կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 20:09
Արցախ

Փորձ է արվում ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունն ու պատկանելությունը. Արա Այվազյան

Փորձ է արվում ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունն ու պատկանելությունը. Արա Այվազյան

Հայաստանը կարևորում է Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե ինչ նպատակով է ստեղծվել Մշակութային դիվանագիտության հանձնաժողովը:

«Ներկայումս, առավել քան երբևէ կարևոր է մեր միջազգային համագործակցության զարգացումը, մեր ներգրավվածությունը միջազգային հանրությանը։ Այդ իմաստով մշակույթը՝ որպես փափուկ ուժի գործոն, շատ կարևոր դերակատարում ունի, և այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում մշակույթը մեր դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու ուղղությամբ»,- նշել է Այվազյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը՝  Այվազյանը նշեց, որ միջազգային ասպարեզում մշակույթի առաջ մղումը հանձնաժողովի առաջնային խնդիրն է:

«Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է։ Եվ դրա ոչնչացումը, պղծումը կամ կեղծումը պետք է խստագույնս կանխվի։ Ինչպես այս հարթակը, այնպես էլ մեր ամենօրյա շփումները միտված են այս խնդրի լուծմանը՝ միջազգային ջանքերի շնորհիվ:

Հայտնի է, որ Արցախի տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, տեղի է ունեցել լիակատար  հայաթափում։ Եվ այսօր  գործի է դրվել նաև մշակութային ժառանգության ոչնչացումը՝ փորձ անելով ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունն ու նրա պատկանելությունը »,- ասել է նա։