Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Արդարադատության նախարարության շենքի դիմաց իրականացված բողոքի ցույցի վերաբերյալ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՌԴ-ում դատապարտված ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի հարազատները դադարեցրել են բողոքի ցույցը։
Նշենք, որ Արման Առաքելյանը Ռուսաստանում սպանել է ադրբեջանցու, ով պատռել էր Շառլ Անզնավուրի նկարը՝ ասելով՝ սրանք չե՞ն ձեր հերոսները:
ՀՀ Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե ինչու է մերժել ՌԴ-ում 18 տարի դատապարտված Առաքելյանին ՀՀ տեղափոխելու դիմումը:
«ՀՀ արդարադատության նախարարությունում բազմիցս ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Արման Վալերիկի Առաքելյանին (ծնված՝ 21.01.1973թ.) պատժի մնացած մասը կրելու նպատակով ՌԴ-ից ՀՀ փոխանցելու հարցը:
Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի Պուշկինսկի շրջանային դատարանի 18.11.2016թ. դատավճռի համաձայն՝ Ա. Առաքելյանը դատապարտվել է 18 տարի ժամկետով ազատազրկման Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-րդ մասով (սպանություն) և 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) նախատեսված արարքներ կատարելու համար: Ա. Առաքելյանն ունի 1530 ռուբլու ֆինանսական պարտավորություն՝ որպես դատական ծախս և 1,000,000 ռուբլու տուգանք՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, որը համաձայն դատապարտյալի շահերի ներկայացուցիչ Արթուր Դաշյանի՝ մարվել է:
Հաշվի առնելով այն, որ դատապարտյալի հարազատների պնդմամբ Ա. Առաքելյանը դատապարտված է ազգությամբ ադրբեջանցու սպանության համար, իսկ վերջինիս Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի շրջանի թիվ 17 ուղղիչ հիմնարկում պահում են ադրբեջանցի դատապարտյալների հետ նույն խցում, ինչի հետևանքով, ազգային պատկանելությունից ելնելով, պարբերաբար բախումներ են տեղի ունենում Ա. Առաքելյանի և դատապարտյալների միջև, ՀՀ արդարադատության նախարարությունը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով իրենց իրավասության սահմաններում պարզել արդյոք Ռուսաստանի Դաշնության թիվ 17 ուղղիչ հիմնարկի ղեկավարության կողմից դատապարտյալ Ա. Առաքելյանի նկատմամբ իրականացվում են ոչ իրավաչափ գործողություններ և միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու իրավունքների հնարավոր խախտումը կանխելու և նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:
Նշված միջոցները կարող են ներառել ինչպես այցելությունները նշված դատապարտյալին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ հյուպատոսի կամ հյուպատոսական ծառայության ներկայացուցչի կողմից, այնպես էլ նրա պատիժը կրելու պայմաններին ծանոթանալու, վերջինիս անձամբ տեսնելու և զրուցելու միջոցով նրա իրավունքների պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու, հնարավորության դեպքում վերջինիս պաշտպանությունն ապահովելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին դիմելու և վերջինիս այլ ուղղիչ գաղութ տեղափոխելու գործողությունները:
Այդուհանդերձ, ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության ձեռնարկած միջոցների, ՀՀ ԱԳՆ-ից ստացված դատապարտյալի որդու՝ Գուրգեն Արմանի Առաքելյանի դիմումի համաձայն՝ վերջինս խնդրել է «...Արման Վալերի Առաքելյանի գործին ընթացք չտալ», որի պատճառով դադարեցրել են իր հորը ՀՀ պետական մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում այցելելու և աջակցելու փորձերը: Հիշյալ դիմումից հետո դատապարտյալի որդին կրկին դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն պահանջելով դատապարտյալ Արման Վալերիկի Առաքելյանի տեղափոխումը Հայաստան:
Վերոգրյալից հետևում է, որ դատապարտյալ Արման Առաքելյանը օտարերկրյա պետության տարածքում կատարել է առանձնապես ծանր հանցագործություն (անկախ անձի ազգությունից, ում նկատմամբ այդ հանցագործությունը կատարվել է), որի համար դատապարտվել է և պատիժ է կրում տվյալ պետությունում:
Դատապարտյալների փոխանցումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրականացվում է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի Եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրերը ուղղված են դատապարտյալներին իրենց սոցիալական միջավայր վերադարձնելուն՝ վերջիններիս ինտեգրումը հասարակությանը դյուրացնելու նպատակով:
Կոնվենցիայի բացատրական զեկույցի 10-րդ կետի համաձայն՝ Կոնվենցիան չի պարտավորեցնում Կողմերին թվարկել դատապարտյալների փոխանցման վերաբերյալ միջնորդության մերժման հիմքերը: Միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցը վերապահված է պայմանավորվող կողմերի (այսինքն՝ պետությունների) հայեցողությանը և դա նրանց իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:
Օտարերկրյա պետությունում հանցագործություն կատարելու համար դատապարտված անձին Հայաստանի Հանրապետություն փոխանցումը մերժելը ինքնին որևէ միջազգային պայմանագրով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չի կարող համարվել վերջինիս իրավունքների խախտում:
ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար չի համարել դատապարտյալի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, սակայն քայլեր է ձեռնարկել վերջինիս իրավունքները պաշտպանելու և համապատասխան տեղեկություն ստանալու ուղղությամբ: Դատապարտյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը կասեցվել են հենց դատապարտյալի հարազատների կողմից, ինչը հնարավորություն չի տալիս ՀՀ արդարադատության նախարարությանը օբյեկտիվ տեղեկություն ստանալ ՀՀ իրավասու մարմիններից դատապարտյալի պատիժը կրելու վայրում վերջինիս հարազատների կողմից մատնանշված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: