կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 13:46
Տարածաշրջան

Թուրքիան և Իսրայելը դարձյալ անմեղ են ձևանում

Թուրքիան և Իսրայելը դարձյալ անմեղ են ձևանում

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ 35 րոպեանոց ելույթ ունեցավ, որի ժամանակ վերահաստատեց արտաքին քաղաքականությունում Թուրքիայի որդեգրած մի շարք առանցքային դիրքորոշումները: Ելույթի ուշագրավ դրվագներից էին Իսրայելի հասցեին հնչեցված մի շարք մեղադրանքները, որոնց ժամեր անց պատասխանեց Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

Անդրադառնալով Պաղեստին-Իսրայել հակամարտությանը՝ Էրդողանը նշեց, որ Պաղեստինն աշխարհում ամենաշատ անարդարություն տեսնող երկրներից է՝ հիշեցնելով օրեր առաջ՝ սեպտեմբերի 18-ին, հրեա զինվորների կողմից պաղեստինցի կնոջը դաժանորեն սպանելու դեպքը: ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ Էրդողանը քարտեզ ցուցադրեց՝ ցույց տալու համար, թե 1947 թվականից հետո մինչ օրս ինչքան են փոխվել Իսրայելի սահմանները՝ ի հաշիվ Պաղեստինի տարածքների: Էրդողանը մեղադրեց Իսրայելին բռնազավթման, անօրինական գործողությունների մեջ և ամբիոնից հարց հղեց, թե որո՞նք են իրականում Իսրայելի սահմանները:

Ի պատասխան Էրդողանի մեղադրանքներին՝ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն թվիթերյան էջով հայտարարություն տարածեց. «Նա, ով չի դադարում Իսրայելի մասին ստեր տարածել, սեփական երկրում կոտորում է քրդերին և ժխտում է հայ ժողովրդի ահավոր կոտորածները, իրավունք չունի Իսրայելի գլխին քարոզ կարդալու: Էրդողա՛ն, դադարի՛ր ստել»:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն էլ իր հերթին նշեց, որ Նեթանյահուն, որը մինչև կոկորդը խրված է կոռուպցիոն խարդախությունների մեջ, փորձում է ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: «Ավելի լավ չէ՞ր լինի, որ ժամանակը ծախսեր դատալսումների վրա, քան թե մեղադրեր մի առաջնորդի, որն ընտրություններում, իրոք, կարողանում է հաղթել»,- հայտարարեց նա:

Անշուշտ, և՛ Էրդողանը, և՛ Նեթանյահուն ճիշտ են: Իսրայելն, իրոք, տարեցտարի բռնազավթում է Պաղեստինին պատկանող տարածքները, որն ուղեկցվում է մի շարք անօրինություններով: Իսկ Կիպրոսի 36 տոկոսը բռնազավթած և կոտորածներ իրականացնող Թուրքիան չպետք է մեղադրի ինչ-որ պետության անօրինությունների, սպանությունների և  բռնազավթումների մեջ: Ի դեպ, Թուրքիայի նախագահը նույն ելույթում նաև անդրադարձել է Հարավային Կովկասում առկա լարվածությանը՝ նշելով, թե «Ադրբեջանի հողերը մինչ օրս բռնազավթված են»: