կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 15:46
Քաղաքական

Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ. Աննա Նաղդալյան

Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ. Աննա Նաղդալյան

Ադրբեջանի բանակի զինծառայողները մասնակցելու են Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Մինսկում անցկացվող զորահանդեսին։ Լրագրողներն այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակին խնդրեցին ներկայացնել Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ գործընկերոջ կողմից Հայաստանի հակառակորդին նման հրավեր ուղարկելու վերաբերյալ:

«Դա որևէ երկրի սուվերեն իրավունքն է՝ իր մոտ անցկացվող միջոցառումներին հրավիրել ցանկացած գործընկերոջ»,- ասաց Աննա Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության մասնակցությանը, նա խոստացավ ճշտել՝ հրավեր եղե՞լ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները զորահանդեսին մասնակցելու են։ «Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերի համաձայն, ՀՀ զինված ուժերի պատվոպահակային վաշտի դրոշակակիրները կմասնակցեն Մինսկի ազատագրման 75-րդ տարեդարձի և Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ հուլիսի 3-ին Մինսկում կայանալիք ռազմական շքերթին»,- ասված էր  հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը նաև որոշ մանրամասներ ներկայացրեց Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրման արհեստական խոչընդոտների ստեղծման մասին «Հետքի» հրապարակման վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ նրա, գործընթացը դիտարկում է Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման համատեքստում, և դրանում թերացումներն անընդունելի են։

«Մենք խստորեն անդրադառնալու ենք այս հարցին: Այս առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ` պարզաբանումների համար, և նրան ներկայացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը»,- ասաց Նաղդալյանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նաև հայտնեց, որ Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած երկրների քանակը հասել է 13-ի՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Լեհաստան, Լյուքսենբուրգ, Դանիա, Մալթա, Ռումինիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Սլովակիա: Սրանք այն պետություններն են, որոնք ավարտել են վավերացման գործընթացը՝ այդ մասին հայտնելով Եվրոպայի խորհրդին։ 

«Կիպրոսի հետ համաձայնագիրը վավերացվել է նաև Գերմանիայի Բունդեսթագի, Չեխիայի Պատգամավորների պալատի և Շվեդիայի խորհրդարանի կողմից, և գործընթացն անցել է վավերացման հաջորդ փուլ»,- ավելացրեց Աննա Նաղդալյանը: