Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 28-ը մեր նորագույն պատմության ամենափառահեղ էջն է, այսօր Հայաստանի ու հայության տոնն է` երկար տարիների կորստից հետո վերականգվեց մեր պետությունը, և այդ վերականգնումի մեջ իր խոշոր դերն ունի Դաշնակցությունը. Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Վեց մետր բարձրությամբ` կարմիր տուֆից կերտված հուշակոթողը կառուցված է ՀՅԴ Կանադայի կառույցի և Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ, հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը:
«Հուշակոթողի բացմանը ներկա ենք հպարտության մեծ զգացումով, և ուրախ եմ ասել, որ կամաց-կամաց Արամ Մանուկյանն իր արժանի տեղն է գտնում Հայաստանում: Արամ Մանուկյանը Հայաստանի և Սփյուռքի համար երկար տարիներ եղել է անկախության խորհրդանիշը: Նա Սարդարապատի հողի վրա կերտված հաղթանակի, նաև Վանի ապստամբության ու մեր ժողովրդի մարտական ուղու խորհրդանիշն է: Հիշենք, որ հաղթանակ կերտելուց ու Հայաստանի Հանրապետության հիմնադրումից հետո նա ստանձնեց ներքին գործերի նախարարի պաշտոնն ու անցավ քաղաքական դաշտ, բայց, ցավոք, կարճ ժամանակ անց մահացավ: Արամ Մանուկյանը լավագույն խորհրդանիշն է մեր անկախության ձգտման: Երանելի կլիներ, որ տեսներ նաև 1919-ի մայիսին կնքված Միացյալ Հայաստանի ակտը»,- ասաց նա:
Դառնալով հուշակոթողին` Տեր-Խաչատուրյանն իր գոհունակցությունը հայտնեց, որ այն կանգնեցվել է Սարդարապատի հուշահամալիրում: «Հուսանք, մաղթենք, որ այն կդառնա ուխտատեղի հայ ժողովրդի համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ նորօրյա իշխանություններին ու ժողովրդին մշտապես հորդորում են` միասնական աշխատանքով հայրենիքի զարգացմանը նվիրվելու պահն է այժմ, և հարկավոր է հայրենիքը խնայել նոր ցնցումներից: «Ժողովրդական շարժումից հետո մարդկանց մոտ հույս արթնացավ, ու մենք մշտապես կոչ ենք ուղղել իշխանությանը` կոնկրետ քայլերով և առանց ցնցումներ առաջացնելու ստեղծել իսկապես սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ, որը կվերացնի ատելություն, բաժանարարություն ստեղծելու մտադրությունը: Վերջիվերջո, ժամանակն է, որ բոլորս ձեռք ձեռքի տանք ու կերտենք, զարգացնենք մեր հայրենիքը»,- հավելեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Սարդարապատի բարձունքում, Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սառնաղբյուրում հազարամյա պետականության բացակայությունից հետո հայ ժողովուրդը, զենքը ձեռքին, վերակերտեց իր անկախությունը, վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու իր կամքը, իսկ 1919-ին վերահաստատեց Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան կերտելու` իր վճռականությունը:
«Սարդարապատի բարձունքում կանգնած` տեսնում ենք, թե ինչպես վերսկսվեց Հայաստանի ու հայ ժողովրդի վերածնունդը: Եթե չլինեին 1918-ի մայիսյան հաղթանակները, չէր լինի Հայաստանի Հանրապետությունը, այնուհետև` չէր լինի Խորհրդային Հայաստանը, և, իհարկե, չէր լինի մեր այսօրվա հաղթանակած Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով նոր իշխանությունների` պետականության գաղափարին ու դրա պահպանությանը միտված քայլերին` Խաչատրյանը հույս հայտնեց, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում ստանձնած առաքելությանը և Հայաստանի Հանրապետության նավը չեն տանի դեպի խութեր: «Ցավոք, ընթացքի վերաբերյալ որոշակի վերապահումներ ու մտահոգություններ ունենք, որոնց մասին բազմաթիվ անգամներ հայտնել ենք»,- հավելեց նա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության գնդապետ, հայ ռազմական գործիչ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) նույնպես Սարդարապատի բարձունքում էր: Նա Yerkir.am-ին ասաց` հպարտության զգացում ունի այսօր, որովհետև Սարդարապատը մեր պետության ամենակարևոր պոռթկումից մեկն է: «Եթե Սարդարապատը չլիներ, նորօրյա Հայաստան չէինք ունենա»,- նշեց նա` հավելելով. «Սարդարապատը մեզ ուժ, եռանդ, զինվորական կրթություն է տվել, զարկ է տվել մեր ժողովրդին, ու Արցախյան հաղթանակներն էլ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի ավարտն էին»:
ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև Ապարան, ծաղիկներ խոնհարել Հայաստանի անկախության համար պայքարած զորավար Դրոյի գերեզմանին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը մեզ հետ զրուցում ընդգծեց. «Ազատագրական պայքարի երեք տասնամյակների զոհողություններից հետո՝ 1918թ. մայիսի 28-ին, մեր ժողովուրդը իրականություն դարձրեց իր քաղաքական երազանքը՝ հիմնելով Հայաստանի Հանրապետությունը։ Մեկ տարվա մեջ մեր երազած պետությունն իր սահմանները հնգապատիկ ընդարձակեց: Բայց հայության հավաքական գոյատևելիությունը կարիք ուներ ավելիին։ Եվ ահա ուղիղ 100 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ և Հայաստանի խորհրդարանի վավերացումով, որոշեց վերականգնել հայրենիքի ամբողջությունն ու միասնությունը՝ հայտարարելով Միացյալ և Անկախ Հայաստանի ակտը։ Միացյալ և Անկախ Հայաստանով մեր պատմության մեջ առաջին անգամ հավաքաբար նվաճեցինք մեր մնայուն սահմանները։ Այսօր այդ նվաճման իրականացումից է կախված է մեր հավաքական գոյատևությունը»։
Դաշնակցական գործիչները ծաղիկներ խոնհարեցին նաև Ղարաքիլիսայի Կոտրված եկեղեցու մոտ: Իր խոսքում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը, շեշտեց. «Հայ ժողովուրդը շատ բան է կորցրել պատմության քառուղիներում: Սակայն, դիմակայելով ճակատագրի հարվածներին, բոլոր փորձություններից նա դուրս է եկել ավելի ուժեղ ու իմաստնացած: Դրա վկայությունն այսօր հաստատուն քայլերով զարգացող հայկական երկու հանրապետություններն են, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, մեր հզոր ու հաղթական բանակը, մեր հպարտ երիտասարդությունը:Մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել ու փայփայել մեր ձեռքբերումները` ամեն ինչից վեր դասելով պետական եւ ազգային շահերը: Մենք այն սերունդն ենք, որը հնարավորություն է ստացել հաջորդ սերունդներին փոխանցել ավելին, քան ստացել է: Հակառակի իրավունքը մենք պարզապես չունենք: Հակառակի համար պատմությունը մեզ չի ների: Մայիսի 28-ը հարյուրամյա իմաստնությամբ եկել է ասելու՝ պահպանե'ք «Զարգանալ՝ չզիջելով» ուղեգիծը»: