կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-04 18:44
Հասարակություն

9 կազմակերպություն որակավորվել են որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող կազմակերպություն

9 կազմակերպություն որակավորվել են որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող կազմակերպություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը: 

Նիստի ընթացքում քննարկվել են Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման նոր մոտեցումները և ընթացակարգերը, պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ և լսողական սարքեր տրամադրելու գործընթացը, արդյունքները:

 Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ հավաստագրերի տրամադրման գործընթացին հաջորդել է մրցակցային միջավայրի ձևավորումը: «9 կազմակերպություն արդեն որակավորվել են որպես ծառայություն մատուցող կազմակերպություն, ինչը նշանակում է, որ քաղաքացին իր հավաստագրով կարող է այցելել նշված ծառայություն մատուցող կազմակերպություններից որևէ մեկը, ձեռք բերել իր կարիքներին համապատասխան պարագաներ»,- ասել է նախարարը։

 Նրա խոսքով՝ ﬕնչ փոփոխությունները, գնուﬓերի գործընթաց կազմակերպելով հնարավոր չէր տարվա ընթացքում բոլոր այդպիսի կարիք ունեցողներին բավարարել իրենց համար անհրաժեշտ և համապատասխան տեսակներով։ «Պատճառները շատ պարզ էին՝ սահմանափակ էր տրամադրվող պարագաների թվաքանակը և դրանց՝ որևէ տեսակի սպառման դեպքում քաղաքացին պետք է ստանար այլ պայմաններին համապատասխանող սարք կամ սայլակ, կամ պետք է սպասեր»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ հաշմանդամությունունեցող անձը, եթե ավելի ցածր գնով կարողանա ձեռք բերել սայլակ, ապա կան բազմաթիվ օժանդակ պարագաներ, որոնք կտրվեն քաղաքացուն պարագայի գնումից հետո մնացած գումարի դիմաց:

 Դեկտեմբերի 4-ի դրությամբ հավաստագրերով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է 125 սայլակ և 202 լսողական սարք: 

 Բժշկասոցիալական փորձաքննության նոր մոտեցումների հետ կապված նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ կատարվում են որոշ փոփոխություններ՝ բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ կետերով:

Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունների արդյունքում անձի առողջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից, քանի որ, էստ էության,  վերացվում է թղթային տեղեկատվության փոխանակությունը:

Հաջորդ նորամուծությունը, Սմբատ Սաիյանի խոսքով, անձի առողջական վիճակի օգտաքարտի ինստիտուտի ներդրումն է, որում առկա է համապարփակ տեղեկատվություն այդ անձի առողջական վիճակի վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ անձն այլևս ստիպված չի լինի փաստաթղթերի մեծ տրցակ հավաքել: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականին:

 Ինչ վերաբերում է  հաշմանդամության երրորդ խմբի վերացման մասին լուրերին, նախարարի տեղակալը նշել է, որ նման փոփոխություն նախատեսված չէ: 

 Նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «DEAFSKILLS» ﬕջազգային ասոցիացիայի ﬕջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ուղղված է լսողական խնդիրներ ունեցող անձանց շրջանում մասնագիտական կրթության ծրագրերի գրավչության բարձրացման, նրանց մասնագիտական անկախության ձգտումը խթանելուն, մասնագիտական հմտությունները զարգացնելուն:

 «Քննարկելով համագործակցության հնարավոր արդյունքները, ﬔր երկրում լսողության խնդիր ունեցող անձանց առավել լավ ծառայություններ մատուցելու, նրանց հասարակություն ինտեգրելու տեսանկյունից գնահատել ենք, որ համագործակցությունը պետք է կայացնել։ Սա լրացուցիչ հարթակ ու հնարավորություն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվեն հասարակության լիարժեք կյանքին ներգրավելու պայմաններ։ Առաջին հերթին ուշադրություն կդարձվի զբաղվածությանը»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

 Նիստի ավարտին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կողմից «Հավասար հնարավորություններ» խորագրով մրցույթի հաղթողներին  տրվել են շնորհակալագրեր: