կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 12:27
Իրավական

Քրեական դատավարության օրենսգիրքը գործ հարուցելու, ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին. ՄԻՊ

Քրեական դատավարության օրենսգիրքը գործ հարուցելու, ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեռևս չի հասցրել ծանոթանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ տարածած այն հայտարարությանը, ըստ որի` իր անձնական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

«Քրեական դատավարության օրենսգիրքն ունի հստակ շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակում ով ինչ հանձնարարություններ կարող է տալ։ Բայց կոնկրետ դեպքին ծանոթ չեմ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, ապա Թաթոյանը շեշտեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը գործ հարուցելու, ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին և ոչ` վարչապետին: Նա միաժամանակ չբացառեց, որ Փաշինյանը ցուցում տալն այլ իմաստով է ասել։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել: «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- գրել էր նա։