կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 19:30
Հասարակություն

Ռիգայում նշվեց Կոմիտասի 150-ամյակը

Ռիգայում նշվեց Կոմիտասի 150-ամյակը

Փետրվարի 4-ին Ռիգայի «ՎԷՖ» մշակույթի պալատում տեղի ունեցավ «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության և GK կլինիկայի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս):

Միջոցառմանը ներկա էր Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարդեն (Dace Melbārde), Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Զվիգնև Ստանկևիչսը (Zbigniew Stankiewicz), Լատվիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լատվիացի արվեստագետներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ «Գյուրջիև» համույթն իր ինքնատիպ ստեղծագործական ոճով և ունեցած հաջողություններով հայկական հարուստ երգարվեստը լավագույնս ներկայացնում է աշխարհի շատ երկրներում և նպաստում հայկական մշակույթի տարածմանը:

Դեսպանը նաև հավելեց, որ բալթյան երկրներում իրենց առաջին շրջագայության ընթացքում սա համույթի 4-րդ համերգն է, և Լիտվայում տեղի ունեցած նախորդ երեքն արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականի:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ նաև համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը, ով լատվիացի հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտաս Վարդապետի ունեցած ահռելի ավանդը հայկական ազգային երաժշտական ոճի պահպանման և մշակման գործում:

Լատվիայում մեծ հետաքրքրություն առաջացրած համերգը լայնորեն լուսաբանվեց լատվիական պետական և մասնավոր հեռուստաընկերությունների, ինչպես նաև ԶԼՄ այլ ներկայացուցիչների կողմից: