Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իմ կարծիքով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեծ աղմուկով ձերբակալումն է պատճառը, որ հիմնադրամը վարկաբեկվեց և «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված գումարը կազմեց 9.8 մլն դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2006 թվականից ի վեր. ըստ Yerkir.am-ի` այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակության այս տարվա արդյունքին:
«Դրանով ցույց տվեցինք աշխարհին, որ ձեր փոխանցած գումարները այստեղ նաև «ուտում» են: Դա ազդեց հիմնադրամի հեղինակության վրա, քանի որ համահայկական հիմնադրամը մեր ազգի միասնականության, միավորման ատրիբուտներից մեկն էր, նպատակն էր հավաքել ազգին մեկ գաղափարի շուրջ և պետք էր այդտեղ շատ զգույշ վարվել: Ես չեմ ասում, որ պետք է հանցանքը թաքցնել, ուղղակի պետք չէր այդ աստիճանի աղմուկ հանել, որը կվարկաբեկեր հիմնադրամը»,-ասաց Արմեն Գրիգորյանը և նշեց, որ հիմնադրամը պետք է առանձնացնել նախորդ տնօրենի վարքագծից:
Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ եթե ավելի շատ գումար հավաքվեր քան նախորդ տարի, ապա իշխանության ներկայացուցիչները կթմբկահարեին, որ սա իշխանության բարձր վստահության արդյունք է:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին Արա Վարդանյանին մեղադրանքը փոխվել էր և նա կալանավորվել էր՝ հիմնադրամի գումարներից ավելի քան 146 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով։