Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեն տարեցտարի արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թվաքանակը:
«2015թ. ընթացքում վերադարձվել է շուրջ 274 մլն դրամ գումար, մասնակից անձինք եղել են 560-ը: 2016թ. ընթացքում վերադարձվել է 1 մլրդ 350 մլն դրամի չափով եկամտային հարկի գումար` արդեն 1276 մասնակիցների: 2017թ. հունվարի 25-ի դրությամբ պետբյուջեից վերադարձված եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 624 մլն դրամ»,-նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը: Այս տարվա ընթացքում ևս, գործընթացը սահուն կերպով իրականացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերադարձվող գումարների ենթադրյալ աճը, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ դրամի չափով գումար:
Նշենք, որ եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն առաջին անգամ հարկային մարմին է ներկայացնում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը: Հետագա հաշվետու ժամանակահատվածներում հարկային մարմին է ներկայացվում դիմում և վճարված տոկոսների վերաբերյալ բանկի կողմից տրված տեղեկանք: Ի դեպ, գործընթացն առավել դյուրին դարձնելու նպատակով, նախատեսվում է եռամսյակային դիմումները ևս էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն ստեղծել: Միաժամանակ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը նախատեսում է նաև վարկառուի համաձայնությամբ ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում վարկառուի վճարած տոկոսագումարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հարկային մարմնին: Ներկայումս աշխատանքներ են ընթանում ԱՔՌԱ-ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվության փոխանցումը իրականություն դարձնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, ըստ որի` ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը վերադարձվում է բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարան ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: Օրենքը վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարներին:
«Այս դրույթը դրական ազդեցություն է ունենում շինարարության, սոցիալական և տնտեսական ոլորտների զարգացման վրա` նպաստելով բնակարանային շինարարությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բնակարանային խնդիրներ ունեցող անձանց անհրաժեշտ խնդիրների կարգավորմանը և այլն»,-ընդգծել է Տիգրան Կիրակոսյանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին