Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային 3 կազմակերպություն քննադատել է Բաքվին լրագրող Սևինջ Օսմանգըզըի նկատմամբ հետապնդման և սպառնալիքների համար. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Freedom House-ի հայտարարության մեջ նշվում է. «Ստիպել կին լրագրողին` դադարեցնել քննադատական ռեպորտաժները անձնական, ինտիմ լուսանկար տարածելու սպառնալիքով` համարվում է մարդու անձնական կյանքի անձեռնամխելիության, արժանապատվության և մտքերի ազատ արտահայտման կոպտագույն խախտում: Կառավարությունը պետք է անմիջապես դադարեցնի այդ պրակտիկան: Կին լրագրողները պետք է ունենան Ադրբեջանում առանց շանտաժի վտանգի աշխատելու հնարավորություն»,- նշել է Freedom House-ի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի ղեկավար Մարկ Բերենդտը:
Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) էլ, իր հերթին, պահանջել է իշխանությունից` հետաքննություն սկսել Սևինջ Օսմանգըզըի շանտաժի և հետապնդման վերաբերյալ, որն ուղղորդվում է իշխանամետ Real TV-ի կողմից: Այդ հեռուստաընկերությունը անհայտ աղբյուրներից ստացել է լրագրողի անձնական նամակագրության տվյալները: Ապրիլի 21-ին հեռուստաընկերության հաղորդավարը սպառնացել էր ուղիղ եթերում հրապարակել ինտիմ լուսանկարները, եթե լրագրողը չդադարեցնի իր օնլայն հաղորդումը և ներողություն չխնդրի:
«Լրագրողին լռեցնելու այս զզվելի փորձերը պետք է անմիջապես դադարեցվեն: Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն հանրային սպառնալիքներն ու հետապնդումները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»,- նշել է CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող Գուլնոզա Սաիդը:
Сrude Accountability խոսքի արտահայտման պաշտպանության կազմակերպությունը ևս դատապարտել է այս դեպքը և կոչ արել ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրների` պատժել Ադրբեջանի իշխանություններին:
Նախքան այս դեպքը` Օսմանգըզըն հաղորդումների շարք էր թողարկել, որում քննադատում էր երկրի նավթային սեկտորում կոռուպցիայի դեպքերըլ, ինչից հետո նրա նկատմամբ սկսվեց մեղադրական արշավ: Сrude Accountability-ն նշում է, որ հետապնդումների հրամանը եկել է իշխանական շրջանակների կողմից:
Նշենք, որ իշխանությունները նմանատիպ մեթոդներ կիրառել էին նաև Խադիջա Իսմայլովայի նկատմամբ, որին շանտաժի էին ենթարկում սեքս-վիդեոյի միջոցով, որը նկարվել էր թաքնված տեսախցիկով: Նպատակը իշխանության վերին շրջանակներում կոռուպցիոն հետաքննության դադարեցումն էր: