|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մեծ Բրիտանիայի իշխանությունները սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ կարտահանձնեն միայն այն դեպքում, եթե այդ երկրի կողմից երաշխավորագիր ստանան այն մասին, որ ձերբակալվածին մահապատիժ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Մահապատժի սպառնալիքի դեպքում քաղաքացու արտահանձնումն օրենքով արգելված է, ինչպես նաև արգելված է այն դեպքում, երբ կողմերի միջև պաշտոնական համաձայնություն չկա առ այն, որ արտահանձնվածը կդատվի միայն արտահանձնման հարցման պատճառ հանդիսացած մեղադրանքի համար»,- նշված է Բրիտանիայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ջուլիան Ասանժը ձերբակալվել էր երեկ Լոնդոնում: Նա մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հրապարակման մեջ:
2012-ից Ասանժն ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անցկացրել է 7 տարի:
Հավելենք նաև, որ 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն պատճառը չի նշվում` գաղտնիությունից ելնելով: