կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-26 16:05
Տարածաշրջան

Հունաստանը կրակի հետ է խաղում. «Գորշ գայլեր»-ը սպառնում են Հունաստանին

Հունաստանը կրակի հետ է խաղում. «Գորշ գայլեր»-ը սպառնում են Հունաստանին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինք կազմած` «Գորշ գայլեր»-ի քաղաքական միավորում հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասի այն հայտարարություներին, որում նա սպառնում էր Թուրքիային, որ եթե չդադարեցնի Միջերկրականի արևելյան ջրերում բնական գազի որոնողական և  հորատման աշխատանքները, ապա թանկ կվճարի:

«Հունաստանի կառավարությունը պետք է իմանա, որ Միջերկրական և Էգեյան ծովերում չի ծնվել այնպիսի մի ծովահեն, որը կկտրի մեր ճանապարհը: Հունաստանը կրակի հետ է խաղում: Ցիպրասը ցինիկորեն հայտարարում է, որ մենք թանկ ենք վճարելու: Ցիպրասը պետք է դադարեցնի սպառնալը, իրեն տա պատմությանը. պետք է դասեր քաղեք Իզմիրում մեր կողմից խեղդված ձեր պապերից: Եթե չեք քաղում, ուրեմն պատրաստ եղեք թաղվելուն, ոչնչանալուն և ծովը կուլ տալուն: Հույն-մույն չենք ճանաչում, գնալու ենք մինչև վերջ: Ճնշելու ենք մեր դեմ ելած ցանկացածին»,- Բահչելիի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:

Նշենք, որ մայիսի 6-ին Թուրքիան Կիպրոսին պատկանող ջրեր էր ուղարկել «Ֆաթիհ» նավը, որը խիստ քննադատությունների պատճառ դարձավ, իսկ օրեր առաջ էլ, չնայած ահագնացող ճնշումներին, ուղարկել է երկրորդ` «Յավուզ» նավը: