կարևոր
415 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-18 13:37
Հասարակություն

Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան

Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան

Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին՝ նշելով, որ ձերբակալությունից 15 ամիս անց հայ քաղբանտարկյալները կանգնել  են ռազմական դատարանի առաջ՝ «ահաբեկչության», «անջատողականության» և «ռազմական հանցագործությունների» մեղադրանքներով։

Պարբերականը զրուցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերի հետ, որն արդեն իսկ մեծաթիվ խախտումներ  է մատնանշել։

Le Figaro -ն գրում է, որ «ազգային անվտանգության» անվան տակ ամենայն գաղտնիության պայմաններում անցկացված այս նախնական դատական նիստին ոչ մի լրագրող, հասարակական կազմակերպություն կամ ընտանիքի անդամ ներկա գտնվելու հնարավորություն չի ստացել: Նրանք դժգոհությամբ արձանագրում են, որ մեղադրյալները կանգնում են ռազմական դատարանի առաջ, մինչդեռ նրանցից մի քանիսը երբեք համազգեստ չի կրել։ Վերջապես, նրանք մտահոգված են ադրբեջանական դատական համակարգի անկախության և անկողմնակալության բացակայությամբ, հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ Freedom House հասարակական կազմակերպությունը 2023 թվականին նախազգուշացրել էր դատական համակարգի նկատմամբ ադրբեջանական վարչակարգի սահմանած «ամբողջական վերահսկողության» մասին:

Մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, որը ներկայացնում է Ռուբեն Վարդանյանի շահերը, արձանագրում է, որ մինչև դատավարությունն սկսվելն արդեն իսկ  արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ՝ միջազգային իրավական նորմերի կոպտագույն ոտնահարումով: Վարդանյանի փաստաբանը կարողացել է հասանելիություն ստանալ իր պաշտպանյալի գործին դատավարության մեկնարկից միայն մեկ շաբաթ առաջ: «Իշխանությունները դա հիմնավորել են՝ վկայակոչելով պետական գաղտնիքը»,- պարզաբանել է նա։

Պարբերականը նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու նպատակով Ռուսաստանից ժամանած բարերար Ռուբեն Վարդանյանը 2022 և 2023 թվականներին Արցախում ծավալած գործունեությամբ միջազգային լրատվամիջոցների ուշադրությանն արժանանալու պատճառով հայտնվել է Բաքվի թիրախում։ «Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում»,- մատնանշում է նրա փաստաբանը։

Թափանցիկության տոտալ բացակայության պայմաններում 15 ամիս կալանքից հետո Ռուբեն Վարդանյանի հարազատները նշում են, որ «մեծապես անհանգստացած են նրա առողջության համար»: Ընտանիքը նրա մասին որոշ տեղեկություններ է ստացել միայն Կարմիր խաչի միջնորդությամբ իրականացված մի քանի հեռախոսազանգերի ընթացքում: Չի թույլատրվել տեսակցել ձերբակալվածին, ընդ որում՝ դա արգելվել է նույնիսկ փաստաբանին, որին ևս չեն թույլատրել այցելել իր պաշտպանյալին։

Փաստաբան Ջարեդ Գենսերի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները հենց այս քաղաքական դատավարության միջոցով «ցանկանում են վերջնականապես քանդել այն ամենը, ինչ մնացել է Արցախի նախկին Հանրապետության մարմիններից՝ նպատակ ունենալով ջնջել նրա գոյության բոլոր հետքերը»։

Պարբերականը հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը քվեարկությամբ վավերացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, այդ տարածքի ժողովրդի օրինական ներկայացուցիչների անհիմն կալանավորումը դատապարտող և նրանց անհապաղ ազատ արձակումը պահանջող բանաձևը։