կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-15 16:28
Քաղաքական

Ռուս սահմանապահները ՀՀ-ի անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցում են

 Ռուս սահմանապահները ՀՀ-ի անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցում են

Վերջերս, ճիշտ է, ակտիվացել են հայ-թուրքական սահմանի հատման դեպքերը թուրք սահմանապահների կողմից, սակայն, իրավիճակը կայուն է: Առհասարակ, Թուրքիայի կողմից այս առումով Հայաստանի ուղղությամբ միշտ էլ ակտիվ են եղել, ընդ որում՝ որոշ դեպքեր հետապնդել են զուտ սադրելու նպատակ: Այս մասին Ծաղկաձորում լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարի ընթացքում հայտնեցին ԱԱԾ-ից:

Դիտարկմանը՝ ռուս սահմանապահները, որոնք պաշտպանում են հայ-թուրքական սահմանը, արդյոք հայկական կողմին փոխանցում են ամբողջական տեղեկատվություն, ԱԱԾ փոխգնդապետ Հակոբ Հատիկյանը վստահեցրեց, որ ՀՀ համապատասխան մարմինները մեր երկրին վերաբերող տեղեկություններն ամբողջությամբ ստանում են:

«Համագործակցության շրջանակում ռուսական կողմն ամբողջությամբ փոխանցում է մեզ այն տեղեկությունը, որը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը: Մենք չվստահելու հիմքեր չունենք»,-նշեց նա՝ ակնարկելով, որ լինում են դեպքեր, երբ տարբեր երկրների հետախուզությունները ՌԴ-ի դեմ են աշխատում, բնականաբար, այս ինֆորմացիան հայկական կողմին չի փոխանցվում:  

Ինչ վերաբերում է նրան, որ Մեղրիի անցակետում անձնագրերի ստուգումը ևս վերապահված է ռուսներին, փոխգնդապետը նշեց, որ չպետք է այս հարցում հուզականություն դրսևորել:

«Դա գուցե գնահատեք հուզական, բայց երկրի հեղինակության հարց չկա այստեղ: Օդանավակայանում դարձյալ սահմանապահ զորքերն են»,- նշեց նա՝ հավելելով, որ մտահոգությունը, ամեն դեպքում, կփոխանցի բարձրագույն ղեկավարությանը:

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանն իր հերթին հավելեց.

«Այստեղ հնարավորությունների հարց է, երբ սահմանապահ զորքերի ֆինանսական  հնարավորությունները ներեն, այդ ժամանակ դա կվերցնենք մեր հսկողության տակ, որևէ խնդիր չկա»: