Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ ուրվագծելու բարեփոխումների այն համակարգը, որին պատրաստվում է գնալ երկիրը, մինչդեռ չկան բարեփոխումներ դատաիրավական, կրթական համակարգերում, այլ ընդամենը հայտարարություններ, թե իշխանություններն այլևս դատաիրավական համակարգի վրա ազդեցության որևէ մեթոդ չեն կիրառում, կամ` բռնում են դպրոցի տնօրենի, պահակի ձեռքից և համարում, որ կոռուպցիոն լուրջ դեպք են բացահայտել, բայց մի բան է հայտարարությունը, այլ բան՝ իրականությունը: Այս մասին լրագրողներին ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը:
«Եթե իրականում փորձում ենք կառուցել իրավական և ժողովրդավարական պետություն, ապա առաջին քայլը պետք է լիներ դատաիրավական համակարգում փոփոխությունները, որովհետև քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ բոլոր իրավունքները, որոնք կխախտվեն, վստահելի դատական համակարգի միջոցով կարելի է պաշտպանել: Ցավոք, այդ փոփոխությունները չկան և չեն էլ ուրվագծվում: Փոխարենն ունենք հայտարարություն, որ կա քաղաքական կամք՝ դատարաններին ցույց չտալու ուղղություն, բայց սրա կողքին կա ձայնագրություն, որում պաշտոնատար անձինք խոսում են դատավորների վրա ազդեցություն գործելուց: Ունենք հայտարարություն, որ կոռուպցիան արմատախիլ է արվել, բայց, դրան զուգահեռ, առաջին հակակոռուպցիոները համարվող անձին մեղադրանք է առաջադրվում և նրա դեմ քրեական գործ հարուցվում: Մթնոլորտի մասին առհասարակ չխոսենք, քանի որ մեկ տարվա ընթացքում հասարակությունն այնպես է սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանվել, որ նման մթնոլորտի պայմաններում դրական օրակարգ և զարգացում ակնկալելը տեղին չէ: Մարդը, որը բոլորին մեղադրում էր տարբեր հանցագործությունների մեջ, նման մթնոլորտի պայմաններում պաշտպանության կարիք ունի՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, որը ոչ միայն յուրայինների պարագայում պիտի գործի, այլև քաղաքական հակառակորդների: Եվ նման բազմաթիվ խնդիրներ, որոնք մեկ տարվա ընթացքում կա'մ շարունակվում են, կա'մ խորանում»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ «սպանելու», «մորթելու», «ասֆալտին փռելու» մթնոլորտը ոչ մի լավ բանի չի տանելու:
Հանդիպմանը ներկա` ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հավելեց՝ փոփոխություններ կան, բայց հետքայլի:
«ԱԺ-ն առաջնային մանդատ ունեցողի դերն ու նշանակությունը չի ներկայացնում, երկրորդ՝ ունենք 50.000 աշխատատեղի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կուզենայի, որ իմ երկրի վարչապետը դրսում խոսելիս այնպիսի հայտարարություններ աներ, որի արդյունքում մեր երկրում չսկսեին խժդժություններ, քանի որ սա դրսում տեսնում են»,-ընդգծեց նա:
Բանախոսներն անդրադարձան նաև Քաղաքացու օր ունենալու նպատակահարմարությանը: Էլինար Վարդանյանը նշեց՝ եթե իրականում քաղաքացու օրը ծառայեր քաղաքացի կրթելու նպատակին, ինքը կողմ կլիներ:
«Բայց մարդիկ, որոնք մեկ տարի առաջ փողով քվեարկության էին գնում, իսկ մեկ տարի հետո` ճանապարհ փակում, այդ մեկ տարվա ընթացքում նա քաղաքացի չդարձավ: Կամ՝ մարդը, որը ոտքով բացում է կառավարության դուռը, որովհետև դա արդեն իր կառավարությունն է, քաղաքացիական կեցվածք չէ բնավ: Կամ՝ եթե իրեն ստիպում են դիմում գրել և ինքը չի պայքարում իր իրավունքների համար, ամենևին չի խոսում քաղաքացիական գիտակցության մասին: Եվ նման բազմաթիվ օրինակներ կան՝ բանակում եղած մթնոլորտից սկսած, որը քաղաքացիական իրավագիտակցության մասին չի վկայում: Հետևաբար՝ եթե մենք, առանց քաղաքացի կրթելու, փողոցներում խորոված ենք անելով, քաղաքացու օր ենք նշելու, դեռ պահուստային ֆոնդից էլ մի կլորիկ գումար հատկացնելով, երբ շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք հնարավոր է օր առաջ լուծել, թեկուզ մեկ քաղաքացու համար, դա ընդունելի չէ: Առանց քաղաքացի ունենալու` քաղաքացու օր ենք նշում»,- նշեց Վարդանյանը:
Դաշնակցական գործիչն իր հերթին շեշտեց, որ չի տեսնում այն նպատակը, որի համար նման օր է նշվելու: «Իմ տեսածը սա է՝ դա արվում է, որ ամրագրվի Սերժ Սարգսյանի հրաժարականը և իրենց իշխանության գալու փաստը, բայց սա համարել կարևոր օ՞ր, միջացառո՞ւմ: Ստացվում է, որ սա կլինի նախադեպ, ու ամեն հաջորդ իշխանություն իր գալու օրը մի տոնական օ՞ր է հայտարարելու, օրացույցում տո՞ն է ավելացնելու: Ես լսեցի իմքայլական մի քանի պատգամավորի հարցազրույց, որում ասում էին, թե այդ օրը մոտենալու են քաղաքացիների խմբերին, փորձելու զրուցել, վերհանել նրանց խնդիրները: Դա պատգամավորի ամենօրյա գործառույթն է, որի դիմաց վճարվում է, հիմա նորից լրացուցիչ գումա՞ր ենք տալիս, որ պատգամավորն իր գործառույթը կատարի»,- նշեց Կյուրեղյանը: