արել անհայտ երաժշտության ներքո: Պատկերացնո՞ւմ եք՝ մի քանի ժամվա  համար ինչքան գումար են տրամադրել: Կոմիտասի ամբողջ ժառանգության տպագրության համար այդքան գումար չի ծախսվել, իսկ ռեփից բեթար միջոցառմանը, չգիտես՝ ինչու, այդքան գումար են հատկացրել: Նիկոլը գուցե չի հասկանում, հասկացանք, մասնագետ չէ, բայց դա պետք է վերահսկել: Ի վերջո, կարող է կանխել կոռուպցիան, հանցագործությունը, բայց մշակութային հանցագործությունը տեսանելի չէ: Մշակույթով կարող ես  մի ամբողջ ժողովուրդ այլասերել, մի ամբողջ ժողովրդի զրկել ինքնությունից: Բայց եթե հոգևոր հայրենիքդ վերանա, ֆիզիկականն էլ կհանձնես»,- շեշտեց Արթուր Շահնազարյանն ու հիշեցրեց Կոմիտասի խոսքերը. «Երեսը դեպի ժողովուրդը դարձրեք»: