կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 12:59
Քաղաքական

Ադրբեջանի կողմից Մխիթարյանին անվտանգային երաշխիք չտալը և հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն արգելելը ռասիզմի նոր դրսևորում է. Աննա Նաղդալյան

Ադրբեջանի կողմից Մխիթարյանին անվտանգային երաշխիք չտալը և հայկական ծագում ունեցող երկրպագուների  մուտքն արգելելը ռասիզմի նոր դրսևորում է. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելը ռասիզմի նոր դրսևորում է համարում: Այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին, և՛ նրա թիմին, ապա արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չէր ունենա Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը Բաքվում կայանալիք խաղին»,- ասաց Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն իրենց երկիր արգելելու մասին լուրերին, Աննա Նաղդալյանը նշեց, որ այդ հարցը Հայաստանի կողմից բարձրացվելու է միջազգային գործընկերների առջև:

«Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որ սպորտը վեր է քաղաքականությունից, առավել ևս սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան: Ադրբեջանի կողմից նման երաշխիքների չտրամադրումն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռասիստական նոր դրսևորում, և դա կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը: Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, սակայն մենք ոչ միայն չտեսանք որևէ ներդրում այս ուղղությամբ, այլ նաև ականատես եղանք ռասիստական նոր դրսևորումների: Բնականաբար, մեր կողմից այս հանգամանքը բարձրաձայնվելու է մեր միջազգային գործընկերների առջև: Փաստն ինքնին ցավալի է»,- նշեց խոսնակը:    

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: