կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 21:41
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շնորհակալություն ՀՅԴ Հայ Դատի նվիրյալներին, որոնց աշխատանքով հնարավոր դարձավ ԱՄՆ ճանաչումը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Սա իսկապես պատմական օր է՝ մեծապես գնահատում ենք ԱՄՆ նախագահ Բայդենի՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու կեցվածքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հրավիրած հրատապ բրիֆինգի ժամանակ։

«Նա խոստում էր տվել, երբ թեկնածու էր, բայց շատ նախագահներ թեկնածության ընթացքում այդ խոստումը տվել են ու հետո չեն հարգել, ուրախ ենք ասելու, որ նախագահ Բայդենը հարգեց այդ խոստումը։

Մենք գիտեինք, որ ինքը լայնապես ծանոթ է հայությանը, Ցեղասպանությանը, լայնապես մասնակցել էր Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։

Միայն ու միայն կարելի է գնահատել նախագահ Բայդենի այս կեցվածքը»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր այն աշխատողներին՝ Հայ Դատի հանձնախմբերին, գրասենյակներին և հազարավոր նվիրյալներին, որոնց տասնամյակների պայքարի շնորհիվ հնարավոր եղավ հասնել այստեղ։

Նա նաև անգլերենով արտահայտեց իր երախտիքը ԱՄՆ նախագահին և ՀՅԴ մարմիններին ու այլ նվիրյալներին։

Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ տարբեր անվանումներով՝ Հայ Դատի կառույցներ գործել են Ամերիկայում ՀՅԴ հովանավորության տակ 1940-ական թվականներից սկսած։ ԱՄՆ-ը 1951 թ-ին արդեն իսկ իր հատուկ փաստաթղթում «Ցեղասպանություն» եզրույթը գործածել է, երբ Ռաֆայել Լեմկինը արդեն ստեղծել էր այդ բառը։ Այդ օրերից ՀՅԴ ընկերները, համակիրները, ժողովուրդը միշտ հետապնդել է այս հարցը՝ ասելով, որ անպայմանորեն պիտի հաջողեն, որովհետև այլընտրանք չկա։

1960-ականներից, երբ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների բնույթը ավելի հստակեցվեց, քաղաքական պայքարը հատուկ թափ առավ։

«Երբ ասում ենք տասնամյակներ՝ նկատի ունենք 1940-ական թվականներից, բայց, մանավանդ, 60-ական թվականներին ծավալած աշխատանքի շնորհիվ շարունակաբար որդեգրվեցին բանաձևեր ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի կողմից, իսկ նախագահ Ռեյգանը հայտարարության մեջ նշեց այդ բառը, բայց հպանցիկ ձևով։ Սակայն հստակ հիմա նախագահ Բայդենը եկավ ամբողջացնելու այդ ճանաչման գործընթացը ԱՄՆ-ի։ Գործադիր իշխանությունը միացավ օրենսդիրին և որևէ մեկը չի կարող հերքել այլևս ԱՄՆ մեջ Ցեղասպանության իրողությունը»,-պատմական ակնարկ կատարեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա նաև ասաց, թե ինչ կտա նախագահ Բայդենի ճանաչումը։

Մանրամասն՝ տեսանյութում․