կարևոր
4159 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-01 14:52
Հասարակություն

Ագրարային համալսարանում լավ չեն ընկալել ֆինանսների նախարարության պարզաբանումը

Ագրարային համալսարանում լավ չեն ընկալել ֆինանսների նախարարության պարզաբանումը

Yerkir.am-ը անդրադարձել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից հայտարարված արտաքին աուդիտի մրցույթին: Համալսարանի գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարություն 23.04.2024թ գրությանը, անբավարար է գնահատել ու մերժել է «Փըրֆեքթ աուդիտ» ընկերության հայտը և հաղթող էր ճանաչել «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ» ընկերությանը: Ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը աուդիտ իրականացնող ընկերությանը ներկայացրել է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:

Yerkir.am-ը համապատասխան հարցում էր ուղարկել ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին հետևյալ բովանդակությամբ. «Արդյո՞ք համալսարանին ուղղված Ձեր գրությունը կարող էր հիմք հանդիսանալ «Փըրֆեքթ աուդիտ» ընկերության հայտի մերժման համար, և եթե այո, խնդրում եմ տրամադրել մանրամասները»: Ֆինանսերի նախարարությունից ստացված պատասխանում մասնավորապես ասվում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2024 թվականի ապրիլի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությանն ուղղված գրությամբ խնդրել էր պարզաբանել՝ կարող է արդյոք ներքին աուդիտ իրականացրած աուդիտորական ընկերությունը նույն ժամանակահատվածի համար իրականացնել նաև նույն կազմակերպության արտաքին աուդիտ: Վերը նշված հարաբերությունները կարգավորված են «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարությունը 2024 թվականի ապրիլի 22-ին գրությամբ պատասխանել է Համալսարանի հարցմանը՝ նշելով, որ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աուդիտորական կազմակերպությունն իրավունք չունի իր կողմից աուդիտի ենթարկվող անձին մատուցելու նույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունները (այդ թվում՝ ներքին աուդիտի ծառայություն), եթե նշված ծառայությունների իրականացումը կհանգեցնի աուդիտորական կազմակերպության անկախության նկատմամբ պահանջների չպահպանման կամ կառաջացնի այդպիսի պահանջների չպահպանման վտանգ և (կամ) կհանգեցնի շահերի բախման առաջացման կամ այդպիսի բախման առաջացման վտանգի, և աուդիտորական կազմակերպությունը չի կարող ընդունել համապատասխան միջոցներ՝ վերացնելու համար աուդիտորական կազմակերպության անկախության նկատմամբ պահանջների չպահպանման վտանգը կամ իջեցնելու վտանգը մինչև այն մակարդակի, որի դեպքում Մասնագիտական էթիկայի կանոնագրքով սահմանված մասնագիտական էթիկայի հիմնական սկզբունքները կպահպանվեն: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության 2024 թվականի ապրիլի 22-ին համալսարանին ուղղված գրությունը վերաբերում է «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգավորումներին, այլ ոչ թե Համալսարանի գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի գնահատման գործընթացին, որին հնարավոր կլինի անդրադառնալ ընթացակարգի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում»:

Ստացվում է, որ ագրարային համալսարանում ֆինանսերի նախարարության գրությունից ընթերցել են և հասկացել «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի պարզաբանման հատվածից մի քանի բառ, և գնահատման հանձնաժողովը, հիմքում դնելով նախարարության գրությունը, մերժել է «Փըրֆեքթ աուդիտ» ընկերության հայտը: Ի դեպ «Փըրֆեքթ աուդիտ»-ը ներկայացրել է ավելի ցածր գին, քան հաղթողը: Թե ինչպես կարձագանքի այս ամենին մրցույթի արդյունքները հաստատած հոգաբարձուների խորհուրդը, ցույց կտա ժամանակը: