կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 14:39
Քաղաքական

Տեղեկատվության որևէ արտահոսք չի լինելու, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյանը ԱԺ-ում ՀԱՊԿ-ին վերաբերող նախագիծ է ներկայացրել

Տեղեկատվության որևէ արտահոսք չի լինելու, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյանը ԱԺ-ում ՀԱՊԿ-ին վերաբերող նախագիծ է ներկայացրել

ՀԱՊԿ անդամ պետությունները միջպետական համագործակցության հիման վրա կնպաստեն տեղեկատվական անվտանգության հետագա զարգացմանը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործմանը, համագործակցությանը:  ԱԺ-ում «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Համաձայնագրի հիմական նպատակներն են՝ միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեության դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում համագործակցությունը»,- նշեց նա:

Ըստ Վանեցյանի՝  ՀԱՊԿ անդամ երկրների միջև տեղեկատվությունը փոխանցվելու է ըստ նպատակահարմարության։ «Կան համապատասխան պետական կառույցներ, որոնք որոշելու են՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ տեղեկատվությունը փոխանցվի երկրորդ կամ երրորդ երկրի, թե՞ ոչ։ Նույն տրամաբանությամբ որոշվելու է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Այս համաձայնագրում կան պայմաններ, չափորոշիչներ, որոնք պետությունը հաշվի է առնելու, և բացառվում է, որ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Սա փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկություն չի փոխանցվելու: Այսինքն՝ առանձին գործող կառույց է, որը գործելու է ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական փոխանակման ուղղությամբ», - վստահեցրեց ԱԱԾ տնօրենը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 30-ին Մինսկում Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից:

Ըստ ֆինանսների նախարարության եզրակացության` համաձայնագիրը ԱԺ-ի կողմից ենթակա է վավերացման, այն ՀՀ-ի համար առաջացնելու է հավելյալ ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես` պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա: