|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունները որակել է որպես երկրորդ ներխուժում. հայտնում է կիպրոսյան cyprus-mail.com կայքը:
Երեկ Կիպրոսի իշխանությունները դիմել են միջազգային ատյաններին` թուրքական «Ֆաթիհ» («Նվաճող») հորատող նավի անձնակազմին ձերբակալելու պահանջով: Թուրքիան հորատման աշխատանքներն իրականացնում է Կիպրոսի խոշոր նավահանգիստներից մեկից` Պաֆոսից 60 կմ հեռու: Անաստասիադիսը հայտարարել է, որ Անկարայի գործողություններն անհնարին են դարձրել կղզու վերամիավորման վերաբերյալ բանակցությունների վերսկսումը:
Նշենք, որ «Ֆաթիհ» նավը Կիպրոսի ջրերում է մայիսի 4-ի առավոտից: Թուրքիան հայտարարել է, որ գազի և նավթի հորատման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 3-ին:
«Սա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, կամ` կարող եմ ասել` երկրորդ ներխուժումն է: Ոչ ոք չի կարող խոսել խաղաղության մասին` գտնվելով սպառնալիքի տակ: Սա միայն սպառնալիք չէ, այլ արդեն միջազգային իրավունքի կոպտագույն որերորդ խախտումը»,– նշել է Անաստասիադիսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին արձագանքել է այս լարված իրադարձություններին: «Թուրքիայի և թուրք կիպրոսցիների օրինական իրավունքները Միջերկրական ծովի արևմտյան հատվածում էներգետիկ ռեսուրսների հարցում քննարկման ենթակա չեն: Մեր երկիրը լի է վճռականությամբ` պաշտպանել իր և թուրք կիպրոսցիների իրավունքները: Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ն կհարգի մեր իրավունքներն ու կաջակցի մեզ»,- ասել է նա:
Թուրքիայի քննադատությամբ են հանդես եկել ԵՄ-ն, Ռուսաստանը, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն: Թուրքիան, ի պատասխան ԱՄՆ-ի քննադատություններին, դրանք որակել է «իրականությունից կտրված»: