Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովն օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց եկամտային հարկի համահարթեցում նախատեսող օրենքի նախագիծը: Նախորդ օրն էլ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կազմակերպել էր մասնագիտական քննարկում, որի ընթացքում ներկայացրեցինք առարկայական մի շարք խնդիրներ, որոնք ունեն հետևյալ ամփոփ բովանդակությունը՝
- եկամտային հարկի առաջարկվող համահարթեցմամբ վերացվում է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը՝ հարկային բեռը հարուստներից առավելագույնս տեղափոխելով աղքատների վրա,
-պրոգրեսիվ հարկումը չի գործում, քանի որ առկա է մեծ ստվեր և սահմանված են արդյունավետ դրույքաչափեր,
- այս փոփոխությունը դրականորեն չի ազդում մինչև 150 000 դրամ աշխատավարձով աշխատողների վրա, որոնք աշխատողների 71 տոկոսն են (435 000 աշխատողներ), չի ազդում նաև աշխատողների 25 տոկոսը (142 000 մարդ) կազմող աղքատների վրա,
- բյուջեի հարկային մուտքերի նվազելու են 45 մլրդ դրամով, որը փոխհատուցվելու է անուղղակի հարկերի ավելացմամբ և գների բարձրացմամբ,
- բերված փոփոխությունները չեն բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական և շուկայական տնտեսական կարգ ապահովելու պահանջից,
- եկամուտները բաշխվելու են բացառապես շուկայական հիմքով՝ «Շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով, որն էլ հակասում է սոցիալական արդարության սկզբունքին՝ «Շատից՝ շատ, քչից՝ քիչ»,
-այս փոփոխությունները հակասում են գործող կառավարության ծրագրային մի շարք նպատակադրումների, որոնք բերված են սոցիալական ներառական զարգացման համատեքստում,
- գործատուի համար վերացվում է խթանը՝ ցածր աշխատավարձն առաջանցիկ ավելացնելու համար,
- աշխատատար ճյուղերում արտահանման խթաններ իրականում չեն լինելու, քանի որ այդ ճյուղերում վարձատրությունն ավանդաբար ցածր է, և հիմա էլ այդ ճյուղերի աշխատողները հարկվում են 23 տոկոս դրույքաչափով,
- ստվերը կրճատելու` իշխանությունների ակնկալիքը հիմնավոր չէ, նաև` միջազգային փորձագետների գնահատմամբ, իշխանությունները չունեն ստվերի չափերի որևէ գնահատական և կրճատման հստակ թիրախավորում,
- այս փոփոխություններով իշխանությունները քողարկում են պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի խնդիրները՝ հակասելով իրենց նախկին դիրքորոշմանը:
Գործող իշխանության ներկայացուցիչները բարձրացված խնդիրներին այս կամ այն կերպ փորձում էին բացատրություններ տալ: Անկնհայտ էր մի բան, որ դրանց գոյությունը հնարավոր չեղավ հիմնավոր մերժել: Ակնհայտ էր նաև, որ քաղաքական որոշում կայացնող իշխանավորներն ամեն գնով չընդունեցին մեր կողմից առաջարկվող այլընտրանքային լուծումները, որոնք միտված են այս խնդիրներին, ունեն օբյեկտիվ հիմք ու անհրաժեշտություն:
Մեր կողմից հետևողականորեն առաջարկվող լուծումներն ունեն հետևյալ ընդհանրական բովանդակությունը՝
- սահմանել եկամտային հարկի չհարկվող շեմ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի չափով, որի պարագայում, պատասխանատուների գնահատմամբ, եկամտային հարկի մուտքերը կնվազեն 91 մլրդ դրամով,
-պրոգրեսիվ հարկման տարրեր ներմուծել՝ սահմանելով գոնե 2 դրույքաչափ՝ 20 տոկոս` մինչև 350 հազար դրամ եկամտի համար, որը բավարար է միջինը չորս հոգանոց ընտանիքի նվազագույն կենսապահովման համար, և 25 տոկոս՝ դրանից բարձր եկամտի համար, որով էլ կփոխհատուցվի եկամտահարկի մուտքերի հնարավոր նվազեցումը, կամ` սահմանել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումներ՝ աշխատողի երեխաների թվից կախված,
- ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման և ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի լիարժեք իրավական հիմքերը,
- միասնական եկամտային հարկից պարտադիր սոցիալական վճարն տարանջատել, որը կարող է ունենալ միասնական մեկ դրույքաչափ՝ անկախ եկամտի չափից,
-եկամտային հարկի փոփոխություններին զուգահեռ, մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, բարձրացնել նվազագույն աշխատավարձը և սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղից բարձր, միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում,
-վերացնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական բացերն ու հակասությունները և ամբողջականացնել պետական վերահսկողության իրավական հիմքերը,
- նախատեսել բավարար օրենսդրական կարգավորումներ՝ սոցիալական գործընկերության կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման համար:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ