Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջուլիան Ասանժը, որը սկանդալային գաղտնազերծված նյութերի հրապարակմամբ հայտնի WikiLeaks կայքի հիմնադիրն է, 7 տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանելուց հետո երեկ ձերբակալվել է տարածաշրջանային ոստիկանության կողմից` լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, անդրադառնալով իրողությանը, ասել է, որ «Ավստրալիայի քաղաքացիություն ունեցող Ասանժը հյուպատոսության մակարդակով աջակցություն կստանա, սակայն որևէ «առանձնահատուկ վերաբերմունքի» չի արժանանա»:
Միևնույն ժամանակ, երկրի արտաքին գործերի նախարար Մարիս Փայնը հայտարարել է, որ իրենք Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ են տվել չհամաձայնել Ասանժի արտահանձնմանը՝ այն պարագայում, եթե նա ԱՄՆ-ում մահապատժի է դատապարտվելու:
«Ավստրալիան միանշանակ դեմ է մահապատժին»,- շեշտել է ավստրալացի դիվանագետը՝ ընդգծելով, որ արտահանձնման հարցը որոշվում է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև:
Ասանժը դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է նաև, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, թե Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ-ին արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հրապարակման համար:
Այս պահին Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար:
Ի պատասխան նրա փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը հայտարարել է. «Այս ձերբակալությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում ազատ խոսքի իրավունքի համար պայքարող բոլոր ակտիվիստների համար»: