կարևոր
4513 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 13:48
Քաղաքական

Փորձում են հանրության ուշադրությունը շեղել 15 անմեղ զոհերի հանգեցրած հրդեհի մասին քննարկումներից. Արմենուհի Կյուրեղյան

Փորձում են հանրության ուշադրությունը շեղել 15 անմեղ զոհերի հանգեցրած հրդեհի մասին քննարկումներից. Արմենուհի Կյուրեղյան

Այսօր ՔՊ-ն իր տարերքի մեջ է, նախաձեռնել է մի քաղաքական շոու, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ քննարկվեցին հաղթանակած բանակի հաղթանակած գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին և բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրաճանաչ բժիշկ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Ինչպես միշտ, մեկ կուսակցությունով բեմադրում էին էժանագին, մեկ գավառական դերասանի թատրոն: Իսկ ո՞րն էր այդ միակուսակցական բեմադրության  իրական նպատակը:

Նախ. այս իշխանությունները սրանով փորձում են հանրության ուշադրությունը շեղել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված,   15 անմեղ զոհերի բերած հրդեհի պատճառների մասին քննարկումներից, որոնք միանշանակորեն կարող էին կանխել հետագա նմանատիպ դեպքերն ու զոհերը:

Եվ երկրորդ, որը պակաս կարևոր չէ, ցուցադրել իրենց մեջ այդքան կուտակված ատելությունն իրենց մասնագիտական ոլորտում որպես պրոֆեսիոնալներ՝ հանրային ճանաչում ունեցող անձանց նկատմամբ: Ինչու՞, որովհետև իրենք այս արդեն գրեթե 5 տարիների ընթացքում աշխատեցին, աշխատեցին, և այդպես էլ պրեֆոսիոնալ չդարձան:

Սիրելի հայրենակիցներ, այս մարդկանց թվում է, թե մեր ընկերները կառչած են իրենց մանդատներից, կառչած են անձեռնմխելիությունից և վախենալով՝ մեղանչելու են, ինչպես իրենք են մեղանչոիմ իրենց գավառական ղեկավարի առաջ:

Դե իհարկե, ինչպես չկարևորի մանդատն այն մարդը, ով մինչ այն ստանալը հեռուստացույց ու սառնարան չէր կարողանում գնել, իսկ այդ մանդատով 5 տարվա մեջ արդեն 290.000 հազար դոլարանոց առանձնատուն է գնում, ըստ մամուլում տարածված նյութերի:

Ինչպես չկարևորի մանդատն այն մարդը, ով մինչ այն ստանալը աշխտանքային գրքույկ անգամ չուներ, իսկ հիմա այդ գրքույկի առաջին տողում գրված է նախարար, փոխնախարար, վարչության պետ կամ նման այլ պաշտոն:

Այս մարդկանց համար մանդատն ու իշխանությունն ամեն ինչից վեր են՝ երկիր, հայրենիք, հազարավոր երիտասարդների կյանք: Այս մարդիկ կարող են իրենց որդուն քրգործերից փրկելու համար խոսել 120.000 հազարին հանձնելու գնով 3մլն-ին փրկելու մասին:

Այս մարդիկ ատում են հայրենիք սիրողներին, պետականություն կարևորողներին, Արցախի ինքնորոշման համար պայքարողներին, մասնագիտական ոլորտում պրոֆեսիոնալներին: Իրենց այս նախաձեռնությամբ փորձում են վախեցնել մտավորականությանը: Հաջորդ հեղինակություններն ովքե՞ր են լինելու:

Իսկ հիմա մի մի քանի հարց ներկայացման գլխավոր դերակատար ՀՀ գլխավոր դատախազին: Տիկին դատախազ, մեջբերում եմ ձեր խոսքերը կառավարության նիստին. «դրա մասին, պարո՛ն վարչապետ, պարբերաբար ես Ձեզ զեկուցում եմ, և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի։ ․․․Բացի այդ, զեկուցե՛մ, պարո՛ն վարչապետ, որ 23․01․2023թ․ զինդատախազի կողմից հրաման է արձակվել․․»:

Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում «Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի հիման վրա:

ՀՀ վարչապետը սահմանադրությամբ ու օրենսդրությամբ սահմանված կարգով որևէ իրավասություն չունի ՀՀ գլխավոր դատախազի զեկույցներ ստանալու նախաքննության փուլում գտնվող այս կամ այն քրեական վարույթի վերաբերյալ։

Ո՞ր լիազորությունների շրջանակում եք նման զեկուցում ներկայացնում վարչապետին: Սահմանադրությունը խախտողը խոսում է ուրիշի կողմից օրենքի խախտման մասին, խելքի աշեցեք:

Եթե իրոք գլխավոր դատախազ եք, և ոչ թե վարչապետի հատուկ հանձնակատար, ապա ինչու չեք բարձրաձայնում հենց թեկուզ նույն վարչապետի կողմից անձի անմեղության կանխավարկածի խախտման մասին, երբ նա, կառավարության նիստում զորամասի հրդեհի հենց հաջորդ առավոտ ներկայացնում է պաշտոնական վարկած և նշանակում մեղավոր:

Սիրելի հայրենակիցներ, երբ այս մարդիկ ինչ որ շոուն են կազմակերպում, հանրության ուշադրություն են շեղում, ապա դրանով գուժում են երկրի համար խիստ վտանգավոր դավաճանական քայլ իրականացնելու մասին:

Պետք է ոտքի կանգնել, երկիրը փրկել սրանցից ու դրանով իսկ՝ կործանումից:

Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր